17:22 13 օգոստոսի, 2026Լոս Անջելեսում բնակվող երգչուհի Հայկուհի Բաբախանյանը կարճ ժամանակով կրկին Հայաստանում է։ Այս այցը, սակայն, պարզապես հայրենիք վերադառնալու հերթական առիթ չէր․ երգչուհին եկել էր հարազատ մարդկանց կարևոր օրվա մասնակիցը դառնալու, ինչպես նաև ժամանակն օգտագործել էր ստեղծագործական նոր աշխատանքի համար։
«Հայաստանում վերջին անգամ եղել էի մոտ մեկ տարի առաջ։ Ամեն անգամ հայրենիք վերադառնալը ինձ համար առանձնահատուկ զգացողություն է։ Անկախ նրանից՝ որքան ժամանակ ես ապրում արտերկրում, Հայաստանում ոտք դնելիս միանգամից զգում ես այն հարազատությունն ու ջերմությունը, որը ոչ մի այլ վայրում չես կարող նույն կերպ զգալ»,– պատմում է Հայկուհին՝ ընդգծելով, որ այս այցը ևս հագեցած ու հուզական էր։
Հայաստան՝ գեղեցիկ առիթով

Այս անգամ երգչուհու այցի գլխավոր պատճառը շատ ուրախալի էր․ Հայկուհին և նրա ամուսինը ստանձնել էին հարազատ մարդկանց հարսանիքի քավորությունը։
«Քավոր լինելը մեզ համար պարզապես գեղեցիկ ավանդույթ չէ, այլ մեծ պատասխանատվություն է։ Շատ ուրախ եմ, որ այդ կարևոր օրը կարողացանք լինել նրանց կողքին ու կիսել նրանց երջանկությունը»,– ասում է նա։
Սակայն հայրենիք յուրաքանչյուր այց Հայկուհու համար նաև ստեղծագործելու նոր հնարավորություն է։ Այդպես էլ այս անգամ․ հարսանեկան գեղեցիկ օրերին զուգահեռ երգչուհին հասցրել է իրականացնել իր հերթական ստեղծագործական նախագիծը՝ Հայաստանի բնության գրկում նկարահանելով նոր տեսահոլովակ։
«Սիրո կամար»՝ Հայաստանի բնության գրկում

Հայկուհու նոր տեսահոլովակը նկարահանվել է նրա նոր՝ «Սիրո կամար» երգի հիման վրա։ Երգը բոլորովին նոր է և, ինչպես երգչուհին է նշում, գրվել է հենց իր համար, ինչն էլ այն առանձնահատուկ է դարձնում իր համար։
Տեսահոլովակի նկարահանումների համար ընտրվել է քաղաքից դուրս՝ բնության գրկում գտնվող չքնաղագեղ վայր։ Ընտրությունը պատահական չի եղել․ ստեղծագործական թիմը ցանկացել է գտնել մի միջավայր, որի գեղեցկությունն ու խաղաղությունը կկարողանան փոխանցել երգի ուրախ տրամադրությունն ու ջերմությունը։
«Քանի որ հայրենիք այցելելու յուրաքանչյուր հնարավորություն ինձ համար թանկ է, բաց չթողեցի այդ պահը և որոշեցի համատեղել հաճելին ու ստեղծագործականը։ Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկում՝ բնության գրկում, նկարահանեցի իմ հերթական տեսահոլովակը՝ ինձ հետ տանելով ևս մեկ փոքրիկ, բայց արժեքավոր հիշողություն ու ստեղծագործական աշխատանք»,– պատմում է երգչուհին։
Իսկ նոր տեսահոլովակի պրեմիերային երկար չի մնացել։ «Սիրո կամարը» շատ շուտով հասանելի կլինի YouTube-ում, իսկ Հայկուհին արդեն անհամբերությամբ սպասում է իր սիրելի հանդիսատեսի արձագանքներին ու մեկնաբանություններին։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Հայկուհի Բաբախանյանը