10:15 5 հուլիսի, 2026Նոր աստղային սիրավեպ, որի գլխավոր հերոսները հայկական շոուբիզնեսի դիվա Իվետա Մուկուչյանն ու բրազիլացի հանրահայտ պրոդյուսեր Ռոշան են:

Ռոշան Իվետայի հետ համագործակցել է երգչուհու «Who Am I» նոր ալբոմի ստեղծման շուրջ, որի շնորհանդեսը տեղի ունեցավ մայիսի 30-ին։ Երևանում կայացած միջոցառմանը նա ոչ միայն ելույթ ունեցավ Իվետայի հետ, այլև տեսախցիկների առջև չէր թաքցնում ջերմ վերաբերմունքը երգչուհու նկատմամբ։

Այդ օրվանից սկսած Իվետայի ինստապատմություններում ևս մտերմիկ հրապարակումներ էին հայտնվում աստղային պրոդյուսերի հետ, բայց կարծես՝ բոլոր հարցերի պատասխանը տվել է հենց Ռոշան։ Երաժիշտը Instagram-ում հրապարակել է Իվետայի հետ լուսանկարների շարք, որտեղ նրանք երևում են գրկախառնված, իսկ մի քանի կադրերում նույնիսկ համբուրվում են։ Լուսանկարներին կից նա գրել է. «Summer full one love» («Ամառ՝ լի սիրով»)՝ գրառումն ուղեկցելով կարմիր սրտիկով։

Մեկնաբանությունների բաժնում հետևորդները չեն թաքցրել իրենց ոգևորությունը։ «Ինչ գեղեցիկ զույգ եք», «Սիրում եմ այս զույգին», «Փեսա ջան»՝ նման մեկնաբանություններով օգտատերերը հեղեղել են հրապարակումը։


Հավելենք, որ Ռոշան միջազգային ճանաչում ունեցող երաժիշտ և պրոդյուսեր է, որը համագործակցել է համաշխարհային աստղերի, այդ թվում՝ Ռիկի Մարտինի և Սթիվի Ուանդերի հետ։
Թեև Իվետա Մուկուչյանն ու Ռոշան դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել իրենց հարաբերությունների բնույթը, նրանց վերջին հրապարակումները երկրպագուների համար, կարծես, բավական խոսուն ակնարկ են։