16:36 29 օգոստոսի, 2026Կրիպտոմիլիարդատեր և կրիպտոոլորտի գործարար Ջասթին Սանը դատի է տվել չինացի դերասանուհի Ցզին Թյանին և նրա ծնողներին՝ պահանջելով վերադարձնել 30 միլիոն յուանը (մոտ 4,5 միլիոն դոլար), որը վճարվել էր որպես հարսնացուի համար նախատեսված ավանդական հարսանեկան գումար։ Զույգը բաժանվել է այս տարվա սկզբին։
Սանի փաստաբան Չժան Ցիհուայը հայտնել է, որ Սիանի դատարանը գործը վարույթ է ընդունել։ Սանը նաև դիմել է դատարան՝ պահանջելով ժամանակավորապես արգելափակել վիճելի գույքի կամ գումարի փոխանցումն ու օտարումը, որպեսզի դրանք չփոխանցվեն այլ անձանց կամ չթաքցվեն մինչև գործի քննության ավարտը։

Փաստաբանի խոսքով՝ Սանն ու Ցզին Թյանը հանդիպել են մոտ յոթ ամիս և լրջորեն քննարկել են ամուսնանալու հարցը, սակայն այդպես էլ չեն ամուսնացել։ Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ։
Սոցիալական ցանցերում հրապարակում և «արհեստական բանականության խորհուրդներ»
Վեճը հանրային բնույթ ստացավ այն բանից հետո, երբ Ջասթին Սանը «X» սոցիալական ցանցում երկար գրառում հրապարակեց՝ «Իմ ընկերուհին՝ Ցզին Թյանը» վերնագրով։ Գրառման մեջ նա մանրամասն պատմել է իրենց սիրավեպի, ամուսնանալու և երեխաներ ունենալու ծրագրերի մասին։
Հրապարակման մեջ նշվում էր, որ զույգը ծրագրում էր երեխա ունենալ փոխնակ մոր օգնությամբ, որից հետո դերասանուհին, ըստ նրա պնդման, պահանջել է ևս 50 միլիոն դոլար։
Հատկանշական է, որ գրառման վերջում Սանը նշել էր, որ ներկայացված ամբողջ բովանդակությունը «հորինված է»։
Sing Tao Headline-ին տված հարցազրույցում միլիարդատերը խոստովանել է, որ վեճի թեժ պահին խորհրդի համար դիմել է Anthropic ընկերության Claude արհեստական բանականության զրուցակցին, իսկ հետո վերջնականապես որոշել է մերժել նախկին զուգընկերուհու՝ միլիոնավոր դոլարների պահանջը։ Միևնույն ժամանակ Սանը նշել է, որ մինչ օրս վստահ չէ՝ արդյոք այն ժամանակ ճիշտ որոշում է կայացրել։
Դերասանուհու արձագանքը և կողմերի ներկայիս կարգավիճակը
Ցզին Թյանի ներկայացուցիչները հայտարարել են, որ վեճը կլուծվի բացառապես իրավական ճանապարհով և մերժել են դերասանուհու հեղինակությանն անդրադառնալու միջոցով նրա վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձ։

38-ամյա դերասանուհին, որը հայտնի է «Մեծ պատը» և «Քոնգ․ Գանգի կղզի» հոլիվուդյան ֆիլմերում իր դերերով, անձամբ դեռևս հրապարակային արձագանք չի տվել այս իրավիճակին։
«Ես երբեք անցյալում չեմ վաճառել, հիմա էլ չեմ վաճառում և ապագայում էլ չեմ պատրաստվում վաճառել իմ սերը փողի դիմաց, առավել ևս՝ հոգիս»,- գրել է դերասանուհին։ «Ես դեռ հավատում եմ սիրուն։ Տղամարդկանց հարցում ճիշտ կողմնորոշվելու ունակությունս դեռ թույլ է, իսկ իմաստությունն էլ դեռ բավարար չէ։ Բայց ես հավատում եմ օրենքին, բարությանը և նրան, որ ի վերջո հաղթելու են արդարությունն ու ազնվությունը։ Ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի»։
36-ամյա Ջասթին Սանը «Տրոն» շղթայական տվյալների հարթակի հիմնադիրն է, որը ստեղծվել է 2017 թվականին և կրիպտոոլորտում ձևավորված իր հսկայական բիզնեսի սեփականատերը։ 2026 թվականի օգոստոսի վերջին «Ֆորբս» ամսագիրը նրա կարողությունը գնահատում էր 8,5 միլիարդ դոլար։
Կրիպտոոլորտից դուրս Սանը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 2024 թվականի նոյեմբերին, երբ Նյու Յորքի «Սոթբիս» աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնեց Մաուրիցիո Կատելանի հայտնի «Կատակերգու» գաղափարային արվեստի գործը՝ պատին կպչուն ժապավենով ամրացված բանանը։ Ավելի ուշ միլիարդատերը Հոնկոնգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հանդիսավոր կերպով կերավ այդ բանանը։