Էդգար Մարտիրոսյանն «Օսկար 2014»-ին հայկական պիցցան առաքելու համար 1.000 դոլար թեյավճար է ստացել

13:32   4 մարտի, 2014

«Օսկար 2014» մրցանակաբաշխության ժամանակ հայկական Big Mama's & Papa's ցանցի պիցցայի առաքումը մինչեւ հիմա համացանցում քննարկվում է ավելի շատ, քան հոլիվուդյան աստղերի զգեստները:

Միջոցառման վարող Էլեն Դեջեներեսը մրցանակների հանձնման արարաղությունից առաջ պիցցա էր պատվիրել եւ այն առաքող երիտասարդի հետ դահլիճում բաժանել Հոլիվուդի աստղերին: Մեկ օր անց Էլեն Դեջեներեսը առաքիչին հրավիրել է իր շոուին:

Պարզվել է՝ նա Էդգար Մարտիրոսյանն է, ով պարզապես առաքիչ չէ, այլ Big Mama's & Papa's ցանցի Հոլիվուդի մասնաճյուղերից մեկի սեփականատերը: Բացի այդ, պարզվել է, որ Էլենն Էդգարին պիցցան բերելու համար 1.000 դոլար թեյավճար է տվել:

Պիցցան բաժանելիս Էլենը գլխարկի մեջ աստղերից թեյավճար է հավաքել: 600 դոլար է հավաքվել, սակայն Դեջեներեսը համարել է, որ այդ քիչ է եւ իր շոուի ժամանակ եւս 400 դոլար ավելացրել է: Էդգար Մարտիրոսյանն իր հերթին պատմել է, որ չէին զգուշացրել, թե ուր պետք է տանի պիցցան, եւ պարզապես ցնցված է եղել, երբ իրեն բեմ են բարձրացրել:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AP-ի, Invision-ի



© NEWS.am STYLE