Կարապի լիճը երեք ժամով դարձավ Երևանի ամենամեծ ընթերցասրահը. Ամերիաբանկը միացել է «Զանգակ»-ի նախաձեռնությանը

16:45   20 հուլիսի, 2026

Երևանի ամենասիրելի անկյուններից մեկը՝ Կարապի լճի տարածքը, հուլիսի 19-ին մի քանի ժամով կտրվեց առօրյա աղմուկից ու վերածվեց բաց երկնքի տակ գործող մեծ ընթերցասրահի։ «Զանգակ» գրատների ցանցը և Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը կազմակերպել էին ընթերցանության մարաթոն, որը մեկ վայրում հավաքել էր հարյուրավոր գրքասերների՝ ապացուցելով, որ գիրքը շարունակում է միավորել մարդկանց՝ անկախ տարիքից։

Մուտքն ազատ էր, իսկ տարածքը՝ լի գրքերով, ջերմ շփումներով ու խաղաղ մթնոլորտով։ Միջոցառմանը որպես աջակից միացել էր նաև Ամերիաբանկը, որի կողմից բոլոր գրանցված մասնակիցները ստացան գեղեցիկ էջանշաններ, ապա սկսվեց օրվա գլխավոր «մարտահրավերը»՝ երեք ժամ ընթերցել՝ հեռախոսները մի կողմ դնելով և ամբողջությամբ տրվելով գրքին։

1T6A0713.jpg (3.09 MB)

«Զանգակ» գրատների ցանցի մշակութային ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյանի խոսքով՝ նախաձեռնությունը կազմակերպվել էր «Զանգակ»-ի 14-ամյակի առթիվ։ Սա տարածաշրջանում նման ձևաչափով անցկացվող առաջին ընթերցանության մարաթոնն է։ 

«Մեր նպատակն է երիտասարդների շրջանում խթանել ընթերցանությունը, ցույց տալ, որ գրքի շուրջ հնարավոր է ստեղծել գեղեցիկ, կենդանի միջավայր։ Կարևոր է նաև ընթերցողների համար կազմակերպել մի երեկո, որը կհիշվի»,- նշեց նա։

1T6A0758.jpg (3.72 MB)

Նախաձեռնության հեղինակները ոգեշնչվել են աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվող բացօթյա ընթերցանության միջոցառումներից, երբ մարդիկ պարզապես հավաքվում են հրապարակներում և միասին կարդում. «Մենք ցանկանում էինք նույն պատկերն ունենալ նաև Երևանում։ Ուրախ ենք, որ այն հաջողվեց, և նպատակ ունենք այս մարաթոնը դարձնել ամենամյա ավանդույթ՝ տարեցտարի ավելի մեծացնելով մասնակիցների թիվը»։

Նրա խոսքով՝ միջոցառման ամենակարևոր ուղերձներից մեկն այն էր, որ հնարավոր է՝ երեք ժամ անընդմեջ անջատել հեռախոսը և ամբողջ ուշադրությունը նվիրել գրքին։

Ամերիաբանկում ուսանողների համար մշակվող պրոդուկտի պատասխանատու Անուշ Սարիբեկյանի խոսքով՝ ժամանակակից աշխարհում կարևոր է ոչ միայն արագ տեղեկատվություն գտնելը, այլև այն վերլուծելու, համադրելու և սեփական տեսակետ ձևավորելու կարողությունը։ Այդ ճանապարհին գիրքը շարունակում է մնալ ամենաարժեքավոր ուղեկիցներից մեկը։ Ասում է` ընթերցանության մարաթոնին միացել են սիրով, քանի որ վստահ են՝ գիրքն ու ընթերցանությունը երիտասարդների զարգացման ամենակարևոր գործոններից են։

1T6A0889.jpg (2.97 MB)

«Կարևոր է, որ բիզնեսը մասնակցի այնպիսի նախաձեռնությունների, որոնք նպաստում են գիտելիքի, ինքնազարգացման և ընթերցանության մշակույթի ձևավորմանը։ Վստահ ենք, որ այն երիտասարդները, ովքեր այսօր կարդում են, վաղը կլինեն ավելի ինքնուրույն, ավելի տեղեկացված և ավելի վստահ որոշումներ կայացնող մասնագետներ»,- ընդգծեց նա։ 
Սարիբեկյանը նշեց, որ այժմ աշխատում են ուսանողների համար նախատեսված նոր առաջարկի վրա, որի հիմքում հենց վերջիններս են, նրանց կարիքները, առօրյան և սպասումները. «Մեզ համար կարևոր է ոչ միայն առաջարկել ֆինանսական ծառայություններ, այլև ստեղծել միջավայր, որտեղ երիտասարդները կգտնեն իրենց զարգացմանը նպաստող հնարավորություններ, համայնք և արժեքավոր փորձառություններ»։

Մարաթոնի մասնակիցների մեծ մասը եկել էր սեփական գրքերով, իսկ նրանք, ովքեր իրենց հետ գիրք չէին բերել, կարող էին ընտրություն կատարել տարածքում տեղադրված գրապահարանից։ Ամենապահանջվածը գեղարվեստական, պատմական և դետեկտիվ գրականությունն էր, իսկ փոքրիկ ընթերցողները նախընտրել էին իրենց սիրելի հեքիաթները։

Կարապի լճի շուրջ նստած էին տարբեր տարիքի մարդիկ՝ բոլորը խորասուզված իրենց գրքերի մեջ։ Հատկապես մեծ էր երիտասարդների մասնակցությունը, ինչը ևս մեկ անգամ հերքեց այն կարծրատիպը, թե սմարթֆոններն ու սոցիալական ցանցերը նվազեցրել են ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը։

1T6A0938.jpg (3.90 MB)

NEWS.am STYLE-ը զրուցել է նաև մասնակիցների հետ։ Շատերը միջոցառման մասին տեղեկացել էին համացանցից, իսկ ոմանք պարզապես զբոսնելիս նկատել էին ընթերցողներին, հետաքրքրվել, գրանցվել և անմիջապես միացել մարաթոնին։

Վարսեհատը միջոցառմանը մասնակցում էր դստեր՝ Սաթենի հետ։ Նա համոզված է, որ նման նախաձեռնությունները հատկապես կարևոր են երեխաների համար, քանի որ վաղ տարիքից ձևավորում են գրքի հանդեպ սեր։

«Ընտրել ենք փոքր ծավալի գրքեր, որպեսզի կարողանանք լիարժեք վայելել ընթերցանությունը։ Ես կարդում եմ մոգական ռեալիզմի ժանրի նոր ստեղծագործություն, իսկ դուստրս բերել է իր սիրելի մանկական գիրքը»,- պատմեց նա։

Ընկերուհիներ Ալլան և Անահիտը եկել էին միասին շարունակելու Մարկ Արենի «Անատոլիական պատմություն. այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» վեպի ընթերցանությունը։ Նրանք պատմեցին, որ հաճախ միասին քննարկում են կարդացած գրքերը և վստահ են, որ նման միջոցառումները նաև նոր ընկերություններ ստեղծելու հնարավորություն են։

«Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է Երևանը կարդում։ Երբ շուրջդ մարդիկ նույն հետաքրքրությունն ունեն, ընթերցանությունն էլ ավելի հաճելի է դառնում»,- ասաց Ալլան։

Անահիտն էլ հավելեց, որ հենց գրքերն են իրենց ընկերության հիմքը դարձել, իսկ այս շրջանում նախընտրում են պատմական, դետեկտիվ և միստիկ ժանրերը։

Մի քանի ժամ շարունակ Կարապի լճում իշխում էր հազվադեպ հանդիպող լռություն՝ այն լռությունը, որը ստեղծվում է, երբ հարյուրավոր մարդիկ միաժամանակ թերթում են գրքի էջերը։ Եվ հենց այդ լռությունն էր, թերևս, լավագույն ապացույցը, որ Երևանը ոչ միայն սիրում է կարդալ, այլ նաև պատրաստ է ընթերցանությունը դարձնել քաղաքային նոր մշակույթ։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE