12:11 14 հուլիսի, 2026Երևանում երեկ՝ հուլիսի 13-ին, պաշտոնապես մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ կինոփառատոնը: Հարյուրավոր հյուրերի մեջ կարմիր գորգով քայլեց նաև աշխարհահռչակ ֆրանսահայ դերասան և դրամատուրգ Սիմոն Աբգարյանը, ով այս տարվա «Ոսկե ծիրանի» հատուկ հյուրերից է: «Ոսկե ծիրան»-ի շրջանակում հուլիսի 16-ին կինոսերներին կներկայացվի Աբգարյանի մասնակցությամբ «Դը Գոլի մարտը» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնում:

«Մենք անում ենք ֆիլմեր, որոնք մեզ կարևոր են թվում: Դը Գոլի մասին ֆիլմն ազատության մասին է, հպարտության, պայքարի, մարդկության, հերոսության, հայրենիքի հանդեպ սիրո մասին է: Հայ լինելով՝ ինձ հարազատ էր Դը Գոլի պայքարը: Մենք, դժբախտաբար, գիտենք, թե ինչ է դա: Նա պայքարում էր իր երկրի համար, իսկ մենք՝ հայերս, դժբախտաբար շատ լավ գիտենք, թե դա ինչ է»,-լրագրողների հետ զրույցում նշեց դերասանը։
Նա նաև ընդգծեց կինոփառատոնի կարևորությունը՝ նշելով, որ անհրաժեշտ է, որ այն լինի ու զարգանա: «Մենք երևակայության առումով հարուստ ենք՝ թե Հայաստանում, թե Սփյուռքում: Պետք է գրավենք կինոարվեստը ոչ միայն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերով, այլև պետք է պատմենք, թե ինչպիսի ժողովուրդ ենք՝ հարուստ մեր պատմությունով ու պայքարով, գրականությամբ, արվեստագետներով, դերասաններով։