10:30 21 օգոստոսի, 2026Ամեն ինչ սկսվում է մեկ քայլից՝ սեփական սխալներն ընդունելուց. սա, թերևս, այն առանցքային հաղորդագրությունն է, որն ընկած է հայկական նոր թրիլլերի՝ «Սև կարապների գիշեր» ֆիլմի հիմքում: Մեկ հերոս, մի շարք զանգեր, որոնք արթնացնում են հոգեբանական տարբեր ապրումներ՝ վախից մինչև ըմբոստություն, մերժումից մինչև ընդունում:
Ֆիլմում լսվում են հեռախոսազանգերը, սակայն էկրանին երևում է միայն մեկ հերոս, և այդ պարտավորեցնող դերը վստահվել էր դերասան Վարուժան Մարգարյանին:
Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ երեկ՝ օգոստոսի 20-ին, «Կինոմոսկվայում»:
Посмотреть эту публикацию в Instagram
Կինոթատրոնի բակում՝ երկար կարմիր գորգ, իսկ ուշադրության կենտրոնում Վարուժան Մարգարյանն է: Դերասանը խոստովանում է՝ ֆիլմում միակ դերասանը լինելը և հետաքրքիր էր, և դժվար: «Դա մարտահրավեր էր ինձ համար, նաև նորություն էր, թե որքանով է ստացվել, իսկ դա կկարողանամ հասկանալ միայն ֆիլմը դիտելուց»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց դերասանը։
Ֆիլմի ռեժիսորը Գևորգ Մխիթարյանն է։ Նրա խոսքով՝ այս ժապավենը բոլորի մասին է, և կինոթատրոնի այցելուներից յուրաքանչյուրն իրեն կարող է գտնել գլխավոր հերոսի մեջ։
«Ֆիլմը ոչ միայն թրիլլեր է, այլև հոգեբանական դրամա է մարդու տրանսֆորմացիայի մասին՝ թե ինչպես կարող է մարդը, տարբեր հանգամանքներից ելնելով, փոխել իր կյանքի ընթացքն ու վերանայել իր հայացքները»:
Ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է ընդամենը 5 գիշերվա ընթացքում:
Посмотреть эту публикацию в Instagram
Այստեղի հերոսներն անուններ չունեն․ ստեղծագործական կազմը նրանց միտումնավոր է անանուն թողել, քանի որ այս պատմությունը կարող է պատահել շատերի հետ։
Ֆիլմը ոգեշնչված է «սև կարապի» տեսությամբ՝ անսպասելի իրադարձություն, կտրուկ փոփոխություն և գործողությունների վերանայում։
Ֆիլմում շեշտը դրված է դերասանական խաղի, մթնոլորտի, երկխոսությունների ու իմաստային շերտի վրա։ Դերասանի գլխավոր խնդիրն ամբողջ լիամետրաժ մոնոֆիլմի ընթացքում պահպանել հանդիսատեսի լարվածությունը, ուշադրությունն ու էմոցիոնալ ներգրավվածությունը, ինչը Վարուժան Մարգարյանի մոտ լիովին ստացվել էր։
Ֆիլմի պրեմիերան, կարմիր գորգը, Վարուժան Մարգարյանի ու ռեժիսոր Գևորգ Մխիթարյանի հետ մեր զրույցը՝ տեսանյութում։
Սյունե Առաքելյան