Արգելված է լինել լողազգեստով կամ մերկ. Կոմո լճում տուգանում են սահմանում «անպատշաճ» տեսք ունեցող զբոսաշրջիկների համար

23:03   8 հուլիսի, 2026

Վարեննա գեղատեսիլ ձկնորսական քաղաքում, որը գտնվում է հայտնի Կոմո լճի ափին, սահմանվել են մինչև 200 եվրո տուգանքներ այն զբոսաշրջիկների համար, ովքեր փողոցներում զբոսնում են առանց վերնաշապիկի կամ լողազգեստով: Սա իտալական հանգստավայրերի վերջին փորձն է զսպելու անքաղաքակիրթ ճանապարհորդներին։

Վերջին տարիներին Վարեննան հսկայական ճնշման տակ է եղել զբոսաշրջիկների հոսքի պայթյունային աճի պատճառով: Տեղական իշխանությունները ստիպված են եղել կտրուկ միջոցներ ձեռնարկել քաղաքի պատմական բնույթը պահպանելու և իր մշտական ​​բնակիչների համար, որոնց թիվը կազմում է ընդամենը մոտ 650, առնվազն մի փոքր խաղաղություն ապահովելու համար։

Ի՞նչն է այժմ արգելված Վարեննայում

Նոր կանոնակարգերի համաձայն՝ քաղաքի փողոցներում առանց վերնաշապիկի կամ լողազգեստով զբոսնելն այժմ խստիվ արգելված է: Նման հագուստն այժմ թույլատրվում է միայն լողափերում կամ Կոմո լճում նավարկության ժամանակ։

Հագուստի կանոնակարգը խախտելու համար տուգանքները տատանվում են 50-ից մինչև 200 եվրո։

Շրջագայության սահմանափակումներ. Շրջագայության խմբերն այժմ սահմանափակվում են 25 մարդով՝ Վարեննայի նեղ քարե փողոցները չխցանելու համար։

Աղմուկի արգելք. Ուղեկցորդներին այժմ պաշտոնապես արգելվում է օգտագործել բարձրախոսներ և մեգաֆոններ։

«Վարեննան հրաշալի քաղաք է, և մենք հպարտ ենք ամեն տարի աշխարհի տարբեր ծայրերից հարյուր հազարավոր այցելուներ ընդունելու համար»,- ասում է Վարեննայի քաղաքապետ Մաուրո Մանզոնին: «Այնուամենայնիվ, մեր բնակիչների կյանքի որակը չի կարող զոհաբերվել զանգվածային զբոսաշրջության զոհասեղանին»:

Տեղացի բնակիչների արձագանքը

Փոփոխությունները ուժի մեջ են մի քանի օր և ստացել են տեղի բնակչության ոգևորված աջակցությունը, մասնավորապես հագուստի պահանջների վերաբերյալ:

«Լողափում կարող եք անել այն, ինչ ուզում եք: Բայց երբ զբոսնում եք քաղաքում, մտնում եք խանութներ, ռեստորաններ, եկեղեցիներ կամ պարզապես հրապարակ, պարտավոր եք հագնվել համապատասխանաբար»,-իտալական TGCom24 հեռուստաալիքին ասել է տեղացի խանութպաններից մեկը:

Իտալական միտում. Պատերազմ «անպարկեշտ վարքի» դեմ

Վարեննան միայնակ չէ գերզբոսաշրջության ծախսերի դեմ պայքարում: Նմանատիպ սահմանափակումներ են մտցվում ամբողջ Իտալիայում.

2022 թվականին Սորենտո հանգստավայրի քաղաքապետը լողազգեստով և կիսամերկ զբոսանքներն անվանել է «քաղաքի հեղինակությունը խաթարող զանգվածային անպարկեշտ վարքագիծ» և դրա համար սահմանել է մեծ տուգանքներ։

2023 թվականին Լիգուրիայի բարձրակարգ Պորտոֆինո քաղաքում իշխանությունները որոշակի տարածքներում ամբողջությամբ արգելեցին սելֆիները՝ հայտարարելով դրանք «արգելված գոտիներ», որպեսզի զբոսաշրջիկները չառաջացնեն խցանումներ գեղեցիկ լուսանկարներ անելու անվան տակ։



© NEWS.am STYLE