Միլիոնատեր Բրայան Ջոնսոնը պնդում է, որ կլոնավորել է ինքն իրեն՝ անբուժելի հիվանդությունը հաղթահարելու համար

13:36   24 հուլիսի, 2026

48-ամյա ՏՏ միլիոնատեր և կենսահաքեր Բրայան Ջոնսոնը, որը հայտնի է իր՝ ծերացման դեմ ծայրահեղ փորձարկումներով, սոցիալական ցանցերում հայտարարել է, որ «կլոնավորել է ինքն իրեն»։ Նա պնդում է, որ դա արվել է նորարարական բուժումներ փորձարկելու և հետագայում փոխպատվաստման համար օրգաններ աճեցնելու համար։

«Ես պարզապես կլոնավորեցի ինձ... որպես նորածին», - գրել է Ջոնսոնը X սոցիալական ցանցի իր էջում։ «Առայժմ այս «Փոքրիկ Բրայանը» ապրում է Պետրիի ամանի մեջ։ Ոմանց համար սա թվում է վախեցնող կամ դիստոպիկ ապագա։ Բայց մյուսները դա կդիտարկեն որպես բժշկության էվոլյուցիայի անխուսափելի քայլ»։

Ինչպե՞ս է գործում «կլոնավորումը»

Տեխնոլոգիան, որին Ջոնսոնը դիմում է, գիտականորեն հայտնի է որպես ինդուկցված պլուրիպոտենտ ցողունային բջիջներ (iPSC): Գործընթացը ներառում է բջիջների մեկուսացում արյան սովորական նմուշից, ապա դրանց վերածրագրավորում՝ սաղմնային ցողունային բջիջներին նման վիճակի, ըստ Independent-ի։

Սա կենսաբժշկության ճանաչված ոլորտ է, որը հիմնադրվել է ճապոնացի գիտնական Շինյա Յամանակայի կողմից, ով 2012 թվականին այս հայտնագործության համար ստացել է Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում։

Անբուժելի հիվանդության պատասխան

Անցյալ ամիս Բրայան Ջոնսոնը հայտնեց, որ իր մոտ ախտորոշվել է անբուժելի աուտոիմուն հիվանդություն, որի դեպքում իմունային համակարգը սխալմամբ հարձակվում է ստամոքսի լորձաթաղանթի առողջ բջիջների վրա: Այնուամենայնիվ, ձեռնարկատերը հայտարարեց, որ մտադիր է լուծում գտնել՝ օգտագործելով արհեստական ​​բանականություն և ժամանակակից գենետիկական տեխնոլոգիաներ:

«Այս կլոնի միջոցով ես կարող եմ դառնալ իմ սեփական դոնորը. փորձարկել թերապիաները դրա վրա, աճեցնել օրգաններ փոխպատվաստման համար, մշակել նոր բուժումներ և ներարկել երիտասարդ բջիջներ», - բացատրել է կենսահաքերը: «Այս տեխնոլոգիան բացում է ճանապարհ ծերացման դեմ պայքարի համար: Ախտորոշումը ոգեշնչել է ինձ ուսումնասիրել մարմնի վերականգնման նոր հորիզոններ»:

Հանրային արձագանք

Ջոնսոնի նոր նախագիծը քննադատության ալիք է առաջացրել առցանց: Նրա հետևորդներից մեկը հեգնանքով նշել է. «Բրայան Ջոնսոնը վառ օրինակ է այն բանի, թե ինչ է պատահում, երբ դուք չափազանց շատ գումար եք տալիս մահվան հիվանդագին վախ ունեցող մեկին»:

Սա առաջին դեպքը չէ, երբ կենսահաքերը պաշտպանում է իր ոչ ավանդական մոտեցումը՝ պնդելով, որ իր անձնական փորձերը և բազմամիլիոն դոլարանոց ծախսերը ուղղված են ողջ մարդկության համար գիտական ​​և բժշկական հայտնագործությունների արագացմանը:



© NEWS.am STYLE