13:44 28 հուլիսի, 2026«Կինոմոսկվան» լեփ-լեցուն է, հանդիսատեսը՝ ոգևորված, դերասաններն անհամբեր՝ հեռուստադիտողի հետ կիսելու այն էմոցիաները, որոնք ապրել են իրենց կերպարները: Kinodaran-ի «Սուրբը» սերիալի 3-րդ եթերաշրջանի վերջին երկու սերիաների փակ դիտումն է՝ էկրանին ու դրա հակառակ կողմում ապրող հերոսների մասնակցությամբ:
Երեք եթերաշրջանի ընթացքում «Սուրբ»-ի հերոսները անցել են ամենատարբեր փորձությունների միջով՝ սեր, դավաճանություն, պայքար և կորուստներ։ Իսկ այսօր նրանք հանդիսատեսի առաջ են ներկայանում նոր փորձառությամբ, ավելի հասուն ու նոր բացահայտումներով։
Այս եթերաշրջանում մեծ փոփոխությունների միջով են անցել գլխավոր հերոսները՝ Վիլենը և Հովոն, որոնց մարմնավորում են դերասաններ Հայկ Հովհաննիսյանն ու Վիլեն Սարգսյանը: Սակայն «Սուրբ»-ում երկրորդական կերպարներ, գրեթե, չկան։ Յուրաքանչյուր հերոս իր ազդեցությունն ունի պատմության զարգացման վրա։
Kinodaran-ի համար արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել սիրված նախագծերի եզրափակիչ դրվագները դիտել հենց այն մարդկանց հետ, որոնց համար դրանք ստեղծվում են։ Պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանի խոսքով՝ նման հանդիպումները լավագույն գնահատականն են իրենց աշխատանքի համար և հնարավորություն՝ կիսելու ամենաուժեղ էմոցիաները հանդիսատեսի հետ։
Պրոդյուսերն ասում է՝ երրորդ եթերաշրջանում փորձել են համադրել առաջին երկու եթերաշրջանների ամենահիշվող ու ամենասիրված տարրերը՝ միաժամանակ պահպանելով պատմության լարվածությունն ու անակնկալները։
Թեև «Սուրբ»-ը կրիմինալ դրամա է, դրա հեղինակներն ընդգծում են՝ նպատակը երբեք չի եղել քրեական աշխարհը քարոզելը։ Ընդհակառակը՝ սերիալը հերոսների ճակատագրերի միջոցով ցույց է տալիս, թե որքան ծանր ու անդառնալի կարող են լինել սխալ ընտրությունների հետևանքները։
Թե ինչ հույզեր ունեին դերասաններն ու հանդիսատեսը, դիտեք NEWS.am STYLE-ի պատրաստած բացառիկ ռեպորտաժում: