15:02 13 հուլիսի, 2026Դերասան, ստենդափեր Մհեր Մխիթարյանն այս շրջանում պատրաստվում է նոր ներկայացման պրեմիերայի: NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա նշել է, որ նոր թատերական ներկայացման դերասանական կազմի մաս է կազմելու. «Սցենարային փուլն ավարտված է, հիմա փորձերի փուլն է. կարծում եմ՝ սեպտեմբերին կունենանք պրեմիերա: Կազմը, վստահ եմ, կհետաքրքրի հանդիսատեսին»,-ասում է հումորիստը:
Մինչ նրան կտեսնենք նորություններով, դերասանի հետ խոսել ենք վերջին ձեռքբերումներից:
Մհերը ուրախությամբ է խոսում «Բա ջան, բա ջան» ստենդափի մասին, որով ներկայացել է ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներին: Մոնոներկայացումը յուրահատուկ միքս է՝ «Ես չեմ, դու ես» ստենդափից և Մհերի, թերևս, ամենասիրված կերպարի՝ տաքսիստ Հենդոյի լավագույն պահերից.

«Միքս անելու գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ ես պետք է ներկայացումով գնայի Միացյալ Նահանգներ. այնտեղ իմ մասնակցությամբ ոչ մի ներկայացում չէին տեսել, դրա համար որոշեցինք «Ես չեմ, դու ես» ստենդափի լավագույն հատվածները միքսել տաքսիստ Հենդոյի լավագույն հատվածների հետ, քանի որ այնտեղ շատ են սիրում Հենդոյի կերպարը: Առաջին անգամ այս ստենդափը ներկայացրել եմ Երևանում՝«Բոհեմ» թատրոնում, այնուհետև՝ արդեն Լոս Անջելեսում»,-պատմում է Մհերը:
Ստենդափերը նշում է՝ ներկայացումը գլոբալ փոփոխությունների չի ենթարկել ամերիկահայ հանդիսատեսի համար՝ ուրախությամբ փաստելով, որ այնտեղ սիրել են իր կատակները այնպիսին, ինչպիսին դրանք ի սկզբանե ստեղծվել են.

«Առհասարակ ներկայացման մեջ ես չեմ ցանկացել այնտեղի հայերի կենցաղին բնորոշ հումորներ շատ անել, որովհետև նրանք լսել ու սիրել են իմ այն հումորները, որոնք չեն պահանջել լոկալություն, դրա համար ես չեմ փորձում թեմաներն, այսպես ասած, ծռել, հարմարեցնել կոնկրետ վայրին՝ ավելի ծիծաղելի լինելու համար: Մի քանի ակնարկ, իհարկե, եղել է, բայց գլոբալ փոփոխություններ չեմ մտցրել, քանի որ նրանք սիրել են այն, ինչը ես արել եմ այստեղ՝ Հայաստանում: Ինչ վերբերում է հանդիսատեսին՝ տպավորություններս մեծ են, շատ ջերմ ինձ ընդունեցին, ինչը հասկացա վերջում՝ բուռն ծափահարություններից: Իսկ երբ փողոցում տեսնում էին, թե խոսում էին ստենդափից, թե իմ մասնակցությամբ ֆիլմերից»,-ասում է Մհերը՝ հավելելով. «Երբ հասկանում ես, որ աշխատանքդ գնահատվում է, դա ոգևորում է»:
Վերադառնալով նորությանը՝ Մհերը դեռևս չցանկացավ բացահայտել շատ մանրամասներ, բայց խոստացավ դրա մասին խոսել առաջիկայում:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Մհեր Մխիթարյանը