11:31 6 մարտի, 2014Առաջին ալիքի հեռուստաֆիլմերի շարքը համալրելու է եկել «ԱԻՆ-911»-ը, որը եթեր կհեռարձակվի մարտի 10-ից: 16 սերիայից բաղկացած ֆիլմաշարը ներկայացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (աշխատակիցների, փրկարարների, առանձին գումարտակների ու ենթակայանի, ինչպես նաեւ ղեկավար կազմի եւ ընդհանրապես ամբողջ անձնակազմի) աշխատանքի բարդ ու ծանր բնույթը:
«Առաջարկը ստացա Հանրային Հեռուստատսությունից: Անկեղծ ասած՝ սկզբում շատ էի տարակուսում. մտածում էի, որ շատ դժվար կլինի, քանի որ մենք գործ ունեինք մարդկային, միջանձնային հարաբերությունների հետ եւ այն պետք էր ճիշտ ներկայացնել: Ֆիլմի նպատակն էր՝ ցույց տալ փրկարարների կերպարը, ինչպես են նրանք ապրում եւ ինչպես են բազում մարդկային կյանքեր փրկում: Ավելի լավ պատկերացում ստանալու համար մի քանի օր մեր օրն անցկացնում էինք Արտակարգ իրավիճակների նախարարությունում, որտեղ մեզ ամեն ինչ բացատրում էին: Իրոք, մինչ այս ես ծանոթ չէի փրկարարի կերպարին»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց ֆիլմի սցենարիստ Անահիտ Մխիթարյանը:

Ֆիլմում անդրադարձ է կատարվում նաեւ աշխատակիցների ապրումներին եւ վերապրումներին, անձնական հոգեբանական խնդիրներին: Ընդհանուր առմամբ, ֆիլմը միտված է ցույց տալու Արտակարգ իրավիճակների նախարարության ամբողջ համակարգի մանրամասնություննրը, հանդիսատեսին ամենաշատը հետաքրքրող պահերը եւ, ամենակարեւորը, ֆիլմի գլխավոր հերոսների կերպարներով փորձ է արվում ցույց տալ այդ մարդկանց անձնվեր եւ հերոսական արարքները, նվիրվածությունն իրենց աշխատանքին եւ մարդկային բարձր հատկանիշները:
«Երբեւէ ինձ չեմ պատկերացրել փրկարարի դերում, բայց երբ առաջարկեցին մասնակցել՝ չհրաժարվեցի: Ֆիլմում կային գործողություններ, որոնք պետք է բարձրության վրա նկարահանվեին, որից ես շատ եմ վախեցել, բայց հաղթահարելով վախս՝ փորձել եմ տանիքների վրայով թռչել, բարձրանալ բարձրահարկ շենք եւ այլն: Անկեղծ ասած՝ փրկարար լինելը շատ բարդ, բայց հետաքրքիր եւ լավ մասնագիտություն է»,- ասաց Անին:

Անահիտ Մխիթարյանը նշեց, որ չնայած դերասաններն ընտրվել են casting-ով, բայց երբ գրում էր ֆիլմի սցենարը, գլխավոր դերակատարներից մեկին հենց Անիին է պատկերացրել:
«Տաղանդավոր եւ շատ համարձակ աղջիկ է Անին: Ես վստահ էի, որ նրա մոտ այդ կերպարը ստացվելու է»,- հավելեց սցենարիստը:
Ֆիլմում բարձրացվում է նաեւ սոցիալական խնդիր, այն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումն աշխատանքային ոլորտ: Ցույց է տրվում այն իրականությունը, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ ոչ միայն կարող են աշխատունակ լինել, այլ ավելին, կարող են փրկել:

Ֆիլմի սցենարն իրական դեպքերի հիման վրա է գրված: Բոլոր կերպարները մարմնավորել են դերասանները, բայց նրանց կողքին իսկական փրկարարներ են եղել, ովքեր ապահովել են թե՛ դերասանների, թե´ նկարահանող խմբի անվտանգությունը:
Ֆիլմի ռեժիսորը Ելենա Արշակյանն է, սցենարիստը` Անահիտ Մխիթարյանը: Հատուկ ջոկատի 5 անդամի դերակատարներն են Անի Երանյանը, Սուրեն Թումասյանը, Սուրեն Փահլեւանյանը, Անդրանիկ Ղազարյանը եւ Համլետ Համբարձումյանը:
Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը