Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

20:40   8 հուլիսի, 2026

Մեծատառով Արտիստ, մեծ սրտով մարդ ու իսկական հայրենասեր, ով ոչ միայն պաշտպանել է հայրենիքը մարտի դաշտում, այլև իր կերտած արվեստով. այսպիսին են Արտաշես Ալեքսանյանին նկարագրում ընկերներն ու գործընկերները, ովքեր այսօր հավաքվել էին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ վերջին հրաժեշտը տալու Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստին, ում սիրտը լռեց հուլիսի 6-ին...

Արտիստի ընկերները դժվարանում են զսպել հուզմունքը նրա մասին խոսելիս, բայց բոլորն են փաստում՝ նա կապրի իր դերերով, հատկապես իր մարմնավորած Նժդեհով կշարունակի կրթել ու տարածել հայրենասիրության այն գաղափարախոսությունը, որը ինքն էլ էր կիսում:

Արտաշես Ալեքսանյանը ծնվել է 1961 թվականին Երևանում, հուլիսի 17-ին կդառնար 65 տարեկան։ 

Ալեքսանյանը նկարահանվել է ոչ միայն հայկական, այլև ռուսական նախագծերում, որոնց շարքում են «Ջարդված լապտերների փողոց»-ը և «Բանդիտական Պետերբուրգը»:

«Գարեգին Նժդեհ»-ից մինչև «Սողոմոնի երգերը»… Արտաշես Ալեքսանյանը մարմնավորել է թե հայ հերոսների, թե դաժան թուրք հրամանատարների: Դերասանը խոստովանել է՝ թուրքին մարմնավորելը հեշտ չէր իր համար, բայց նրան հաջողվում էր վեր հանել բացասական կերպարների ամենադաժան գծերը՝ սարսափ ու նողկանք առաջացնելով այդ կերպարների հանդեպ, բայց և հիացմունք՝ իր անսահման տաղանդի ու մասնագիտական նվիրումի հանդեպ:

Վաստակավոր դերասանի մասնակցությամբ վերջին ամենատպավորիչ ֆիլմը աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանի մասին «Մեդալի հակառակ կողմն» էր, որում նա մարմնավորել է Նազիկ Ավդալյանի մարզչին՝ Արտաշես Ներսիսյանին: Սա նրա մարմնավործ ամենապատասխանու դերերից էր, որտեղ նա պետք է ցույց տար մարզչի հոգատարությունն ու խստությունը՝ միևնույն ժամանակ, ինչը փայլուն կատարեց՝ նոմինացվելով 2026 թ-ի «Անահիտ» մրցանակաբաշխության «Լավագույն դերասան» անվանակարգում:

Ալեքսանյանի մասնակցությամբ մյուս հայտնի ֆիլմերից են՝ «Մեր բակը», «Մի վախեցիր», «Poker.am», «Հատուկ նշանակության ջոկատ», ինչպես նաև՝ «Ճակատագրի գերիները», «Դժբախտ երջանկություն», «Վերադարձ», «Հարազատ թշնամի», «Պատվից առավել», «Կույր աշխարհ» և «Վերջին զանգ» հեռուստասերիալները:



© NEWS.am STYLE