Արտաշես Ալեքսանյան. կյանքից հեռացավ Արտիստը, որի սիրտը կշարունակի բաբախել նրա բազմաշերտ կերպարների մեջ

11:43   6 հուլիսի, 2026

Այսօր դադարեց բաբախել Արտիստի սիրտը՝ արտիստի, ով իր դերերի բազմազանությամբ ճանաչվեց իր ժողովրդի կողմից, արտիստի՝ ով չնայած իր խիստ ու արտահայտիչ հայացքին, կադրից դուրս ու կյանքում հիշվեց այդ բարի ու խիզախ սրտով՝ իսկական Արտիստի սրտով, որը կշարունակի բաբախել հեռուստաէկրաններից այն կողմ:

ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի բոլոր դերերը նշելու համար ժամանակը չի հերիքի: Նա դերասան էր, ով չմնաց մեկ կերպարի մեջ, այլ, շնորհիվ իր տպավորիչ ձայնի ու ազդեցիկ դիմախաղի, կերտեց միմյանցից ամենատարբեր կերպարների՝ թատրոնից մինչև կինո, սերիալներից մինչև հումորային նախագծեր:

Արտաշես Ալեքսանյանը ծնվել է 1961 թվականին Երևանում, հուլիսի 17-ին կդառնար 65 տարեկան։ 

Ալեքսանյանը նկարահանվել է ոչ միայն հայկական, այլև ռուսական նախագծերում, որոնց շարքում են «Ջարդված լապտերների փողոց»-ը և «Բանդիտական Պետերբուրգը»:

IMG_1879.jpeg (144 KB)

«Գարեգին Նժդեհ»-ից մինչև «Սողոմոնի երգերը»… Արտաշես Ալեքսանյանը մարմնավորել է թե հայ հերոսների, թե դաժան թուրք հրամանատարների: Դերասանը խոստովանել է՝ թուրքին մարմնավորելը հեշտ չէր իր համար, բայց նրան հաջողվում էր վեր հանել բացասական կերպարների ամենադաժան գծերը՝ սարսափ ու նողկանք առաջացնելով այդ կերպարների հանդեպ, բայց և հիացմունք՝ իր անսահման տաղանդի ու մասնագիտական նվիրումի հանդեպ:

Տարիներ առաջ, NEWS.am STYLE-ի հետ զրույցում անդրադառնալով իր կերտած Նժդեհին, դերասանը նշել էր.

«Բոլոր դերերը տարբերվում են միմյանցից: Միանման դերեր չեն լինում: Սակայն այս դերն ունի իր յուրահատկությունը: Սա մեր պատմությունն է, մեր հերոսը, որին պետք է արժանի կերպով ներկայացնել: Իմ խնդիրներից մեկը եղել է Գարեգին Նժդեհին հանդիսատեսին ներկայացնել ոչ թե որպես հայրենասերի եւ փիլիսոփայի, այլ` որպես մարդու: Ներկայացնել նրա մարդկային որակներն ու ապրումները: Չէ՞ որ մենք բոլորս էլ աշխարհում, նախ եւ առաջ, մարդ ենք»:

IMG_1881-1.jpeg (27 KB)

Վաստակավոր դերասանի մասնակցությամբ վերջին ամենատպավորիչ ֆիլմը աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանի մասին «Մեդալի հակառակ կողմն» էր, որում նա մարմնավորել է Նազիկ Ավդալյանի մարզչին՝ Արտաշես Ներսիսյանին: Սա նրա մարմնավործ ամենապատասխանու դերերից էր, որտեղ նա պետք է ցույց տար մարզչի հոգատարությունն ու խստությունը՝ միևնույն ժամանակ, ինչը փայլուն կատարեց՝ նոմինացվելով 2026 թ-ի «Անահիտ» մրցանակաբաշխության «Լավագույն դերասան» անվանակարգում:

Ալեքսանյանի մասնակցությամբ մյուս հայտնի ֆիլմերից են՝ «Մեր բակը», «Մի վախեցիր», «Poker.am», «Հատուկ նշանակության ջոկատ», ինչպես նաև՝ «Ճակատագրի գերիները», «Դժբախտ երջանկություն», «Վերադարձ», «Հարազատ թշնամի», «Պատվից առավել», «Կույր աշխարհ» և «Վերջին զանգ» հեռուստասերիալները:

IMG_1878.jpeg (113 KB)

Արտաշես Ալեքսանյանի անցած ստեղծագործական ճանապարհը պարզապես դերերի, բեմերի կամ ներկայացումների շարք չէր։ Դա տարիների նվիրում էր արվեստին, հանդիսատեսին և այն արժեքներին, որոնք սերունդներ են կրթում ու ոգեշնչում։ Նրա յուրաքանչյուր կերպար կրում էր հոգու ջերմությունը, մարդկային խորությունը և իսկական արվեստագետին բնորոշ ազնվությունը։

Արտաշես Ալեքսանյանը պատկանում էր այն արվեստագետների շարքին, որոնց ներկայությունը վստահություն ու արժանապատվություն էր ներշնչում, իսկ աշխատանքը՝ հարգանք։ Նա իր արվեստով կարողացավ դառնալ բազմաթիվ մարդկանց հիշողությունների ու մշակութային կյանքի անբաժանելի մասը՝ թողնելով հետք, որը ժամանակը չի կարող ջնջել։



© NEWS.am STYLE