Հայկական ոճը դեմքերով․ ինչպես նորովի մատուցել ամառային սովորական հագուստը

12:30   30 օգոստոսի, 2026

Ամառային զգեստապահարանն առավել տպավորիչ է դառնում, երբ ծանոթ հագուստը ստանում է անսպասելի լուծումներ։ Սովորական շրջազգեստը վերածվում է հանգստյան կերպարի, բազային տաբատը դառնում է ազատ ու ինքնավստահ power dressing-ի հիմք, իսկ աքսեսուարները կարող են ամբողջությամբ փոխել հագուստի տրամադրությունը։

«Հայկական ոճը դեմքերով» խորագրի նոր հատվածում կպարզենք, թե ինչպես են հայ ոճասերները նորովի մատուցում ծանոթ հագուստը, ավելացնում թրենդային դետալներ և պարզ բազայից ստանում ինքնատիպ կերպարներ։

Dolce Vita՝ կիտրոնագույն երանգներով

ArmStyle3008261.png (3.04 MB)

Բելլա Պապիկյանի կերպարը կարծես իտալական ամառային ֆիլմի կադր լինի։ Կիտրոնագույնը, պուտավոր պրինտը, թռչող շիֆոնն ու խոշոր արևային ակնոցը ստեղծում են հենց այն հանգստյան էսթետիկան, որտեղ անգամ սովորական զբոսանքը նմանվում է երեկոյան հաճելի խնջույքի սկզբին։ Հագեցած երանգի և ռետրո պուտավոր նախշերի շնորհիվ ZARA-ի շրջազգեստը դառնում է կերպարի գլխավոր ակցենտը։ Մանր պուտերը զգեստապահարան են վերադարձնում 1950-ականների կոկետային ոճը, բայց այն հնաոճ չի թվում․ բաց ուսն ու կարճեցված ձևվածքը կերպարին տալիս են ժամանակակից տեսք։

ArmStyle300826.jpg (2.48 MB)

Շիֆոնե թիկնոց-տոպը շարժում է հաղորդում հագուստին։ Կիսաթափանցիկ կտորը մեղմացնում է շրջազգեստի ընդգծված ձևը, իսկ ծավալների խաղը կերպարը դարձնում է ավելի արտահայտիչ։ Կերպարն ամբողջացնում են խոշոր ակնոցը, կաթնագույն մինի-պայուսակն ու ոսկեգույն զարդերը։ Սա այն դեպքն է, երբ ռոմանտիկ շքեղությունը գեղեցիկ է նայվում նաև քաղաքում։

Casual chic, որը գիտի դետալների արժեքը

ArmStyle3008262.jpg (1.70 MB)

Առաջին հայացքից այստեղ ամեն ինչ առավելագույնս պարզ է․ սև տոպ, ջինսե կապույտ շորտեր և կարամելագույն մյուլիներ: Բայց հենց նման կերպարներն են ոճային ճշգրիտ հաշվարկ պահանջում։ Լիզա Կարախանյանը հավաքում է ազատ բազան casual chic էսթետիկայով և ավելացնում թեթև old money տրամադրություն։ Բարձր նստեցվածքն ու շորտերի ազատ ձևվածքը հավասարակշռում են կպած վերնամասը, իսկ քամելիոն երանգի մյուլիները ձգում են մարմնի ձևն ու ավելի հավաք տեսք տալիս հագուստին։

ArmStyle3008263.jpg (1.06 MB)

Գլխավոր աշխատանքն անում են աքսեսուարները։ Շագանակագույն գոտին կապում է կոշիկն ու Guess Nolana պայուսակը, իսկ ոսկյա զարդերն ավելացնում են խնամվածության այն զգացողությունը, երբ առօրյա հագուստը պատահական չի թվում, այլ մտածված է մինչև վերջին շտրիխը։

Power dressing՝ առանց ձանձրալի օֆիսային տեսքի

ArmStyle3008265.jpg (1.44 MB)

Իրմա Օհանովայի մոտ դասական ոճը ստանում է ավելի թրենդային հնչողություն։ Nextdore-ի արտահայտիչ ձևվածքով սպիտակ շապիկը, ZARA-ի լայն տաբատն ու սև աքսեսուարները ստեղծում են ժամանակակից power dressing-ի հիմքը, բայց այս կերպարը խիստ անվանելը դժվար է։ Ամբողջ գաղտնիքը համաչափությունների մեջ է։ Ծավալուն շապիկն ու լայն տաբատը տալիս են ազատ կերպար, իսկ բարձր նստեցվածքը պահպանում է հագուստի ձևը։ Ստացվում է tailoring-ի և street style-ի այն հավասարակշռությունը, որն այսօր շատ լավ է աշխատում առօրյայում։

ArmStyle3008264.jpg (1.26 MB)

Mercy Bag սև պայուսակն ու Crowsha CherryBoom model-ի կոշիկները հավասարակշռում են լուսավոր գույները։ Իսկ տաք կարամելային երանգով Saint Laurent ակնոցն ավելացնում է թեթև ռետրո ոճ ու մեղմացնում սև ու սպիտակ բազայի կտրուկ գծերը։ Արդյունքում դասական կոստյումային լեզուն դառնում է շատ ավելի ազատ։

Մեղմ բոհոն հանդիպում է «հանգիստ շքեղությանը»

ArmStyle3008266.jpg (1.23 MB)

Սիլվա Հակոբյանի մոտ բոլորովին այլ տրամադրություն է։ Այստեղ կերպարը բարդացնելու ցանկություն չկա։ Փոխարենն աշխատում են բնական գույները, ազատ ձևվածքներն ու հետաքրքիր հյուսվածքները։ Սպիտակ, հետաքրքիր հյուսվածքով ժիլետը համադրվում է ավազագույն լայն տաբատի հետ՝ ստեղծելով հանգիստ հիմք։ Ժանյակավոր գլխաշորը կերպարն անմիջապես տեղափոխում է boho chic դաշտ, որը շատ բնական է նայվում ամռանը։

ArmStyle3008267.jpg (812 KB)

Բայց Սիլվան չի գնում միայն բոհո ոճի հետևից։ Դրա համար պատասխանատու է Lady Dior պայուսակը։ Իր ճանաչելի ձևով այն կտրուկ փոխում է տրամադրությունն ու շքեղություն ավելացնում։ Բարակ ակնոցն ու ոսկեգույն ապարանջանները շարունակում են այս գիծը։ Ստացվում է հետաքրքիր համադրություն․ մի քիչ հանգիստ շքեղություն, մի քիչ բոհո և մի քիչ դասական։ Եվ հենց աքսեսուարներն են որոշում, թե որտեղ է ավարտվում պարզ ամառային հագուստը և սկսվում իսկական ոճը։



© NEWS.am STYLE