13:30 31 հուլիսի, 2026Մինչ մյուս երեխաները բակում ֆուտբոլ էին խաղում կամ վազվզում էին մինչև ուշ երեկո, Շանթ Սարգսյանը ժամերով նստում էր եղբոր հետ ու ականջները փակ շախմատ էր խաղում։ Այդ խաղերն արդեն հուշում էին, որ նրա աշխարհը տարբերվում է հասակակիցների աշխարհից։ Տարիներ անց այդ նույն տղան նստեց շախմատի տախտակի դիմաց աշխարհի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կարլսենի դեմ և արեց այն, ինչի մասին երազում են հազարավոր շախմատիստներ՝ հաղթեց նրան։
Շանթը խոստովանում է, որ երբ ավարտվեց այդ պատմական պարտիան, առաջին միտքը շատ պարզ էր, բայց միևնույն ժամանակ՝ ամենախորը.
«Միանգամից մտածեցի, որ երազանքս իրականացավ, և հաղթեցի շախմատի պատմության լավագույնին»։
Թեև այսօր այդ հաղթանակը շատերի համար թվում է օրինաչափություն, ինքը չի թաքցնում, որ այն իր համար ավելի շատ անակնկալ էր, քան նախապես սպասված արդյունք։ Իսկ վճռորոշ պահը եկավ վերջնախաղում, երբ Կարլսենը վրիպում թույլ տվեց։
«Այդ պահին հասկացա, որ շատ մոտ եմ հաղթանակին»։
Սակայն Շանթի համար այդ պարտիան միայն գեղեցիկ հաղթանակ չէր։ Այն փոխեց մտածողությունը։
«Կարլսենի հետ խաղից հետո հասկացա, որ հնարավոր է հաղթել յուրաքանչյուրին»։
Այս միտքը հաճախ դառնում է մեծ մարզիկների ամենաուժեղ զենքը՝ սեփական հնարավորությունների սահմաններն այլևս չկասկածելը։
Կարլսենի նկատմամբ տարած հաղթանակից հետո Շանթ Սարգսյանին և Մագնուս Կարլսենին դեռ չի հաջողվել զրուցել։
Շանթ Սարգսյանի շախմատային աշխարհը ձևավորվել է աշխարհի լավագույնների պարտիաների ուսումնասիրությամբ։ Նա ասում է, որ ուսումնասիրել է աշխարհի բոլոր չեմպիոնների խաղերը, սակայն ամենաշատը՝ հենց Մագնուս Կարլսենի։ Այդ ուսումնասիրություններին այսօր ավելացել են նաև համակարգիչները, որոնք, ըստ նրա, միաժամանակ և՛ անփոխարինելի են, և՛ երբեմն սահմանափակում են ստեղծագործական մոտեցումները։
Բայց շախմատը միայն հաշվարկ չէ։ Այն նաև հոգեբանական պայքար է։ Շանթը յուրաքանչյուր խաղից առաջ հատուկ տրամադրում է իրեն, իսկ պարտություններից չի խուսափում։ Ընդհակառակը՝ համոզված է, որ հենց պարտություններն են ամենաշատը սովորեցնում։
«Պարտությունների ժամանակ միշտ կարելի է ավելի շատ սովորել»։
Ծանր շրջաններում էլ ինքնավստահությունը վերականգնելու իր ձևն ունի։
«Միշտ մտածում եմ, որ հաղթանակները դեռ առջևում են և շուտով կգան»։
Հաջողության գաղտնիքը, նրա խոսքով, ոչ թե բացառիկ տաղանդն է, այլ մեկ սովորություն՝ երբեք չդադարել պայքարել։
Շախմատային ճանապարհին ամենամեծ ազդեցությունն ունեցել է մանկության մարզիչը՝ Տիգրան Պողոսյանը, ում Շանթը համարում է իր կյանքի ամենակարևոր մարդկանցից մեկը։
Երբ խոսքը վերաբերում է հայ երիտասարդ շախմատիստներին, նա առանձնացնում է երկու կարևոր որակ, որոնց պակասը հաճախ զգացվում է՝ կամքն ու աշխատասիրությունը։
Թեև նրա կյանքը ամբողջությամբ կապված է շախմատի հետ, քիչ մարդիկ գիտեն, որ Շանթ Սարգսյանը մեծ սիրով հետևում է նաև ֆուտբոլին և հաճույքով ինքն էլ խաղում է։
Հետաքրքիր է, որ իր ամենաբարդ մրցակցին ու ամենահիշվող հաղթանակը նա նույն անունով է կապում՝ Մագնուս Կարլսեն։ Իսկ երբ հարցնում ես, թե ո՞ր շախմատիստի դեմ կցանկանար խաղալ, պատասխանում է՝ Գարրի Կասպարով։ Եթե հնարավորություն ունենար մեկ պարտիա խաղալ պատմության ցանկացած շախմատիստի հետ, կընտրեր Ռոբերտ Ֆիշերին՝ նրան համարելով պատմության ամենահզոր շախմատիստներից մեկը։
Իսկ եթե կյանքը բոլորովին այլ ճանապարհ ընտրեր, Շանթ Սարգսյանը վստահ ասում է՝ կդառնար ֆուտբոլիստ։
Նա նաև ասում է, որ չկա այնպիսի պարտիա, որը մինչև հիմա մտովի շարունակի խաղալ։ Անցածն անցել է, իսկ հայացքը միշտ ուղղված է առաջ։
Այդ «առաջը» շատ կոնկրետ նպատակ ունի։ Շանթ Սարգսյանը ցանկանում է հաղթահարել շախմատի էլիտար՝ 2700 վարկանիշի շեմը և Հայաստանի հավաքականի կազմում նվաճել Համաշխարհային օլիմպիադայի թիմային ոսկե մեդալը։
Երբ հետադարձ հայացք ես գցում Շանթ Սարգսյանի անցած ճանապարհին, պարզ է դառնում, որ մեծ հաղթանակները ծնվում են տարիների նվիրումից, համառ աշխատանքից և անսահման հավատից։ Նրա պատմությունը դեռ ավարտված չէ։ Եթե աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկին՝ Կարլսենին հաղթելու երազանքն արդեն իրականություն է դարձել, ապա 2700 վարկանիշային շեմն ու օլիմպիական ոսկին կարող են դառնալ նրա հաջորդ մեծ նվաճումները։