13:41 23 հուլիսի, 2026Երեկ՝ հուլիսի 22-ին, AGBU-ի սրահում կայացավ պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլի նոր տեսահոլովակի՝ «Արորն ու Տատրակը» ստեղծագործության շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին նրա ընկերները, արվեստի գործընկերներն ու ստեղծագործական ճանապարհի աջակիցները, որոնք դարձան մի բացառիկ նախագծի առաջին վկաները։
Այս աշխատանքը պարզապես նոր տեսահոլովակ չէ. այն պատմական իրադարձություն է հայկական երաժշտության համար։ Ավելի քան մեկ դար անց Կոմիտասի ձայնը կրկին հնչեց՝ այս անգամ անսպասելի և յուրահատուկ ձևաչափով՝ Սիբիլի հետ դուետում։

Այս գաղափարը երգչուհու վեց տարվա երազանքն է եղել։ Պատմական ձայնագրությունն ու ժամանակակից երաժշտական մոտեցումը միավորվել են մեկ ստեղծագործության մեջ՝ ստեղծելով անցյալի և ներկայի հուզիչ երկխոսություն։ Նախագծի հիմնական նպատակը ոչ միայն Կոմիտասի անգնահատելի ժառանգության պահպանումն է, այլև նրա իսկ ձայնը նոր սերնդին հասցնելը՝ ժամանակակից երաժշտական լեզվով։
Երաժշտական գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը, միքսն ու մասթերինգը՝ Հմայակ Ռոստոմյանը, բլուլը հնչեցրել է Հասմիկ Մուրադյան Հարությունյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Արտյոմ Աբովյանը։ Նախագիծն իրականացվել է Հերման Հինթիրյանի և AGBU-ի աջակցությամբ։

Շնորհանդեսի ամենահուզիչ պահերից մեկը Սիբիլի խոսքն էր։ Երգչուհին, ներկայացնելով նախագիծը, չկարողացավ զսպել արցունքներն ու հուզմունքը՝ խոստովանելով, թե որքան երկար ու պատասխանատու ճանապարհ է անցել այս երազանքն իրականություն դարձնելու համար։
Սիբիլը, որն ապրում և ստեղծագործում է Պոլսում, տարիներ շարունակ իր առաքելությունն է համարել հայկական երգն ու մշակույթը ներկայացնելը։ Նրա խոսքով՝ Թուրքիայում հայ լինելն ու հայկական մշակույթը հանրայնացնելը հեշտ ճանապարհ չէ, սակայն հենց այդ դժվարություններն են ավելի ամրապնդել իր համոզմունքը, որ պետք է շարունակել երգել հայերեն, պահպանել ազգային ինքնությունն ու փոխանցել այն հաջորդ սերունդներին։

«Արորն ու Տատրակը» պարզապես երաժշտական նախագիծ չէ։ Այն ժամանակների, սերունդների և հոգիների հանդիպում է, որտեղ մեկ դար առաջ հնչած Կոմիտասի ձայնը նոր կյանք է ստանում՝ Սիբիլի զգայուն և խորքային մեկնաբանությամբ։ Սա հարգանքի տուրք է մեծ Վարդապետին և միաժամանակ հիշեցում, որ իսկական արվեստը չի ճանաչում ժամանակի սահմաններ։
Սյունե Առաքելյան