17:26 29 օգոստոսի, 2026Նորվեգիան թևակոխել է պատմական նոր դարաշրջան։ 53-ամյա թագաժառանգ Հակոնը պաշտոնապես դարձել է երկրի թագավորը, ստանձնելով Հակոն VIII անունը՝ հոր՝ Հարալդ V թագավորի մահից հետո։
89-ամյա Հարալդը, որը Եվրոպայի ամենատարեց միապետն էր և Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հեռավոր զարմիկը, ուրբաթ առավոտյան խաղաղ մահացել է Օսլոյի համալսարանական հիվանդանոցում։
Ինչպես գրում է The Post-ը, նա հիվանդանոց էր տեղափոխվել արյան հազվադեպ հիվանդության պատճառով։
Սակայն Հակոնը գահ է բարձրանում միապետության համար բարդ ժամանակաշրջանում․ թագավորական ընտանիքը փորձում է հաղթահարել մի շարք լուրջ հեղինակային ճգնաժամեր, որոնք կապված են նոր թագուհու՝ Մետտե-Մարիտի և նրա ավագ որդու անվան հետ։
Դժվար ժառանգություն․ թագավորական ընտանիքի շուրջ սկանդալներ:
Նոր թագավորին ստիպված կլինի վերականգնել միապետության հեղինակությունը՝ երկու աղմկահարույց սկանդալների ֆոնին։
Մարիուս Բորգ Հյոյբիի գործը։ Թագուհի Մետտե-Մարիտի՝ նախորդ հարաբերություններից ծնված ավագ որդին, որը գահաժառանգության շարքում չի ընդգրկվում, հունիսին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման՝ բռնաբարության մեղադրանքով։
Քննությունը 2018-2024 թվականներին խոցելի վիճակում գտնվող կանանց նկատմամբ կատարված չորս դրվագ էր ուսումնասիրել, որոնցից երկուսի վերաբերյալ դատարանը մեղադրական վճիռ է կայացրել։
Ջեֆրի Էփշտեյնի արխիվները։ Թագուհի Մետտե-Մարիտն ինքը հայտնվել է սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ հրապարակվել են ԱՄՆ արդարադատության նախարարության գաղտնի փաստաթղթերը։ Դրանցում բացահայտվել է նրա նամակագրությունը մահացած սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ։
Նամակներից պարզ է դարձել, որ 2012 թվականին Էփշտեյնը թագաժառանգուհուց օգնություն էր խնդրել՝ «սկանդինավյան աղջիկների» հետ ծանոթություններ կազմակերպելու հարցում՝ հայտարարելով, որ «կին է փնտրում»։
Մետտե-Մարիտը նրա հաղորդագրություններին պատասխանել է բավական ուրախ ու դրական տոնով՝ նշելով, որ ֆինանսիստը «միշտ ստիպում է իրեն ժպտալ» և «մտքերը շարժման մեջ է դնում»։
Մարտին Մետտե-Մարիտը Նորվեգիայի «NRK» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հրապարակայնորեն խոստովանել է, որ Էփշտեյնի կողմից «մանիպուլյացիայի է ենթարկվել» և «խաբվել»՝ նրա հետ շփումն անվանելով «պարզապես ամոթալի»։ Հակոնը կնոջ հանդեպ իր լիակատար նվիրվածությունն է ցուցաբերել՝ հարցազրույցում նշելով, որ ամուսնությունը նախատեսված է «և՛ լավ, և՛ վատ օրերի համար», իսկ Մետտե-Մարիտը շարունակում է մնալ իր հուսալի հենարանը։ Հունիսին թագաժառանգուհին նաև ենթարկվել է թոքերի փոխպատվաստման բարդ վիրահատության՝ հազվադեպ հանդիպող թոքային ֆիբրոզի դեմ պայքարի ֆոնին։
Հակոնի ճանապարհը դեպի գահ և արքայական ընտանիքի ապագան
Հակոնը ծնվել է 1973 թվականի հուլիսի 20-ին։ Այն ժամանակ գործող գահաժառանգության կարգի համաձայն՝ 1991 թվականին, իր պապի՝ Օլավ V թագավորի մահից հետո, նա ավտոմատ կերպով դարձավ գահաժառանգ։
Հետագայում Նորվեգիան փոխեց Սահմանադրությունը և անցավ գահաժառանգության բացարձակ առաջնածնության սկզբունքին, ըստ որի՝ գահը ժառանգում է ավագ երեխան՝ անկախ սեռից։ Սակայն այս փոփոխությունը Հակոնի՝ գահաժառանգի կարգավիճակի վրա չի ազդել։
Այժմ Նորվեգիայի գահի անմիջական գահաժառանգը Հակոնի 22-ամյա դուստրն է՝ արքայադուստր Ինգրիդ Ալեքսանդրան։ Ակնկալվում է, որ ապագայում նա կդառնա Նորվեգիայի առաջին կին միապետը՝ XIV–XV դարերում Կալմարյան միությունը կառավարած թագուհի Մարգարիտից հետո։ Ի տարբերություն Մեծ Բրիտանիայի՝ Նորվեգիայում թագադրման շքեղ արարողություններ չեն անցկացվում։
Առաջիկա օրերին Հակոնը Նորվեգիայի խորհրդարանում՝ Սթորթինգում, կանցնի ավանդական երդմնակալության արարողությունը, իսկ թագը պարզապես կցուցադրվի հանրությանը՝ Տրոնհեյմի Նիդարոսի տաճարում։
Հարալդ V թագավորի պետական հուղարկավորությունը կանցկացվի Օսլոյի մայր տաճարում, որտեղ նա կհանգչի իր նախնիների՝ ծնողների, պապի և տատիկի կողքին։