«Սիմֆոնիկ ճամփորդություն»․ դասական երաժշտության գլուխգործոցները՝ մեկ երեկոյի ընթացքում

16:30   26 հունիսի, 2026

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուլիսի 1-ին և 2-ին բոլորին հրավիրում է յուրատեսակ սիմֆոնիկ ճամփորդության։ Մեկ երեկոյի ընթացքում նվագախմբի կատարմամբ կհնչեն դասական երաժշտության ամենահայտնի գլուխգործոցները՝ Չայկովսկու «Կարապի լճից» ու Բիզեի «Կարմենից» մինչև Բրամսի «Հունգարական պար» և Պրոկոֆևի «Մոնտեկներն ու Կապուլետները»։ Համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։ Այս ձևաչափի առանձնահատկության մասին զրուցել ենք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանի հետ։  

06ad2c40-09bc-4373-ae66-34177b4f3f28.jpeg (93 KB)

«Սիմֆոնիկ ճամփորդություն» խորագրով համերգն անցկացվում է արդեն 3-րդ անգամ․ ինչո՞վ է առանձնանում այս ձևաչափը։

«Սիմֆոնիկ ճամփորդություն» համերգը մենք իրականացնում ենք մեր այն ունկնդիրների համար, ովքեր սիրում են դասական հայտնի ստեղծագործությունները, դասական երաժշտության գլուխգործոցները, և շատ հետաքրքիր կլինի այդ բոլոր ստեղծագործությունները տեսնել մեկ բեմում։ Մենք մեծ հաջողությամբ իրականացրինք այն առաջին անգամ նախորդ տարի,  և շատ ուրախ եմ, որ, հաշվի առնելով արձագանքները, մենք կարողանում ենք կրկնել ծրագիրը։ Բայց պետք է նշեմ, որ այս անգամ ամբողջությամբ նոր ծրագիր է, նոր կոմպոզիտորներ, նոր ստեղծագործություններ, և մեր ունկնդրին, իսկապես, շատ հետաքրքիր սիմֆոնիկ ճամփորդություն է սպասվում։ 

Ո՞ր կոմպոզիտորներն են այս անգամ ներառված ծրագրում, և ի՞նչ հայտնի գործեր են հնչելու։ 

Ընտրվել են այն ստեղծագործությունները, որոնք, ըստ մեր հարցումների, ամենաշատն են սիրում մեր երիտասարդ ունկնդիրները։ Եվ շատ ուրախ եմ, որ կարողացանք այս բոլոր ստեղծագործությունները մեկտեղել մեկ ծրագրում՝ սկսած Մոցարտից, Չայկովսկուց մինչև այնպիսի ստեղծագործություններ, որոնք գուցե բոլորս ճանաչում ենք, բայց այդ ստեղծագործությունների անունները դժվար կարողանանք հիշել, թեև միանշանակ հիշում ենք մեղեդին։ Եվ այս խոսք-համերգ ձևաչափում մենք ներկայացնում ենք հենց այդ ստեղծագործությունների մասին հետաքրքիր փաստեր, որը շատ հետաքրքիր կլինի բոլոր տարիքի մեր ունկնդիրների համար։ 

7214767f-893a-4115-896a-28914a499596.jpeg (82 KB)

Համերգը, փաստորեն, նախատեսված է թե դասական երաժշտության սիրահարների համար, թե մարդկանց համար, ովքեր առաջին անգամ կարող են բացահայտել այս աշխարհը։ Ի՞նչ արձագանքներ կան նախորդ համերգներից։

Այո, մենք հրաշալի արձագանքներ ունենք նախորդ համերգներից, որոնք sold-outէին, ինչն էլ հենց նշանակում է, որ իսկապես դասական երաժշտությունը գնալով ավելի հանրամատչելի է դառնում մեր երկրում, ավելի շատ երիտասարդներ և ոչ միայն սկսում են հաճախել դասական երաժշտության համերգներին, որը մեր նվագախմբի առաքելություններից մեկն է՝ երիտասարդացնել և տարածել դասական երաժշտությունը շատ ունկնդիրների շրջանում։ Մենք բազմաթիվ նամակներ ենք ստանում մեր ունկնդիրներից, ովքեր ցանկանում են մեր նվագախմբի կատարմամբ լսել այս կամ այն ստեղծագործությունը. դա կլինի Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ»-ը, Պիետրո Մասկանիի «Ինտերմեցցո»-ն կամ Մոցարտի Դաշնամուրի 21 կոնցերտը։ Եվ շատ ուրախ եմ, որ այս բոլոր ստեղծագործությունները համատեղել ենք մեկ համերգային ծրագրում։ Այնպես որ բոլորին սիրով սպասում ենք հուլիսի 1-ին և 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

3fc820f0-4be1-4eb6-9277-5933793e97e3.jpeg (82 KB)



© NEWS.am STYLE