Հայտնի յութուբերը մտածում է էվթանազիայի մասին՝ անբուժելի հիվանդության և բժշկական ծախսերի պատճառով  

12:16   3 օգոստոսի, 2026

Հայտնի յութուբերը և անիմատորը հայտարարել է, որ լրջորեն մտածում է Շվեյցարիայում ինքնասպան լինելու մասին։ Նա պնդում է, որ քրոնիկ ցավը զրկել է իրեն բովանդակություն ստեղծելու հնարավորությունից և հասցրել է հսկայական բժշկական պարտքերի։

38-ամյա Մաքս Ջիլարդին, որը անիմացիոն տեսանյութեր է հրապարակում hotdiggedydemon օգտատիրոջ անվան տակ, շաբաթ օրը ուղիղ հեռարձակման ժամանակ ցնցող հայտարարություն է արել։

«Մտքիս եկած բոլոր հնարավոր տարբերակները դիտարկելուց հետո, ես վերջապես հանգեցի միակ լուծմանը՝ բժշկի օգնությամբ էվթանազիային», - նշել է Ջիլարդին։

Մաքս Ջիլարդին լայն ճանաչում է ձեռք բերել հայտնի ֆրանշիզների իր վիրուսային անիմացիոն պարոդիաների շնորհիվ։ Նրա ալիքն ունի ավելի քան 2.1 միլիոն բաժանորդ, իսկ դիտումների ընդհանուր թիվը մոտենում է կես միլիարդի։

«Ես հոգնել եմ մշտական ցավի մեջ ապրելուց»

Այնուամենայնիվ, առողջական խնդիրները, որոնք սկսվել են 2024 թվականին ֆիբրոմիալգիայի ախտորոշմամբ (վիճակ, որը ցավ է առաջացնում ամբողջ մարմնում), զգալիորեն նվազեցրել են նրա արտադրողականությունը։ «Ես հոգնած եմ։ Ես անընդհատ հոգնած եմ և ժամանակիս մեծ մասն անցկացնում եմ պարզապես պառկած։ Ես տանջալից ցավեր եմ զգում բոլոր հոդերում և մկաններում՝ կոճերում, սրունքներում, ձեռքերում, ծնկներում, կոնքերում, պարանոցում։ Ես դժվարանում եմ քնել», - ասել է Ջիլարդին։

Մուլտիպլիկատորը նաև թվարկել է մի շարք այլ ախտանիշներ, որոնք բժիշկները դեռևս չեն կարողանում բացատրել, ինչպիսիք են հանկարծակի չափազանց թքարտադրությունը և խոսքի դժվարությունները։ Իրավիճակը սրվում է բժշկական ծախսերի կտրուկ աճով։

«Ապրելուց ավելի թանկ բան չկա», - ընդգծել է յություբերը։

Նա ասել է, որ կյանքին վերջ տալու որոշումը երկար մտորումների արդյունք էր և իր համար «բնական ավարտ» էր թվում։ «Իմ գոյությունը վերածվել է արատավոր շրջանի. ես տառապում եմ և հազիվ եմ ծայրը ծայրին հասցնում, միայն թե շարունակեմ ձգձգել այն գոյությունը, որում կրկին հազիվ եմ ծայրը ծայրին հասցնում և տառապում»։

Տերմինոլոգիայի սխալ և հանրության արձագանքը

Ջիլարդին նշել է, որ պլանավորում էր մեկնել Շվեյցարիա՝ սխալմամբ պնդելով, որ էվթանազիան այնտեղ օրինական է։

Իրականում, Շվեյցարիայի օրենքն արգելում է մաքուր էվթանազիան (երբ մահացու դեղամիջոց է ներարկվում առողջապահության մասնագետի կողմից), սակայն երկիրը թույլատրում է օժանդակ ինքնասպանությունը՝ մի ընթացակարգ, որի ընթացքում անձը որոշում է կայացնում և կատարում վերջնական գործողությունը։

Բլոգերի ցնցող հայտարարությունը հակասությունների և մտահոգությունների փոթորիկ առաջացրեց երկրպագուների շրջանում։ Արդյունքում, Ջիլարդին նոր գրառում է հրապարակել X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում՝ նշելով, որ առայժմ դադարեցնում է իր ծրագիրը. «Ես որոշեցի, որ հիմա պարզ չեմ մտածում։ Ես կվերանայեմ իմ որոշումը», - կիրակի օրը գրել է անիմատորը։



© NEWS.am STYLE