Ավստրալիայի վարչապետը ստիպված է եղել ներողություն խնդրել Քայլի Մինոուգի հետ քնելու իր ցանկության համար  

15:23   7 հուլիսի, 2026

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը պաշտոնական ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ  «Քնել, ամուսնանալ, գնալ ժամադրության» խաղի ժամանակ տեսական հարցին պատասխանելիս տվել է երգչուհի Քայլի Մինոուգի անունը։

Անցյալ հինգշաբթի Ալբանեզը ելույթ է ունեցել Bush Deep փոդքասթում, որը վարում էր կատակերգու Նիկի Օսբորնը։ Նա մարտահրավեր է նետել վարչապետին ընտրություն կատարել Քայլի Մինոուգի, դերասանուհի Նիկոլ Քիդմանի և նկարչուհի Ռոնդա Բուրչմորի միջև։

«Ես նոր ամուսնացա, ընդամենը վեց ամիս է անցել», - փորձել է Ալբանեզը շեղել հարցից, բայց Օսբորնը պնդել է, որ նա ընտրություն կատարի։

«Օ՜, Քայլի, անպայման», - պատասխանել է նա։ «Այսինքն՝ դու կամուսնանայիր Քայլիի հետ, կքնեի՞ր նրա հետ և կգնայի՞ր ժամադրության», - հարցրել է Օսբորնը։ «Բոլոր վերը նշվածները։ Նա զարմանալի է», - հայտարարել է վարչապետը։

Օսբորնը նաև հարցրել է Ալբանեզին, թե արդյոք նա և իր կինը (Ջոդի Հեյդոն) դեռ «ճագարների պես սեքս են անում»։

«Դե, գիտե՞ս, երբ ժամանակ եմ ունենում», - պատասխանել է նա։ «Ֆուտբոլից հետո։ Ֆուտբոլից հետո։ «Հարավայինների» հաղթանակը միշտ մեծ աֆրոդիզիակ է», -ավելացրել է Ալբանեզեն՝ նկատի ունենալով «Հարավային Սիդնեյ Ռաբբիթոներ» ռեգբիի թիմը։

Քննադատությունների հեղեղ և պաշտոնական ներողություն

Ալբանեզեի մեկնաբանությունները անմիջապես կոշտ քննադատության են արժանացել, մասնավորապես՝ սենատոր Սառա Հենդերսոնի կողմից, որը ընդդիմադիր Լիբերալ կուսակցությունից կապի և թվային անվտանգության ստվերային նախարարն է։ «Էնթոնի Ալբանեզեի «Deep Bush» փոդքասթում վիսկիով լի մեկնաբանությունները անհարգալից են կանանց նկատմամբ, ամոթալի՝ ավստրալացիների համար և նվաստացուցիչ՝ վարչապետի պաշտոնի համար», - գրել է նա X սոցիալական մեդիա հարթակում արված գրառման մեջ։

Երկուշաբթի օրը Ալբանեզեն պաշտոնական ներողություն է խնդրել իր մամուլի գրասենյակի միջոցով։ «Ես անվերապահորեն ներողություն եմ խնդրում այս մեկնաբանությունների համար», - ասվում է վարչապետի հայտարարության մեջ։



© NEWS.am STYLE