Tsaghkunk Restaurant & Glkhatun դարձել է առաջին հայկական ռեստորանը «The World’s 50 Best Discovery» հարթակում

21:09   16 հուլիսի, 2026

Պատմական իրադարձություն հայկական գաստրոնոմիայի համար. Ծաղկունք  Ռեստորան և Գլխատունը դարձել է առաջին ռեստորանը Հայաստանից, որ ընդգրկվել է «The World’s 50 Best Discovery» հարթակում՝  միջազգային ուշադրություն հրավիրելով երկրի զարգացող խոհարարական արվեստին։ 

Որպես հեղինակավոր «The World’s 50 Best» հարթակի մաս՝ «The World’s 50 Best Discovery»-ն համաշխարհային ուղեցույց է, որ ներկայացնում է ոլորտի միջազգային փորձագետների կողմից ընտրված լավագույն ռեստորանները, բարերն ու հյուրանոցները: Այն բացահայտում է բացառիկ գաստրոնոմիական անկյուններ՝ օգնելով ճանապարհորդներին և խոհարարական ոլորտի մասնագետներին գտնել այնպիսի վայրեր, որոնք մարմնավորում են կատարելություն, ստեղծարարություն և տեղանքի ինքնություն: 

Tsaghkunk Restaurant & Glkhatun interior1.jpg (82 KB)

Ծաղկունքի Ռեստորան և Գլխատան ներառումն այս ցանկում զգալի ձեռքբերում է հայկական խոհանոցի համար: Մինչ այս ճանաչումը, ռեստորանն արդեն իսկ ընդգրկվել էր աշխարհի առաջատար ռեստորանային ուղեցույցներից մեկում՝ «La Liste»-ում, ինչպես նաև արժանացել էր այնպիսի միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրությանը, ինչպիսիք են Forbes-ը, The Guardian-ը, National Geographic-ը, Vogue-ը և համաշխարհային այլ պարբերականներ: Այս նոր նվաճումն էլ ավելի է ամրապնդում Ծաղկունք Ռեստորան և Գլխատան դիրքերը՝ որպես համաշխարհային հարթակում ժամանակակից հայկական խոհանոցը ներկայացնող առաջատարներից մեկի:  

Sevan Amber Breeze cocktail.jpg (356 KB)

Հիմնադրվելով 2021 թվականին «ԴԱՐ» հիմնադրամի «Գագարին նախագծի» շրջանակներում՝ Ծաղկունք Ռեստորան և Գլխատունը գտնվում է Ծաղկունք գյուղում՝ Սևանա լճից մոտ 10 րոպեի, իսկ Երևանից՝ մոտ մեկ ժամվա հեռավորության վրա: Ռեստորանը ստեղծվել է ժամանակակից հայկական խոհարարական ինքնությունը զարգացնելու, ինչպես նաև բացառապես տեղական մթերքների , արտադրողների և համայնքների միջև կապերն ամրապնդելու նպատակով:  

Crispy smoked chechil cheese with choratan.jpg (13.09 MB)

Բացման օրվանից Ծաղկունքն ակտիվ դերակատարում է ունեցել Հայաստանի գաստրոնոմիական կյանքի զարգացման գործում՝ համագործակցելով միջազգային ճանաչում ունեցող խոհարարների հետ: Նշանավոր էր համագործակցությունը Կոպենհագենի հանրահայտ «Noma» ռեստորանի համահիմնադիր Մադս Ռեֆսլունդի հետ, ով 2021 թվականին գրեթե մեկ ամիս անցկացրեց «Ծաղկունք»-ում՝ ուսումնասիրելով հայկական բաղադրիչները, խոհարարական ավանդույթներն ու տեղական ֆերմերներին, ինչպես նաև կազմակերպեց հատուկ ընթրիքների շարք:

«Ծաղկունքը» շարունակում է նոր համատեղ նախագծեր իրականացնել հայ և միջազգային շեֆ-խոհարարների հետ՝ բացահայտելով ժամանակակից հայկական խոհանոցի նոր արտահայտչամիջոցները: Այս միջազգային փորձի փոխանակումները նոր հեռանկարներ են բացել հայկական խոհանոցի համար, ոգեշնչել տեղի խոհարարներին և նպաստել Հայաստանում ավելի դինամիկ գաստրոնոմիական մշակույթի ձևավորմանը:

Lavash making in tonir in Glkhatun 2.jpg (11.29 MB)

Ռեստորանի սիրտը Գլխատունն է՝ 11-րդ դարով թվագրվող պատմական շինություն, որը վերականգնվել է «ԴԱՐ» հիմնադրամի կողմից: Վերականգնման ընթացքում հայտնաբերվել և պահպանվել են ճարտարապետական հնագույն տարրեր և գետնափոր կավե թոնիրներ: Այսօր այդ տարրերը հյուրերի սպասարկման անբաժանելի մասն են, ներառյալ՝ հայկական ավանդական լավաշի թխումը:

«Ծաղկունք»-ը սերտորեն համագործակցում է «ԱՐՏԵՐ» վերականգնողական օրգանական ֆերմայի և հայ ֆերմերների հետ՝ աջակցելով պատասխանատու գյուղատնտեսությանը և ցուցադրելով տեղական բաղադրիչների ողջ բազմազանությունը:

«Ծաղկունք»-ի գլխավոր արժեքը մարդիկ են: Ռեստորանի թիմը հիմնականում բաղկացած է տեղի բնակիչներից և տարածաշրջանի երիտասարդներից, ովքեր իրենց հմտությունները զարգացրել են հենց այս նախագծի շրջանակներում: Տեղական արտադրողների և արհեստագործների հետ միասին նրանք կազմում են «Ծաղկունք»-ի հիմքը՝ ռեստորան, որը խորապես կապված է իր համայնքին ու հողին:



© NEWS.am STYLE