Նոր մանրամասներ Կրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի գաղտնի հարսանիքի մասին. Նրա ընտանիքը արարողության մասին իմացել է դրանից 30 վայրկյան առաջ

20:30   14 օգոստոսի, 2026

Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը շատ փակ հարսանիք են անցկացրել՝ այնքան, որ, ըստ պորտուգալական լրատվամիջոցների, ֆուտբոլիստի մայրն ու եղբայրները արարողության մասին իմացել են դրա սկսվելուց ընդամենը կես րոպե առաջ, հայտնում է Daily Mail-ը։

Զույգը պաշտոնապես ամուսնացել է օգոստոսի 11-ին՝ Լիսաբոնի մոտ գտնվող իրենց նոր առանձնատան տարածքում, որի արժեքը կազմում է մոտ 30 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Քաղաքացիական մտերմիկ արարողությանը ներկա են եղել միայն չորս վկա և զույգի երեխաները։

Ռոնալդոյի մայրը՝ Դոլորես Ավեյրոն, և նրա քույր-եղբայրները՝ Հյուգոն, Էլման և Կատիան, ներկա չեն եղել։ Ըստ պորտուգալացի հեռուստահաղորդավարուհի Քրիստինա Ֆերեյրայի, ընտանիքը գուցե, իմացել էր հարսանիքի մասին ընդամենը վայրկյաններ առաջ, նախքան Ռոնալդուի և Ջորջինայի «այո» ասելը։

«Դա շատ խնդիրներ կառաջացնի, քանի որ ընտանիքը այնտեղ չէր։ Նրանք նույնիսկ չպետք է իմանային։ Իսկ եթե անգամ իմացել են, դա 30 վայրկյան առաջ է եղել»,-ասել է Ֆերեյրան Dois às 10 հաղորդման ժամանակ:

Հաղորդավար Կլաուդիո Ռամոսը, այնուամենայնիվ, հորդորել է զգուշություն ցուցաբերել շտապ եզրակացություններ անելուց՝ նշելով, որ ընտանեկան հարաբերությունները հիմնականում հիմնված են այն ամենի վրա, ինչ հասարակությունը տեսնում է սոցիալական ցանցերում:

Ռոնալդուի մայրը, սակայն, հրապարակավ շնորհավորել է զույգին. Հարսանիքի հայտարարությունից հետո Դոլորեսը որդու գրառման տակ սրտի էմոջի է թողել։ Նույն կերպ է վարվել նաեւ ֆուտբոլիստի քույրը՝ Կատիան, ով այժմ գտնվում է Մադեյրայում։

Արարողության ականատեսների թվում էին Ջորջինայի քույրը՝ Իվանա Ռոդրիգեսը, Ռոնալդուի վաղեմի ընկեր Միգել Պաիքսան և իսպանացի Խոսե Ռոդրիգես Սանգյուիլ և Մոնիկա Գոնսալես Մարտինես զույգը։ Պորտուգալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ժոզեն աշխատում է ոսկերչական բիզնեսում։

Արարողությունը տեղի է ունեցել 13:30-ին Ռոնալդուի և Ջորջինայի առանձնատանը, որը գտնվում է հեղինակավոր Quinta da Marinha թաղամասում: Գրանցող Մարիա Մանուել Ֆերեյրա դե Կամպոս Ֆոլհադ դե Օլիվեյրան հատուկ ճանապարհորդել է Պորտոյից՝ հարսանիքը կատարելու համար:

Հարսանիքի նախօրեին զույգը նաև ստորագրել է նախնական պայմանագիր։ Փաստաթղթերի համաձայն՝ նրանք համաձայնվել են պահպանել ամուսնությունից առաջ ձեռք բերված գույքի առանձին սեփականությունը։ Պայմանագիրը վերջնականապես կնքվել է օգոստոսի 10-ին՝ արարողությունից մեկ օր առաջ։

Ռոնալդոն և Ռոդրիգեսն ամուսնացել են նշանադրության մասին հայտարարելուց ուղիղ մեկ տարի անց։ Մինչ այդ զույգը գրեթե տասը տարի հարաբերությունների մեջ էր և մեծացնում էր հինգ երեխա։

Հարսանիքից հետո զույգը վերադարձել է Սաուդյան Արաբիա, որտեղ Ռոնալդուն շարունակում է խաղալ «Ալ Նասր»-ում։



© NEWS.am STYLE