13:20 28 հուլիսի, 2026Նաոմի Քեմփբելը նավարկության է մեկնել սուպերզբոսանավով՝ մեկ կերպարում վարպետորեն համադրելով պարզ ռետինե հողաթափերն ու հնգանիշ արժողությամբ դիզայներական պայուսակը։

Շաբաթ օրը 56-ամյա սուպերմոդելին պապարացիները ֆիքսել են Իբիցայում՝ զբոսանավ բարձրանալու ճանապարհին։ Ծովային զբոսանքի համար Նաոմին ընտրել էր ծալքազարդերով փիրուզագույն ամառային զգեստ, բիկինի և Havaianas ռետինե հողաթափեր։ Այս ամենը նա համադրել էր 24,500 դոլար արժողությամբ վառ կապույտ Hermès Kelly Pochette պայուսակի հետ։

Լողափնյա «բոհո-շիկ» կերպարը պոդիումի աստղն ամբողջացրել էր «կատվի աչք» ոճի արևային ակնոցով, բազմաշերտ ոսկյա շղթաներով, ծղոտե գլխարկով և ուլունքավոր ապարանջաններով։

Անձնական թիկնապահն իր մոտ պահել է նրա լողափնյա պայուսակն ու ուղեկցել մոդելին դեպի նավակը, որն էլ Նաոմիին հասցրել է Force Blue-ի բորտ։ Սա 70-մետրանոց հետազոտական սուպերզբոսանավ է, որն իր մեջ կարող է մինչև 12 հյուր և անձնակազմի 21 անդամ տեղավորել։

Հատկանշական է, որ նախկինում նավը պատկանել է «Ֆորմուլա-1»-ի Alpine թիմի նախկին ղեկավար Ֆլավիո Բրիատորեին, որի հետ Քեմփբելը նշանված է եղել մինչև 2003 թվականի բաժանումը։