Նորից կխնդրեի նրա զարդերն ու կոսմետիկան. Մարիամ Ղազանչյանը՝ տատիկի՝ Գալյա Նովենցի մասին

16:30   19 հուլիսի, 2026

Կան մարդիկ, որոնց անուններն արդեն վաղուց դարձել են մշակույթի պատմության անբաժանելի մասը։ Բայց ընտանիքի համար նրանք շարունակում են մնալ նույն հարազատ մարդը՝ իրենց սովորություններով, ժպիտով, ձայնով ու փոքրիկ գաղտնիքներով։ Այդպիսին էր Գալյա Նովենցը նրա թոռնուհու՝ Մարիամ Ղազանչյանի համար։

galya1.jpg (206 KB)

Մեզ հետ զրույցում Մարիամը պատմեց այն Գալյա Նովենցի մասին, որին հանդիսատեսը չէր ճանաչում. ոչ թե մեծ դերասանուհու, այլ սիրող տատիկի, զուսպ կնոջ ու ընտանիքի հենասյան մասին։

– Եթե մի քանի բառով նկարագրեիք Գալյա Նովենցին, որո՞նք կլինեին դրանք։

– Տաղանդավոր, համեստ...

Երբեմն ընդամենը երկու բառը բավական է մի ամբողջ մարդու նկարագիրը փոխանցելու համար։

– Ո՞րն է այն հիշողությունը, որը մինչև հիմա ամենաշատն է ջերմացնում Ձեզ։

– Փոքր ժամանակ շատ էի սիրում տատիկի իրերը ուսումնասիրել։ Բացում էի դարակները, վերցնում նրա զարդերն ու կոսմետիկան։ Զարդերը գցում էի վրաս, շպարվում և թիթիզանում հայելու առաջ։

Այս մանկական հիշողությունը Մարիամի համար պարզապես խաղ չէր։ Այն ամենաջերմ կապերից մեկն էր տատիկի հետ, որը տարիներ անց էլ նույն ջերմությամբ է հիշվում։

– Տանը նա ավելի շատ տատի՞կ էր, թե՞ դերասանուհի։

– Միանշանակ տատիկ։

Գուցե հենց սա է ամենամեծ դերերից մեկը, որ երբևէ խաղացել է Գալյա Նովենցը՝ առանց բեմի և առանց տեսախցիկի։

galya3.jpg (124 KB)

– Ի՞նչ արժեքներ է փոխանցել նա Ձեզ։

– Տարբեր թատրոններում նրա փորձերին ներկա լինելը։ Դրանք ինձ համար անփոխարինելի արժեքներ են, որոնց մասին մինչ օրս հիշում եմ։

Մարիամի համար այդ օրերը ոչ միայն մանկության գեղեցիկ դրվագներ էին, այլև արվեստի հանդեպ սիրո առաջին դասերը։

– Ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ Ձեր տատիկը պարզապես ընտանիքի անդամ չէ, այլ ամբողջ ժողովրդի սիրելի դերասանուհին։

Այս հարցին Մարիամը նախընտրեց չտալ հստակ պատասխան։ Թերևս երևի այն պատճառով, որ իր համար Գալյա Նովենցը միշտ նախ և առաջ եղել է ընտանիքի անդամը, իսկ հետո՝ մեծ արտիստը։

– Ո՞ր ֆիլմն եք ամենադժվարն այսօր դիտում, որովհետև այնտեղ տեսնում եք ոչ թե դերասանուհուն, այլ Ձեր տատիկին։

– Ոչ միայն հիմա, այլ միշտ՝ «Մեր մանկության տանգոն»։ Անբացատրելի եմ ազդվում այդ ֆիլմից։

Դժվար է անտարբեր մնալ այդ ֆիլմի նկատմամբ, երբ էկրանին ոչ թե կերպարն է, այլ քո ամենասիրելի մարդկանցից մեկը։

galya4.jpg (71 KB)

– Ի՞նչ կասեր Գալյա Նովենցը, եթե տեսներ այսօրվա հայկական թատրոնն ու կինոն, ինչպես նաև այն աշխատանքը, որը հենց Դուք եք անում։

– Չգիտեմ, թե ինչ կասեր... Գուցե ոչինչ էլ չասեր...

– Նրա մասին ո՞ր հանրային կարծիքն էր ամենաշատը տարբերվում իրականությունից։

– Շատերը կարծում էին, որ նա բնավորությամբ նման է Սիրանուշի կերպարին։ Ես կարծում եմ՝ ավելի շատ իր կատարած գործողություններով էր նման, հատկապես ընտանիքը պաշտպանելու կարողությամբ։ Իսկ առհասարակ կյանքում նա շատ զուսպ կին էր։

– Եթե հնարավորություն ունենայիք մեկ օր ևս անցկացնել նրա հետ, ի՞նչ կուզենայիք ասել կամ հարցնել։

– Նորից կխնդրեի զարդերն ու կոսմետիկան...

galya2.jpg (55 KB)

Այս պատասխանի մեջ մանկության ողջ կարոտն է։ Ոչ մեծ խոսքեր, ոչ անպատասխան հարցեր, այլ պարզապես այն երջանիկ օրերի վերադարձի ցանկությունը, երբ կարելի էր բացել տատիկի դարակները, հագնել նրա զարդերը, շպարվել նրա կոսմետիկայով ու մի պահ հավատալ, որ աշխարհում ամեն ինչ նույնն է մնացել։

Գուցե հենց այդպիսի հիշողություններով էլ ապրում են մեծ մարդիկ՝ ոչ միայն իրենց ստեղծած արվեստում, այլև իրենց ամենասիրելի մարդկանց սրտերում։



© NEWS.am STYLE