21:31 28 օգոստոսի, 2026Շվեդիայի ամենահյուսիսային դահուկային հանգստավայրը՝ ընդամենը 60 բնակիչ ունեցող Ռիկսգրենսենը, ձմռանն իսկական մագնիս է դառնում ադրենալինի սիրահարների համար։ Բևեռային շրջանից ընդամենը 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս փոքրիկ ավանը վերածվել է ֆինանսիստների, տեխնոլոգիական հսկաների ու թոփ-մենեջերների թաքստոց-դրախտի։ Այստեղ սովորական ճոպանուղիներին փոխարինում են ուղղաթիռները, իսկ աղմկոտ զբոսաշրջիկների բազմությանը՝ անմարդաբնակ, վայրի լանջերը, գրում է Robb Report-ը։
Միլիարդատեր ճանապարհորդներն ավելի ու ավելի հաճախ են փնտրում իսկական, չկրկնվող տպավորություններ, ուստի անհայտ ու հեռավոր անկյունները դարձել են նրանց առաջնահերթությունը։
Ներդրողներն էլ գումարը խնայելու փոխարեն ներդնում են «էմոցիոնալ փորձառությունների» մեջ․ 2023-ից ի վեր ամբողջ աշխարհում բացվել են հարյուրավոր շքեղ բնական հանգստյան գոտիներ ու սաֆարի-ճամբարներ։
«Այս ոլորտը հիմա ծաղկման գագաթնակետին է, — ասում է Fioraé Luxury Travel-ի համահիմնադիր Լինդսի Մեսինան։ — Լավագույն հյուրանոցներում բազմիցս եղած մարդիկ այժմ ուզում են ավելի մտերմիկ, անհատական ու տեղի կոլորիտով հարուստ միջավայր»։
Եթե նախկինում «վայրի» հանգստի առաջամարտիկը գլեմփինգն էր, ապա այսօր թրենդում են իսկական «վայրի վրանները»։ Դրանք հինգաստղանի հյուրանոցի ճոխությունը (անձնական սպասավոր, շեֆ-խոհարար, սպա-ծրագրեր) միախառնում են լիակատար մեկուսացման ու անդորրի հետ։
Պրեմիում էկո-տուրիզմի գլխավոր կենտրոնները
Առաջնահերթությունների փոփոխություն. գաղտնիություն՝ ցուցադրական լյուքսի փոխարեն
Մեծահարուստները հրաժարվում են Լազուր ափի կամ Սեն-Բարտի ծանոթ հանգստավայրերից հանուն անտառային խորքերի միայն մեկ պատճառով․ նրանց գլխավոր պահանջը գաղտնիությունն է։ «Գերհագեցած ցանցային աշխարհում մեզ պարզապես անհրաժեշտ է անջատվել արտաքին աղմուկից՝ ինքներս մեզ վերագտնելու համար, — ասում է Your Favorite Travel Agent-ի հիմնադիր Ջեյսոն Սկատրիլյան։ — Այսօր ճանապարհորդը հասկանում է, որ ժամանակն իր ամենաթանկ ռեսուրսն է, իսկ անձնական տարածքն ու գաղտնիությունը քննարկման ենթակա չեն»։
Four Seasons, Aman և One&Only հայտնի հյուրանոցային բրենդներն արդեն ակտիվորեն կառուցում են մասնավոր վիլլաներ ու ռեզիդենցիաներ՝ ընդառաջ գնալով «զսպված շքեղության» և բնության գրկում առանձնանալու աճող պահանջարկին։