Աստղային հյուրեր, մրցանակակիր ֆիլմեր՝ սպասված կինոտոնին․ ինչով է զարմացնելու «Ոսկե ծիրան 2026»-ը

18:13   3 հուլիսի, 2026

Հուլիսի 12-19-ը Երևանը կրկին կվերածվի կինոյի մայրաքաղաքի. մեկնարկում է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը, որն այս տարի ևս խոստանում է ոչ միայն բարձրակարգ կինո, այլև համաշխարհային կինոաշխարհի հայտնի դեմքերի այցեր, բացառիկ հանդիպումներ և հիշարժան պրեմիերաներ։

Թեև փառատոնը պաշտոնապես կմեկնարկի հուլիսի 12-ին, հանդիսավոր բացման և կարմիր գորգի արարողությունը կկայանա հուլիսի 13-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Բացման ֆիլմը կլինի «Արտոյի երկիրը», որի ռեժիսորը Թամարա Ստեփանյանն է։ Ֆիլմն արդեն հասցրել է ուշադրության կենտրոնում հայտնվել՝ դառնալով այս տարվա «Անահիտ» մրցանակաբաշխության ամենաշատ՝ չորս անվանակարգերում առաջադրված աշխատանքը։

Այս տարի «Ոսկե ծիրանը» կրկին Երևան կբերի աշխարհի հեղինակավոր կինոփառատոններում՝ Կաննի կինոփառատոնում, Բեռլինի միջազգային կինոփառատոնում և այլ միջազգային հարթակներում ներկայացված ֆիլմերը՝ հայ հանդիսատեսին հնարավորություն տալով դրանք դիտել մեծ էկրանին։

«Երբ հարցնում էին՝ ինչի՞ համար է պետք փառատոնը, եթե կինո չունենք, ես միշտ պատասխանում էի՝ փառատոնը պետք է, որպեսզի ունենանք կինո»,- ասուլիսի ժամանակ ասաց փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը՝ ընդգծելով, որ ավելի քան երկու տասնամյակի ընթացքում «Ոսկե ծիրանը» դարձել է տարածաշրջանի կարևորագույն մշակութային իրադարձություններից մեկը։

Փառատոնը նաև նոր միջազգային համագործակցությունների մեկնարկ է տալիս։ Տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը հայտարարեց, որ մեկնարկել է համագործակցությունը Կաննի կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի և Next Step հարթակի հետ։ Ավելին՝ հաջորդ տարի Հայաստանը կլինի ծրագրի ֆոկուս երկիրը, ինչը նոր հնարավորություններ կբացի հայ կինոգործիչների համար։

Իսկ եթե սիրում եք հանդիպել կինոյի հայտնի դեմքերին, այս տարվա հյուրերի ցանկը հաստատ չի հիասթափեցնի։ Երևան կժամանեն ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանը, որի մասնակցությամբ ստեղծված «Մեղսավորները» ֆիլմն արժանացել է չորս «Օսկարի», ինչպես նաև օպերատորական արվեստի լեգենդ, վեց անգամ «Օսկարի» առաջադրված Բրյունո Դելբոնելը։

Տարածաշրջանային մրցույթի ժյուրին կգլխավորի իրանցի օպերատոր Մահմուդ Քալարիը, իսկ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահը կլինի ավստրիացի ռեժիսոր Ջեսիկա Հաուսները։ Ժյուրիի կազմում ընդգրկված են նաև կինոպատմաբան Մարկ Քազընսը, արգենտինացի դերասան Նաուել Պերես Բիսկայարտը, կանադացի կինոհամադրող Մարկ Պերանսոնը և գերմանա-թուրքական թատերական գործիչ Շերմին Լանգհոֆը։

Մեկ շաբաթ շարունակ Երևանը կապրի կինոյի ռիթմով՝ պրեմիերաներ, վարպետության դասեր, քննարկումներ, միջազգային հյուրեր և, իհարկե, կարմիր գորգի ամենասպասված պահերը։ Կինոսերներն այս ամառ էլ հաստատ շոգին կդիմադրեն որակյալ կինոյոֆիտման օգնությամբ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE