«HI AREV»-ը հիշեցնում է՝ «Հայաստանն է մեր տունը»

14:24   1 հուլիսի, 2026

Բազմաժանր երգացանկով, պրոֆեսիոնալիզմով, գունեղ տեսահոլովակներով և բեմական ներկայանալի կերպարով «HI AREV» անսամբլը տարիներ շարունակ արժանանում է հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու մասնագետների բարձր գնահատանքին։ Հայաստանի և արտերկրի տարբեր բեմերում ձեռք բերած փորձն այս անգամ ամբողջացավ նոր ստեղծագործական ձևաչափով։ Հունիսի 26-ին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում անսամբլը ներկայացրեց «Հայաստանն է մեր տունը» երաժշտաթատերական ներկայացումը՝ երաժշտությունը համադրելով թատերական արվեստի հետ։

17aad442-19e4-4d39-884a-65b1656cebfa.jpeg (204 KB)

Հին ու նոր երգերի ընտրանին ներկայացման մեջ միահյուսվել էր մեկ գաղափարի շուրջ՝ հիշեցնելով հայրենիք վերադառնալու կարևորության, ընտանիքի, հարազատ տան և արմատներին հավատարիմ մնալու մասին։ Յուրաքանչյուր կատարում ոչ միայն հարստացնում էր բեմադրությունը, այլև հանդիսատեսին փոխանցում հայրենիքի հանդեպ սիրո, հույսի և հավատքի պատգամը։

cf7b4b39-4e11-4583-9374-dff4448cdf8d.jpeg (178 KB)

Ներկայացման կայացման գործում ուրույն դերակատարում ունեն անսամբլի գեղարվեստական ղեկավար Թագուհի Գևորգյանը, բեմադրիչ Հրիկ Չիչակյանը, վոկալի մասնագետ՝ Եվա Աբրահամյանը և պարուսույց՝ Շահանե Վարդանյանը։

e1547cef-56dd-4233-a789-ac9e39e37616.jpeg (236 KB)

Գեղարվեստական ղեկավար Թ. Գևորգյանի համոզմամբ՝ հենց արվեստի և մշակույթի միջոցով է հնարավոր դաստիարակել բարեկիրթ, ազգային արժեքներին հավատարիմ և հայրենասեր սերունդ, որը կգնահատի իր արմատներն ու իր կյանքում կկրի ներկայացման գլխավոր ուղերձը՝ «Հայաստանն է մեր տունը»։

Հրայր Աբրահամյան



© NEWS.am STYLE