14:19 2 հուլիսի, 2026Կանադան առաջին անգամ կմասնակցի Եվրատեսիլ երգի մրցույթին 2027 թվականին։
Այն կլինի առաջին նոր երկիրը, որը կմասնակցի 2015 թվականին Ավստրալիայի միանալուց հետո։ Սա տեղի է ունեցել անհանգիստ տարում. BBC-ի հաղորդմամբ՝ մի քանի մշտական մասնակիցներ, այդ թվում՝ Իռլանդիան և Իսպանիան, բոյկոտել էին շոուն Իսրայելի մասնակցության պատճառով։
Կանադայի ճանապարհը դեպի մրցույթ բացվել է անցյալ շաբաթ, երբ կանադական հանրային հեռարձակող CBC/Radio-Canada-ն դարձել է Եվրոպական հեռարձակողների միության (EBU) լիիրավ անդամ, որը կազմակերպում է ամենամյա փառատոնը։
Կանադան արդեն մեկ հաղթանակ ունի։ Քվեբեկում ծնված Սելին Դիոնը ներկայացրել է Շվեյցարիան 1988 թվականի մրցույթում և նվաճել է գլխավոր գավաթը «Ne Partez Pas Sans Moi» երգով։ Այդ ժամանակվանից ի վեր Եվրատեսիլի բեմում հայտնվել են նաև այլ կանադացի կատարողներ.
Նատաշա Սեն-Պիերը (Նյու Բրանսուիկի ֆրանսախոս շրջանից) ներկայացրել է Ֆրանսիան 2001 թվականին։
Լա Զարան (Մոնրեալից երգչուհի) նույնպես ներկայացրել է Ֆրանսիան 2023 թվականին։
Կազմակերպիչների խոսքով՝ Կանադան կմասնակցի հաջորդ տարվա կիսաեզրափակչին, որը կկայանա Բուլղարիայում։ CBC/Radio-Canada-ն խոստանում է բացահայտել մանրամասներ այն մասին, թե ինչպես է անցկացվելու Կանադայի ազգային ընտրությունը այս տարի։
Ֆնանսական աջակցություն և EBU–ի կանոններ
Կանադան ամենևին էլ առաջին ոչ եվրոպական երկիրը չէ, որին թույլատրվել է մասնակցել երաժշտական մրցույթին։ Իսրայելը և Ավստրալիան պարբերաբար մասնակցում են, իսկ 1980 թվականին բեմ բարձրացավ Մարոկկոյի ներկայացուցիչը։
Եվրատեսիլի կանոնների համաձայն՝ այն երկրները, որոնց հեռարձակողները EBU-ի անդամ են, իրավունք ունեն մասնակցելու մրցույթին։ Մինչև վերջերս CBC-ն ուներ միայն ասոցացված անդամի կարգավիճակ։ «Կանադայի ձայնը մեր համայնքում մեզ միայն ավելի ուժեղ կդարձնի», - մեկնաբանել է EBU-ի գլխավոր տնօրեն Նոել Քուրանը։
Կվերադառնա՞ն բոյկոտող երկրները
Անհասկանալի է մնում, թե արդյոք 2026 թվականի մրցույթը բոյկոտած երկրները կմասնակցե՞ն հաջորդ տարի: Իռլանդիան, Իսլանդիան, Նիդեռլանդները, Սլովենիան և Իսպանիան դուրս են մնացել EBU-ի՝ Իսրայելին ընդունելու որոշման պատճառով։
2026 թվականի մրցույթի հաղթողը բուլղարացի փոփ աստղ Դարան էր՝ «Բանգարանգա» երգով: Նրա հաղթանակի շնորհիվ Եվրատեսիլ 2027-ը կանցկացվի Սոֆիայում։