Ի՞նչ են խորհրդանշում վարդերի գույները

21:30   4 մարտի, 2014

Մի քանի օր է մնացել մայրության եւ գեղեցկության տոնին:

Հայստանում կանանց տոնը նշում են երկու անգամ՝ մարտի 8-ին եւ ապրիլի 7-ին: Արդեն ավանդույթ դարձած կանաց միամսյակի ընթացում հայ տղամարդիկ իրենց սիրելիներին, մայրերին եւ քույրերին անակնկալներ են պատրաստում. ոմանք արտասովոր, ոմանք էլ համեստ նվերներ են ընտրում:

Տոնը պատկերացնել առանց ծաղիկների գրեթե անհնար է: Գարնանային այս գեղեցիկ տոնին անկախ ամեն ինչից, թե ինչ նվեր են պատրաստել տղամարդիկ, պետք է այն մատուցել գեղեցիկ ծաղկեփունջի հետ միասին:

NEWS.am STYLE-ը երիտասարդ տղաների շրջանում հարցում է անցկացրել, թե ի՞նչ ծաղիկ են սիրում նվիրել իրենց սիրելիներին, մայրերին եւ քույրերին: Իհարկե, հնչեցին ծաղիկների տարբեր անուններ, բայց ամենագերակշռողը վարդն էր:

Մեր իրականությունում կան երփներանք վարդեր: Շատերը  իրենց սիրած գույնի վարդն են նվիրում, առանց իմանալու՝ ինչ է այն խորհրդանշում:

Դե ինչ, NEWS.am STYLE-ը իր ընթերցողներին ծանոթացնում է, թե որ գույն, ինչ է նշանակում:

Ալ կարմիր վարդեր

Սիրո եւ կրքի խորհրդանիշն են, բացի դրանից դրանք կարող են արտահայտել հարգանք եւ հաստատկամություն դիմացինի հանդեպ: Երբ դիմացինին նվիրում են մուգ կարմիր վարդեր, նշանակում է ուզում են ընդգծել այն հմայքը, կրքոտությունը, գեղեցկությունը, որը կա դիմացինի մեջ, բայց որի մասին վերջինս չի էլ պատկերացնում:  Վարդի այս տեսակը կարելի է նվիրել 23-35 տարեկան կանանց:

Սպիտակ վարդեր

Դրանք խորհրդանշում են մաքրություն, անկեղծություն ու պարզություն: Այն ստեղծված է ընդգծելու դիմացինի ոչ երկրային գեղեցկությունը, կատարելությունը: Անկեղծ, անպիղծ, ոչ մարմնական ու հոգևոր սիրո խորհրդանիշ է:  Վարդի այս տեսակը ընդուված է նվիրել նոր մայրացած կանանց, ընկերուհիներին եւ երեխաներին:

Դեղին վարդեր

Եթե ձեր ընտրյալը նվիրում է ձեզ դեղին վարդեր, ապա իմացեք, որ նա հոգ է տանում ձեր մասին: Ոմանք կարծում են, որ դեղին վարդերը խորհրդանշում են ատելություն, դավաճանություն եւ բաժանում, բայց իրականում այդպես չէ: Վարդի այս գույնը պարզապես խորհրդանշում է հավերժություն եւ ընկերություն: Եթե այս վարդերը նվիրում են երկար տարիներ ամուսնացած մարդիկ, ապա դա ընտանեկան ջերմության, ներդաշնակության նշան է:

Վարդագույն վարդեր

Վարդագույն վարդերը եղել են, կան ու կմնան սիրո խորհրդանիշ: Այս ծաղիկը ցանկությունից այրվող կրքի ու անհագ ցանկության խորհուրդ ունի: Վարդագույն վարդերը հիմնականում նվիրում են 15-25 տարեկան աղջիկներին:

Կապույտ վարդ

Կապույտ վարդեր ինքնին խորհրդավոր են: Եթե ձեզ նվիրել են կապույտ գույնի վարդեր, դա նշանակում է, որ թե՛ նվիրողը եւ թե՛ ստացողը առեղծվածային մարդիկ են, ոչ սովորական եւ հանելուկային: Սակայն կապույտ վարդը նաեւ բաժանման խորհուրդ ունի:

Պատրաստեց Մ.Մ.

 



© NEWS.am STYLE