Zara-ի «մահացու տաբատները» վիրուսային են դարձել․ նորաձևության սիրահարները զանգվածաբար ընկնում են հայտնի մոդելի պատճառով

19:36   13 հուլիսի, 2026

Zara-ի հանրահայտ լայն տաբատը հանկարծ հայտնվել է TikTok-ի քննարկումների կենտրոնում։ Օգտատերերը մոդելին անվանել են «մահացու տաբատ» (Zara death trousers) այն բանից հետո, երբ տասնյակ աղջիկներ սկսել են հրապարակել անկումների և քերծվածքների տեսանյութեր, որոնք առաջացել են կտրվածքի չափազանց երկար լինելու պատճառով:

#zaratrousers հեշթեգն արդեն համալրվել է տեսանյութերով, որոնցում գնորդները ցույց են տալիս կոտրված ծնկներ, քերծված ափեր և դժբախտ վայրէջքների տեսահսկման կադրեր։

@gghayds They do really need a hazard warning #zaratrouser original sound - Tyra

«Զառայի մահացու տաբատի ևս մեկ զոհ»,-մակագրել է իր տեսանյութը օգտատերերից մեկը՝ ցույց տալով, որ ձեռքերը ծածկված են քերծվածքներով՝ ընկնելուց հետո: Նա մեկ այլ կադր է հրապարակել, որտեղ պատկերված է, թե ինչպես է սայթաքում սեփական տաբատի վրայով՝ ավտոտնակից դուրս գալուց անմիջապես հետո:

Մեկնաբանություններում շատերը խոստովանել են, որ բախվել են նույն խնդրին։ «Այս տաբատների պատճառով ծնկներիս ցմահ սպիեր են մնացել», «Մեզ պետք է Netflix-ի վավերագրական ֆիլմ այս տաբատի մասին», -կատակում են օգտատերերը:

ZARAdea.jpg (938 KB)

Ոմանք որոշել են խնդիրը լուծել՝ կարճացնելով տաբատը։ Այնուամենայնիվ, հաճախորդներից մեկի խոսքերով, նույնիսկ այն բանից հետո, երբ նա կարճացրել է դրանք, ռիսկը պահպանվել է: Աղջիկը խոստովանել է, որ որոշել է դա անել այն բանից հետո, երբ ընկել է հենց դպրոցականների խմբի աչքի առաջ։

Օգտատերերը կարծում են, որ պատճառը միայն երկարությունը չէ։ Նրանց կարծիքով՝ վտանգ է ստեղծում շատ լայն կտրվածքի, սայթաքուն գործվածքի և բաց կոշիկների համադրությունը, ինչը նպաստում է, որ տաբատի եզրը քայլելիս ոտքերիդ տակ մտնի։

Չնայած բողոքների ալիքին՝ մոդելը շարունակում է սիրված մնալ։ Շուրջ 45 դոլար արժողությամբ տաբատը գնորդներին գրավում է ազատ ուրվագծով, հարմարավետ առաձգական գոտկատեղով, գրպաններով և համեմատաբար մատչելի գնով։ Ճիշտ է, հիմա շատերը խորհուրդ են տալիս դրանք կրել զգուշությամբ։



© NEWS.am STYLE