«Ոսկե ծիրան»-ը փակեց 23-րդ էջը․ ովքեր հաղթեցին և ինչով հիշվեց կինոյի գլխավոր տոնը

10:29   20 հուլիսի, 2026

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 23-րդ անգամ գրեց երևանյան կինոփառատոնային պատմության հերթական հիշարժան էջը։ Փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ երեկ՝ հուլիսի 19-ին, Կինոյի տանը, որտեղ էլ հայտարարվեցին այս տարվա գլխավոր հաղթողներն ու մրցանակակիրները։

Միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցույթում փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե ծիրանը», շնորհվեց Մելագրոս Մումենթալերի «Հոսանքներ» (The Currents) ֆիլմին։ «Արծաթե ծիրան» մրցանակին արժանացավ Մորթեզա Ահմադվանդի և Ֆիրուզե Խոսրովանի «Անցյալ․ ապառնի․ շարունակական» (Past, Future, Continuous) ֆիլմը, իսկ Սեբաստիան Բրամեսհուբերի «Լոնդոն» (London) ֆիլմը ստացավ միջազգային ժյուրիի հատուկ հիշատակում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Տարածաշրջանային մրցույթում գլխավոր՝ «Ոսկե ծիրան» մրցանակը բաժին հասավ Ամիր Ազիզիի «Ամիրի հոգում» (Inside Amir) ֆիլմին, իսկ «Արծաթե ծիրանը»՝ Ալեքսանդրե Քոբերիձեի «Չորացած տերև» (Dry Leaf) ֆիլմին։ Վերջինը նաև արժանացավ FIPRESCI մրցանակին, որը շնորհվում է Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի կողմից։

Կարճամետրաժ ֆիլմերին նվիրված «Կորիզ» մրցույթում «Ոսկե ծիրանը» նվաճեց Սերուժ Հովսեփյանի «Մենավոր երկխոսություններ» (Dialogues Solitaire) ֆիլմը, որը նաև արժանացավ Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին։ Այս անվանակարգում «Արծաթե ծիրան» մրցանակը ստացավ Օվսաննա Գևորգյանի «Վարձու սգավորներ» (Paid Mourners) ֆիլմը։

Ժյուրին հատուկ հիշատակումների արժանացրեց նաև Սոնա Խաչատրյանի «Ռելիքվիա» (Relic) և Արթուր Սահակյանի «Մենակ երկուսով» (Together Alone) ֆիլմերը։ Իսկ Թերեզա Նվոտովայի «Հայրը» ֆիլմը ստացավ Հայաստանում և Վրաստանում տարածման մրցանակ, որը ներառում է 6 000 եվրոյի դրամական աջակցություն՝ ֆիլմի տարածաշրջանային տարածումն ապահովելու նպատակով։

Երեկոյի ընթացքում հանձնվեցին նաև փառատոնի պատվավոր մրցանակները։ «Փարաջանովյան թալեր» մրցանակը ստացավ տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահ Մահմուդ Քալարին, իսկ «Վարպետ» մրցանակը հանձնվեց Հոլիվուդի ամենահեռանկարային պրոդյուսերներից մեկին՝ Սև Օհանյանին, ինչպես նաև կինոռեժիսոր և կինոգետ Մարկ Քազընսին։

23-րդ «Ոսկե ծիրան»-ը եզրափակվեց Գոդֆրի Ռեջոյի «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ՝ ամփոփելով կինոյի հերթական տոնական շաբաթը Երևանում։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE