«Աստղերու հաւատքով». Վիգեն Հովսեփյանի պոեզիան կենդանացավ Համազգային թատրոնի բեմում

12:58   24 հուլիսի, 2026

Հուլիսի 23-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կայացավ Վիգեն Հովսեփյանի «Աստղերու հաւատքով» բանաստեղծությունների ժողովածուի հիման վրա ստեղծված թատերականացված ներկայացումը՝ հանդիսատեսին պարգևելով հուզական, անկեղծ և խորապես տպավորիչ երեկո։

«Աստղերու հաւատքով» (2023) Վիգեն Հովսեփյանի առաջին բանաստեղծական ժողովածուն նրա ներաշխարհի յուրահատուկ արտացոլումն է, ինքնատիպ խորհրդատվություն է հայրենասիրական ապրումների և մարդկային հարաբերությունների շուրջ։ Շուրջ 50 բանաստեղծություններից կազմված ժողովածուն ներկայացնում է հեղինակի անցած ճանապարհը, հույզերն ու երազանքները՝ գրված զգացմունքային արևմտահայերենով, հարուստ պատկերներով, ներքին լռություններով ու խորը ասելիքով։

IMG_2592.jpeg (1.39 MB)

Գրքի հիման վրա ստեղծված բեմադրությունը հանդիսատեսին հնարավորություն է տալիս ոչ միայն վերապրելու պոեզիայի հուզական աշխարհը, այլև վայելելու արևմտահայերեն խոսքի յուրահատուկ երաժշտականությունն ու գեղեցկությունը։

Թատերական երեկոն կազմակերպել էր Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը՝ հավատարիմ մնալով ազգային մշակութային արժեքների պահպանման և հանրայնացման իր առաքելությանը։

IMG_2594-1.jpeg (1.78 MB)

Ինչպես ավելի վաղ նշել էր դերասանուհի Տաթև Ղազարյանը՝ արևմտահայերենին անդրադառնալը ստեղծագործական խմբի համար եղել է առանձնահատուկ պատասխանատվություն և պատիվ.

«Տարիներ շարունակ այդ միտքը մեզ հետապնդել է, որ մեր խաղացանկում ներգրաված ունենանք նաև արևմտահայերենով ներկայացումներ։ Սա մի փոքրիկ ու պատահաբար ստացված առիթ էր, որ մենք ծանոթացանք Վիգեն Հովսեփյանի պոեզիային և որոշեցինք այն մեզ մոտ բեմադրել»։

IMG_2600.jpeg (1.27 MB)

Նրա խոսքով՝ ներկայացումը նաև առիթ է հանդիսատեսի համար կրկին լսելու և զգալու արևմտահայերեն խոսքի մեղեդայնությունն ու հնչեղությունը։

Բեմում հանդես եկան նաև Նարեկ Բաղդասարյանը, Միլենա Ղազարյանը, Հարություն Սարգսյանը և Անդրանիկ Միքայելյանը, որոնք իրենց արտիստիզմով և զգացմունքային ընթերցումներով կենդանացրին Վիգեն Հովսեփյանի բանաստեղծական աշխարհը՝ ստեղծելով մտերմիկ ու հոգևոր մթնոլորտ։

IMG_2609-2.jpeg (1.80 MB)

«Աստղերու հաւատքով» ներկայացումը հերթական անգամ ապացուցեց, որ պոեզիան կարող է նոր շունչ ստանալ թատրոնի բեմում՝ դառնալով ոչ միայն գեղարվեստական, այլև մշակութային կարևոր իրադարձություն։ Երեկոն լի էր հույզերով, լռության խոսուն պահերով և հանդիսատեսի ջերմ արձագանքով՝ վերածվելով հիշարժան ու տպավորիչ մշակութային հանդիպման։

IMG_2617.jpeg (1.84 MB)



© NEWS.am STYLE