18:05 22 հունիսի, 2026Արդեն տևական ժամանակ է, ինչ Հովհաննես Դավթյանը հիմնել է «HD Arena» թատրոնը, որտեղ էլ բեմադրում և ներկայացնում է իր stand-up ծրագրերը։
NEWS.am STYLE-ն օրերս ներկա էր գտնվել «ԻմPROվիզ» stand-up ներկայացմանը։ Մեզ հետ զրույցում Հովհաննեսը նշեց, որ սեփական թատրոն ունենալը եղել է իր գլխավոր նպատակներից մեկը, ավելին՝ դա համարում է իր առաքելությունը։
«Թատրոն ունենալու գաղափարը չեմ կարող կապել որևէ կոնկրետ շրջանի հետ։ Առհասարակ, փոքրուց եմ սիրել թատրոնը։ Բարեբախտաբար կան լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք ապացուցում են դա։ Յոթ-ութ տարեկանում նույնիսկ տանը հարևաններին էի հավաքում, տոմսեր էի տպում, ներկայացումներ բեմադրում ու նրանց ուրախացնում։ Մանկուց է եղել այս սերը դեպի թատրոնը, բեմը և հատկապես հումորային ժանրը։

Հետո սովորեցի Թատերական ինստիտուտում, աշխատեցի Սունդուկյանի թատրոնում, ավելի խորացա մասնագիտության մեջ, դարձա պրոֆեսիոնալ, և այդ ընթացքում միշտ կար սեփական թատրոն ունենալու ցանկությունը։ Չեմ կարծում, որ յուրաքանչյուր դերասան ունի այդպիսի նպատակ, որովհետև դերասանների ճանապարհները տարբեր են։ Շատերը պարզապես աշխատում են թատրոններում, զբաղված են խաղացանկային ներկայացումներով։
Ինձ համար, սակայն, սեփական թատրոն ունենալը նաև գործնական անհրաժեշտություն էր, որովհետև շատ եմ խաղում տարբեր բեմերում, և հաճախ առաջանում էին օրերի ու ժամերի հետ կապված անհարմարություններ։ Սեփական դահլիճ ունենալը, բացի այն վեհ գաղափարից, որ մշակութային օջախ ես ստեղծում, նաև տեխնիկական առումով է հարմար. քո ուզած բեմն է, քո լույսը, քո ձայնը, քո հարմարավետությունը։ Կարող ես խաղալ այն օրերին և այն հաճախականությամբ, ինչպես ցանկանում ես՝ բավարարելով հանդիսատեսի ներկայացումները դիտելու և ծիծաղելու ցանկությունը»։
Հովհաննեսի խոսքով՝ անկախ նրանից, որ այժմ ունի սեփական թատրոնը, ներկայացումների որակը և իր վերաբերմունքն աշխատանքի նկատմամբ չեն փոխվել։
«Շատ հաճելի զգացողություն է հանդիսատեսին արդեն քո հարկի տակ ընդունելը։ Ներկայացումների որակի, դրանք խաղալու սիրո և էնտուզիազմի առումով ոչինչ չի փոխվել։ Նույն սիրով, նույն էներգիայով և մեծ հաճույքով եմ խաղում։

Փոխվել է միայն այն, որ նախկինում տարբեր թատրոններ ու դահլիճներ էինք վարձակալում և հանդիսատեսին հրավիրում այնտեղ, իսկ հիմա մարդկանց հրավիրում ենք մեր տուն։ Տան տիրոջ իրավունքով նրանց ավելի ջերմ ենք ընդունում, ավելի շատ հնարավորություններ ունենք հյուրասիրելու, մեր սրճարանի միջոցով հաճելի միջավայր ստեղծելու, երաժշտությամբ ու ընդհանուր մթնոլորտով նրանց լավ տրամադրություն փոխանցելու։ Արդյունքում՝ մեր հանդիպումներն այստեղ շատ ավելի ընտանեկան, մտերմիկ ու ջերմ են ստացվում, քան նախկինում»։
Դերասանի խոսքով՝ ներկայացումներից հետո հաճախ ժամանակ է հատկացնում նաև հանդիսատեսի հետ շփվելուն։
«Իհարկե, նրանց հետ, ովքեր մնում են, սպասում են, ցանկանում են շփվել կամ լուսանկարվել, մեծ սիրով դա անում եմ ամեն անգամ՝ որքան էլ հոգնած լինեմ։ Դա ինձ համար մեծ պատիվ է։ Առավել ուրախ եմ, որ ավագ սերնդի ներկայացուցիչները, անկախ տարիքից, առողջական վիճակից կամ դժվարություններից, գալիս են, որպեսզի կենդանի տեսնեն իմ խաղը և շփվեն ինձ հետ։
Տարբեր տարիների խաղացել եմ գրեթե բոլոր թատրոններում, և գրեթե բոլոր աշխատակիցները նույն բանն են ասում՝ քո հանդիսատեսը տարբերվում է։ Երբ հարցնում եմ՝ ինչո՞վ, պատասխանում են՝ կիրթ է։ Դա ինձ շատ է ուրախացնում։ Սա անձամբ ինձ ուղղված գովասանք չէ, այլ իմ հանդիսատեսին, բայց դա, միևնույն է, անմիջականորեն ինձ էլ է վերաբերում։ Շատ շնորհակալ եմ, որ ինձ բաժին է հասել ավելի կիրթ, գիտակից, բանական և ադեկվատ հանդիսատես»։
Դերասանը չի թաքցնում, որ շարունակում է երազել սեփական տարածք ունենալու մասին, սակայն այս փուլում արդեն իսկ գնահատում է իր գրանցած հաջողությունը։
«Մեծ ներդրումներ եմ արել՝ բացառապես սեփական միջոցներով, առանց հովանավորների կամ որևէ մեկին դիմելու։
Ամբողջ տարածքը, մեր դեպքում՝ հարկը, վերանորոգել եմ, թեև այն վարձակալում եմ։ Հեշտ չէր, բայց, փառք Աստծո, պարտքով չեմ արել և չեմ զղջում ներդրած գումարի համար։ Ինձ համար առաջնայինը գործունեությունս ընդլայնելն ու նոր նախագծեր իրականացնելն է։ Եղել են նախագծեր, որոնք իրականացրել եմ առանց որևէ ակնկալիքի, պարզապես որովհետև գիտեմ՝ մարդիկ նայելու և ծիծաղելու են։
Իմ միակ ֆինանսական աղբյուրը ներկայացումներն են, և հենց դրանց շնորհիվ պետք է իրականացնեմ հաջորդ նպատակս՝ սեփական թատրոն ունենալը։ Խոսքը ոչ թե վարձակալության, այլ սեփական տարածքի մասին է, որն ունենալու է այգի, կայանատեղի և մեր պատկերացրած բոլոր բեմական լուծումները»։
Անդրադառնալով «ԻմPROվիզ» ներկայացմանը՝ դերասանը նշում է, որ այն ևս հիմնված է առօրյա կյանքի թեմաների վրա։
«Ներկայացումը մեր առօրյայի, սոցիալական խնդիրների, մեր ժողովրդի լավ ու վատ կողմերի, հետաքրքիր ու զվարճալի առանձնահատկությունների մասին է։ Գլխավոր գաղափարն այն է, որ կյանքում ամեն ինչ իմպրովիզ է։ Ամեն առավոտ արթնանում ես և չգիտես՝ ինչ է սպասվում քեզ, ինչ փորձությունների, հաճելի կամ տհաճ անակնկալների միջով ես անցնելու։ Հենց դրանով էլ կյանքը հետաքրքիր է։
Եթե նախապես իմանայիր՝ ինչ է լինելու քո կյանքում, երբ է հաջողություն ունենալու, երբ՝ փորձանք, երբ ինչի ես հասնելու, անգամ երբ ես մահանալու, կյանքը կդառնար անհետաքրքիր։
Վերջերս սկսել եմ ուրիշ կերպ վերաբերվել նաև արևին։ Առաջ նեղվում էի, երբ արևի ճառագայթներն ընկնում էին դեմքիս, իսկ հիմա այն ընկալում եմ որպես Աստծո պարգև։ Ամեն օր պետք է ժպտալ արևին, շնորհակալ լինել նոր լուսաբացի համար, որ ապրում ես, շնչում ես, տեսնում ու լսում ես։»։
Հարցին, թե իր ներկայացումների կերպարներն իրական են, Հովհաննես Դավթյանը պատասխանում է, որ դրանք հիմնականում վերցված են իրական կյանքից։
«Ոչինչ չենք ուռճացնում, չենք չափազանցում, չենք հորինում։ Երբեմն պատմությունները կապված են իմ, երբեմն՝ ընկերների, բարեկամների կամ ծանոթների հետ։ Կարող ենք փոքր գեղարվեստական փոփոխություններ անել, որպեսզի պատմությունն ավելի հետաքրքիր կամ ավելի ծիծաղելի դառնա, բայց դրանք շատ փոքր շտկումներ են։ Պատմության սյուժեն և էությունը գրեթե չեն փոխվում։ Դրանք հիմնականում իրական դեպքեր են»։
Հովհաննես Դավթյանը դեռ չի կարող ասել, թե որքան երկար «ԻմPROվիզը» կմնա խաղացանկում, սակայն արդեն ծրագրում է հյուրախաղեր նաև Հայաստանի սահմաններից դուրս։
«Մեր փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր նոր ներկայացում դիտում է շուրջ 10 հազար հանդիսատես։ Մեր դահլիճը շուրջ 400 տեղանոց է, հավանաբար, յուրաքանչյուր ներկայացում կխաղանք մոտ 20-25 անգամ։
Նոյեմբերին ցանկանում ենք «ԻմPROվիզը» ներկայացնել ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսի հայ հանդիսատեսին։ Հնարավոր է՝ նաև ներկայացումներ լինեն Մոսկվայում և Եվրոպայում: Այս պահին հստակ է միայն Միացյալ Նահանգների հյուրախաղը։ Ժամանակ է պետք, որովհետև շատ զբաղված ենք, բայց արդեն ակտիվ աշխատում ենք, որպեսզի նոյեմբերին «ԻմPROվիզը» ներկայացնենք ԱՄՆ-ում»։
Սյունե Առաքելյան