21:31 26 օգոստոսի, 2026Վեց տարի առաջ Գյոթեբորգում վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Օրլանդո ֆոն Այնզիդելին արտասովոր առաջարկով մոտեցան քույր ու եղբայր Կարլ և Էմիլի ֆոն Շեդվինները։ Նրանք ռեժիսորին փոխանցեցին իրենց ծնողների պատմությունը պատմող գիրքը՝ առաջարկելով դրա հիման վրա ֆիլմ նկարահանել։

Սկզբում ռեժիսորը քաղաքավարի համաձայնեց, սակայն ավելի ուշ՝ արձակուրդի մեկնելիս, ինքնաթիռում ընթերցեց գիրքն ու հասկացավ, որ ձեռքում բացառիկ ուժ ունեցող պատմություն է։ Այդպես սկսվեց «Սիրո ճանապարհորդությունը» (The Cycle of Love) վավերագրական ֆիլմի աշխատանքը։ Ինչպես գրում է The Telegraph-ը, այն պատմում է 20-րդ դարի ամենաապշեցուցիչ սիրո պատմություններից մեկի մասին։
Աստղագուշակի կանխատեսումն ու Դելիում կայացած ճակատագրական հանդիպումը
1975 թվականի վերջին Դելիում ապրող 26-ամյա Պրադյումնա Կումար Մահանանդիան (ընկերների համար՝ Պի Քեյ) «դալիտների» կաստայից ուսանող-նկարիչ էր։ Չնայած մանկուց կրած դաժան խտրականությանը՝ նրան հաջողվել էր կրթաթոշակ ստանալ Գեղարվեստի ակադեմիայում, իսկ ապրուստի փողը վաստակում էր Դելիի փողոցներում անցորդների դիմանկարները նկարելով։

Դեռ փոքր տարիքում հայրը նրան տարել էր աստղագուշակի մոտ, ով կանխատեսել էր, որ նրա ապագա կինը լինելու է հեռավոր հյուսիսային երկրից, Ցուլ համաստեղության տակ ծնված, երաժշտասեր ու «սեփական ջունգլիներ ունեցող» մի աղջիկ։
Մի օր, երբ Պի Քեյն աշխատում էր շատրվանների մոտ, նրան մոտեցավ ընկերների հետ Հնդկաստան ճամփորդող 20-ամյա շվեդուհի Լոտան։ Զգալով աղջկա արտասովոր էությունը՝ Պի Քեյն անմիջապես սկսեց հարցեր տալ.
Ամեն ինչ տեղն ընկավ, և Պի Քեյն աղջկան հենց նույն պահին հայտարարեց, որ նա դառնալու է իր կինը։ Հետագայում, երբ նրանք այցելեցին Կոնարկի Արևի տաճարը (որի լուսանկարը Լոտան, ինքն էլ չիմացաբար, պահում էր Լոնդոնի իր տանը), երկուսով վերջնականապես համոզվեցին, որ իրենց ճակատագիրն է միացրել։
Նրանք ամուսնացան Պի Քեյի հայրենի գյուղում՝ հնդկական ավանդական ծեսով, բայց շատ չանցած Լոտան ստիպված եղավ վերադառնալ Շվեդիա՝ ուսումը շարունակելու համար։
6 000 մղոն՝ հնամաշ հեծանվով
Բաժանումն անհնար էր հանդուրժել, իսկ ինքնաթիռի տոմսն այն տարիներին աստղաբաշխական արժեք ուներ՝ 40000 ռուփի, որը Հնդկաստանում մոտ 18 տարվա միջին աշխատավարձ է։

1977 թվականի հունվարին Պի Քեյն ընդամենը 60 ռուփիով գնեց Raleigh ֆիրմայի կանացի հնամաշ մի հեծանիվ, վերցրեց քնապարկը, վրանը, վրձիններն ու ներկերը և ճանապարհ ընկավ դեպի Շվեդիա։ Նա քարտեզ չուներ. գիտեր միայն, որ արևը ծագում է արևելքում ու մայր մտնում արևմուտքում։ Առջևում շուրջ 6000 մղոն (մոտ 9600 կմ) ճանապարհ էր։
Այս ուղևորությունը վերածվեց իսկական ոդիսականի՝ լի ապշեցուցիչ հանդիպումներով, որտեղ նրան անընդհատ օգնում էին բոլորովին անծանոթ մարդիկ.
Ճանապարհ ընկնելուց 133 օր անց՝ 1977 թվականի մայիսի 23-ին, Պի Քեյը հասավ Գյոթեբորգ ու զանգահարեց Լոտային։
«Դա շատ թանկ պահ էր, — հիշում է Լոտան։ — Ես գնացի նրան դիմավորելու։ Մի պահ երկուսս էլ չէինք կարողանում խոսել․ նա գրկել էր ինձ ու լաց էր լինում»։
Կես դար միասին․ շվեդական անտառների անդորրը և նախապաշարմունքների դեմ պայքարը

Այդ իրադարձություններից մոտ 50 տարի անց Պի Քեյն ու Լոտան դեռ միասին են։ Նրանք ապրում են շվեդական Բորոս քաղաքից ոչ հեռու գտնվող հին փայտե տանը՝ անտառի գրկում (հենց այն «ջունգլիները», որոնք կանխատեսել էր աստղագուշակը)։ Նրանք ունեն երկու չափահաս զավակ՝ Էմիլին և Կարլը։
Նրանց ապշեցուցիչ ճամփորդության պատմությունն ընկած է «Սիրո ճանապարհորդությունը» (The Cycle of Love) վավերագրական ֆիլմի հիմքում։
Ընտանիքի համար այս նախագիծը կարևոր ուղերձ դարձավ պատնեշները հաղթահարելու մասին․
«Մենք հանդիպեցինք՝ Արևելքն ու Արևմուտքը․ նա «անձեռնմխելիների» կաստայից էր, ես՝ ազնվական տոհմից, — պատմում է Լոտան։ — Նա ամաչում էր կաստայական համակարգից, իսկ եu՝ իմ ազնվական ծագումից։ Բայց սերը միավորեց մեզ։ Մենք ուզում ենք մի պարզ գաղափար հասցնել աշխարհին․ չնայած բոլոր տարբերություններին ու բաժանումներին, աշխարհում ապրող մարդկանց մեծ մասն անսահման բարի է»։