Ինչպե՞ս Նարինե Հայրումյանը փոքրիկ Արցախ ստեղծեց իր այգում. Կոտայքի մարզում գտնվող ծաղիկների դրախտավայրը, որը գերել է համացանցը (ֆոտո/վիդեո)

21:30   12 հուլիսի, 2026

Երևանից մեքենայով մոտ 30 րոպե հեռավորության վրա՝ Կոտայքի մարզի Կամարիս գյուղում, կա մի գողտրիկ վայր, որի դարպասներից այն կողմ տարածվում է թարմ ծաղիկների բույրը, իսկ ներսում իսկական դրախտ է աչքերի համար. ծաղկազարդ կամարներ, բազմերանգ ու բազմատեսակ ծաղիկներ, կանաչ թփեր ու դրանց վրա թռչկոտող թիթեռնիկներ, թարմ մրգեր ու մաքուր օդ, որն անմիջապես արբեցնում է ու ստիպում, որ մի պահ կանգ առնես ու խորը շունչ քաշես՝ կտրվելով առօրյա հոգսերից, գործերից, երևանյան խցանումներից: Այստեղ, պարզապես, վայելում ես պահը… Իմ դեպքում՝ մի քանի հագեցած ժամերը, որոնք անցկացրի այս դրախտավայրում, որի բնակիչները ջերմ ու բարի սրտով արցախցիներ են: 

Դարպասից ներս ինձ ընդառաջ է վազում Գուչին՝ նորաձև անունով աշխույժ շնիկը, որն ամբողջ «ճանապարհորդության» ընթացքում իմ անբաժան ուղեկիցն էր: 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Տան մուտքի մոտ ջերմությամբ ողջունում է  տիկին Նարինեն՝ ծաղիկների այս հրաշք այգու հեղինակն ու խնամողը:

Նարինե Հայրումյանը Կամարիսում հողատարածք է ձեռք բերել 2021 թ-ից: 5 տարի առաջ այն նույն տեսքը չուներ, ինչ այսօր, և դժվար էր պատկերացնել, որ մի օր այնքան է ծաղկելու, որ դառնալու է համացանցում հիացմունքի առարկա: 

Նարինեն Facebook-ում վարում է իր բլոգը. ունի հազարավոր հետևորդներ, իսկ նրա տեսանյութերը, որոնցում ներկայացնում է իր այգին, բույսերն ու ծանոթացնում դրանց խնամքին, հասնում են ռեկորդային դիտումների: 

NEWS.am STYLE-ում որոշեցինք պարզել՝ ո՞րն է այգու ֆենոմենը: Բավական է կես րոպե լինես այգում, որ քեզ զգաս՝ ինչպես Ալիսան հրաշքների աշխարհում…  Սակայն Նարինեի հետ զրուցելիս հասկացա՝ սա, պարզապես, այգի չէ. սա հոգու ճիչ է, որը վերածնվել է հայրենի հողի հանդեպ կարոտից:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Syune Arakelyan (@syunearakelyan)

Նարինե Հայրումյանը ծնունդով Արցախից է, և պատահական չէ, որ այսքան մոտ է բնությանը. «Աչքերդ բացում էիր, արդեն բնությունն էր տարածվում դիմացդ՝ ծառեր, անտառներ… Արցախի բնությունը շատ հարուստ է։ Ամենուրեք կարող ես զմայլվել»,-հիշում է Նարինեն:

Նա ծնվել է Ստեփանակերտում: 7 տարեկան էր, երբ արդեն ունեին իրենց սեփական տունը. «Մեծ բակ ունեինք, փողոցի ու տան մեջտեղում հողամաս կար: Ու մենք տարբեր գույնի վարդեր էինք աճեցնում, նույնիսկ նարնջագույն ունեինք, որը հետս օժիտ էի բերել (ծիծաղում է)»:

Ծաղիկների, բույսերի հանդեպ սերը Նարինեի սրտում ծնվել է մանկությունից. «Կապույտ ծաղիներ կային մեզ մոտ, մոլախոտ էին համարվում, պոկում էի, տանում, մայրիկիս էի ցույց տալիս, ասում՝ «տես ինչքան սիրուն են», ասում էր. «ախր, դրա ի՞նչն ա, է, սիրուն, ասում էի՝ «չէ, ուշադիր նայիր, կտեսնես, որ սիրուն ա»: Կարծում եմ՝ սերը բնության հանդեպ պետք է ներսիցդ լինի»,-ասում է նա:

TON_0937.JPG (1.24 MB)

Հողատարածք ձեռք բերելը Նարինեի ամուսնու միտքն էր. ցանկանում էր, որ ունենային մի վայր, որտեղ կկարողանային ընտանիքով հավաքվել, թարմ օդ շնչել, իրենց ձեռքերով պատրաստել հայկական խորավածն ու վայելել հայերին բնորոշ ընտանեկան ու ջերմ ժամանցը:

Ու ինչպես ասում են՝ այն, ինչ ծնվում է մտքում, իրականություն է դառնում նաև ֆիզիկական աշխարհում:

Պատերազմ ու երկրորդ կյանք

2020 թ-ին, չնայած թոշակառու լինելուն, Նարինեի ամուսինը վճռեց գնալ Արցախ ու մասնակցել 44-օրյա պատերազմին՝ ծննդավայրը պաշտպանելու առաքելությամբ: Հենց այդտեղ էլ Աստծուն տվեց ճակատագրական խոստումը՝ եթե պատերազմից ողջ դուրս գա, իր կյանքն ու գոյությունը ծառայեցնելու է ընտանիքին ու երեխաներին, այգի է ձեռք բերելու ու նրանց ամեն մի օրը տոն է դարձնելու: Այդպես, երբ վերադարձավ պատերազմից, հողատարածք գնեց, բայց չէր էլ կարող պատկերացրել, թե ինչպիսին է լինելու արդյունքը:

«Ուզում էինք մի փոքրիկ փայտե տնակ պատրաստել՝ դիմացը փոքրիկ տաղավարով…»,-պատմում է Նարինեն,-«Երբ 2013 թ-ին Արցախից տեղափոխվեցինք Երևան (երեխաների ուսման համար), միշտ մտածել ենք, որ երբ իրենք ավարտեն, իրենց ընտանիքը կազմեն, տեղավորվեն, մենք նորից կվերադառնանք Արցախ, ապացույցն էլ մեր երեք տներն էին, որ ունեինք այնտեղ...»

Բայց պատերազմից հետո վրա հասավ հուսահատությունը: 

«Չեք պատկերացնի՝ ինչպես էի ամբողջ օրն այստեղ կռացած հողի հետ աշխատում: Երբ հարց են տալիս՝ ինչպե՞ս եք այսքան սիրուն այգի ստեղծել, ասում եմ՝ սա իմ Արցախի անկյունն է, իմ կարոտը, հոգուս պայթյունը»,-արցունքները չզսպելով ասում է Նարինեն:

TON_0848.JPG (2.14 MB)

Ծաղկին պետք է ոչ միայն սիրես, այլև լսես ու հասկանաս

Բույսերով ինքնուրույն է սկսել հետաքրքրվել. ասում է՝ մինչ օրս սովորում է տեսակները, անունները, խնամքի ձևը: Խոստովանում է՝ իր աճեցրած բոլոր ծաղիկներն էլ սիրում է, բայց «թագուհին վարդն է»: Ինքն էլ իրեն հենց վարդի է նմանեցնում:

«Որքան թագուհին է քմահաճ լինում, նույնքան էլ վարդերը: Շատերը կարծում են՝ պարզապես վարդը բերում ես, դնում հողի մեջ և վերջ… բայց այդպես չէ: Ես ծաղկին միշտ մարդու հետ եմ համեմատում։ Ասում ենք՝ վարդը թագուհի է. իսկ թագուհին ի՞նչ ուշադրություն է պահանջում՝ իհարկե հատուկ: Հատկապես քմահաճ է կարմիր վարդը, որն ավելի զգայուն է արևի ճառագայթների հանդեպ»:

Նարինեն իր փորձով համոզվել է՝ ծաղիկներն էլ են ամեն ինչ զգում՝ թե սերը, թե անտարբերությունը: Ահա՝ ինչու է կարևոր, որ այգեպանը սիրի իր աշխատանքը, որպեսզի այդ սերը տարածվի նաև այգում, իսկ պտուղները լինեն ավելի առողջ ու փթթուն: Բայց, ինչպես մարդկային հարաբերություններում, երբ սիրում ես մեկին, պետք է նաև կարողանաս հասկանալ՝ անգամ լռության մեջ:

«Շատերն ասում են՝ ես, նույնիսկ, զրուցում եմ ծաղիկներիս հետ, ինչո՞ւ չեն աճում: Բայց միայն զրուցելը բավարար չէ. դու պետք է հասկանաս նրան՝ եթե «ծարավ» է, ջրես, «հիվանդ» է՝ բուժես, կան շատ հարցեր: Մենակ սիրելով չէ, պետք է կարողանաս նաև լսել ու հասկանալ»:

Ծաղիկների քաղելուն Նարինեն դեմ է. դրա փոխարեն խորհուրդ է տալիս գնել արմատներով ու աճեցնել, որպեսզի և ծաղիկը երկար ապրի, և աճեցնողն ավելի երկար զմայլվի նրա առողջ գեղեցկությամբ:

image00007-6.jpeg (1.79 MB)

Ինչպե՞ս սկսեց բլոգը

Նարինեի որդին՝ Էդուարդ Հայրումյանն, ավելի վաղ է սկսել իր բլոգը. իր տեսանյութերում նա հաճախ ցուցադրում էր նաև իրենց այգին, որն անմիջապես հայտնվում էր հետևորդների ուշադրության կենտրոնում ու բազմաթիվ հարցեր առաջացնում: Այդպես, Էդուարդը որոշեց նկարել մայրիկին ու հատուկ էջ բացել նրա համար, որպեսզի ծաղիկներով հետաքրքրված մարդիկ ստանան իրենց հարցերի պատասխանները: Բայց այն, որ տեսանյութերը կհավաքեն հազարավոր հավանություններ ու դիտումներ, այդ ժամանակ անիրատեսական էր թվում:

«Ճիշտն ասած՝ այդպիսի նպատակ էլ չունեի, ժամանակ էլ չի լինում այդ ամենին հետևելու, բայց եթե գոնե մոտ տասը այգի մարդիկ հենց իրենց ձեռքերով ստեղծեն, աճեցնեն իմ փորձից ոգեշնչվելով, ես միայն ուրախ կլինեմ: Ինձ ոգեշնչում է այն, որ գրում են, որ ինձ տեսնելով իրենք էլ են որոշել ծաղիկներ աճեցնել: Պատկերացրեք՝ գրում են Ամերիկայից, Ֆրանսիայից, Գերմանիայից… աշխարհի տարբեր երկրներից, ու հենց դա է ինձ ստիպում, որ շարունակեմ տեսանյութեր նկարահանել: Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր իրենց սովորածը թաքուն են պահում. ինչպե՞ս կարելի է... գեղեցկությունը պետք է բազմացնել»:

TON_0995.JPG (1.21 MB)

Այս այգում յուրաքանչյուր ծաղիկ իր պատմությունն ունի, յուրաքանչյուր ծառ՝ հիշողություն, իսկ յուրաքանչյուր բացված կոկոն՝ նոր հույս։ Գուցե հենց սա է Նարինե Հայրումյանի ստեղծած փոքրիկ Արցախի ամենամեծ գաղտնիքը․ այստեղ ծաղկում են ոչ միայն վարդերն ու շուշանները, այլև հավատը, որ սերն ու աշխատանքը կարող են նորից կյանք տալ անգամ ամենախոր վերքերին։ Ու հենց այդ պատճառով Կամարիսի այս փոքրիկ անկյունը վաղուց արդեն պարզապես այգի չէ. այն տուն է դարձել բոլոր նրանց համար, ովքեր հավատում են, որ գեղեցկությունը կարող է բուժել։

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Հայկ Տոնոյանի



© NEWS.am STYLE