Միլիարդատերերը ցանկանում են լսել շարժիչի մռնչյունը. Bugatti-ի ղեկավարը՝ սուպերքարերի անսպասելի ապագայի մասին

22:17   31 օգոստոսի, 2026

Մինչ համաշխարհային ավտոարդյունաբերությունը սրընթաց շարժվում է դեպի էլեկտրամոբիլներ, Bugatti-ի գլխավոր տնօրեն Մատե Ռիմակը համոզված է, որ ավտոշուկայի գագաթնակետում ապագան ամենևին էլ անձայն էլեկտրամոբիլներինը չէ, այլ ներքին այրման հզոր շարժիչներինը:

38-ամյա գործարարը, ով Bugatti-ն գլխավորել է 2021 թվականին, կարծում է, որ ավտոմոբիլային շուկան կբաժանվի երկու լիովին տարբեր աշխարհների: Զանգվածային սեգմենտն ավելի ու ավելի ակտիվորեն կանցնի մատչելի էլեկտրամոբիլներին, որոնց զգալի մասն արտադրում են չինական ընկերությունները: Իսկ ահա ամենաթանկարժեք սպորտային ավտոմեքենաների գնորդները կնախընտրեն բոլորովին այլ բան՝ բարձրաձայն շարժիչներ, բարդ մեխանիկա, ձեռքի աշխատանք և էմոցիաներ:

Ռիմակը տեղի ունեցողը համեմատում է այն ամենի հետ, ինչ արդեն բազմաթիվ տարիներ դիտվում է ժամացույցների աշխարհում: «Սովորական ավտոմեքենաների, սովորական մարդկանց համար մեքենաների ճնշող մեծամասնությունը կլինի էլեկտրական, — հայտարարել է նա CNBC-ին: — Իսկ վերին սեգմենտը, սպորտային ավտոմեքենաներից սկսած, դեռ շատ երկար ժամանակ կպահպանի ներքին այրման շարժիչները: Ճիշտ այնպես, ինչպես ժամացույցների դեպքում»:

Նրա խոսքով՝ ժամացույցների ընդամենը մոտ 5%-ն է արտադրվում Շվեյցարիայում, սակայն հենց դրանց է բաժին ընկնում ոլորտի շահույթի շուրջ 90%-ը: «Apple Watch-ը կամ ցանկացած այլ խելացի ժամացույց կարող է անել շատ ավելին: Բայց ոչ ոք պատրաստ չէ դրանց համար 200 000 դոլար վճարել», — նշել է Ռիմակը:

Bugatti-ն ընդդիմացավ համընդհանուր միտումին

Հատկապես հեգնական է այն, որ ինքը՝ Ռիմակը, ղեկավարում է մի ընկերություն, որը կարող էր դառնալ սուպերքարերի՝ էլեկտրականության անցման գլխավոր խորհրդանիշներից մեկը:

Այն բանից հետո, երբ 2021 թվականին Ռիմակին պատկանող Rimac Group ընկերությունը Porsche-ից և Volkswagen-ից ստացավ Bugatti-ի վերահսկողությունը, շատերը սպասում էին լիովին էլեկտրական Bugatti-ի հայտնվելուն:

Սակայն տեղի ունեցավ հակառակը:

Փոխարենը ընկերությունը ստեղծեց Tourbillon-ը՝ բոլորովին նոր հիպերքար, որն օժտված է սերիական ավտոմեքենաների վրա երբևէ տեղադրված ներքին այրման ամենախոշոր մթնոլորտային շարժիչներից մեկով:

Մեքենայի հիմքում հսկայական՝ 8,3 լիտրանոց V16 շարժիչն է, որն ապահովում է 1000 ձիաուժ: Էլեկտրաշարժիչների հետ համադրությամբ հիբրիդային ուժային տեղակայանքն ապահովում է անհավանական 1800 ձիաուժ:

«Բավականին հեգնական է, որ այժմ ես ստեղծում եմ աշխարհում ներքին այրման ամենամեծ շարժիչը», — խոստովանել է Ռիմակը:

Նրա խոսքով՝ Խորվաթիայում գտնվող Bugatti Rimac-ի գործարանում այսօր գրեթե սյուրռեալիստական պատկեր է. նույն արտադրական հոսքագծի վրա կողք կողքի հավաքվում են աշխարհի ամենահզոր էլեկտրական ավտոմեքենան և ներքին այրման ամենամեծ շարժիչը:

«Երբեմն կյանքը տարօրինակ է լինում», — նկատել է գործարարը:

4,5 միլիոն դոլար, և սա միայն սկիզբն է

Bugatti-ն կարտադրի Tourbillon-ի ընդամենը 250 օրինակ, և դրանք բոլորն արդեն վաճառված են:

Մեքենայի մեկնարկային գինը կազմում է մոտ 4,5 միլիոն դոլար:

Սակայն Bugatti-ի հաճախորդների համար այս գումարը դեռ վերջնականը չէ: Ռիմակի խոսքով՝ միջին վիճակագրական գնորդը լրացուցիչ ծախսում է ևս 600 000–700 000 դոլար՝ մեքենայի անհատական ձևափոխման համար:

Խոսքը թափքի բացառիկ երանգների, կաշվի հատուկ տեսակների, եզակի կարերի և այլ մանրուքների մասին է, որոնք հիպերքարը վերածում են գրեթե իր տեսակի մեջ եզակի օրինակի:

Անհատականացումը դարձել է գերթանկարժեք ավտոմեքենաներ արտադրողների, այդ թվում՝ Bugatti-ի, Ferrari-ի և Lamborghini-ի շահույթի հիմնական աղբյուրներից մեկը:

Էլ ավելի հաճախ ընկերությունները ստեղծում են նաև եզակի՝ մեկ օրինակով պատրաստվող ավտոմեքենաներ (այնպես կոչված՝ one-off)՝ հատուկ ամենաապահովված հաճախորդների համար: Այդպիսի մեքենաների գինը կարող է հասնել տասնյակ միլիոնավոր դոլարների:

Monterey Car Week-ի ընթացքում Bugatti-ն ներկայացրեց հերթական բացառիկ ավտոմեքենան՝ Destrier-ը, որը մրցուղային Bolide-ի վերաիմաստավորված տարբերակն է՝ ավելի ցածր նստեցվածքով, մեծացված անիվներով և քանդակագործական թափքով:

Միլիարդատերերին այլևս պարզապես արագ մեքենա պետք չէ

Ռիմակի կարծիքով՝ ամենահարուստ հաճախորդներն այսօր գնում են ոչ այնքան փոխադրամիջոց, որքան սեփական անհատականության շարունակությունը:

«Այս հաճախորդները ցանկանում են իսկապես իրենց սեփական բանը, ինչն առնչություն կունենա հենց իրենց հետ, — բացատրել է նա: — Սա պատմում է նրանց պատմությունը, արտացոլում նրանց բնավորությունն ու նախասիրությունները: Սա այլևս պարզապես ավտոմեքենա չէ. դրա հետևում ամբողջական պատմություն է կանգնած»:

Ահա թե ինչու, ըստ Ռիմակի, արտադրողականությունը աստիճանաբար դադարում է գլխավոր արգումենտը լինել սուպերքարերի աշխարհում:

Ժամանակակից շուկայի հակասությունն այն է, որ տպավորիչ դինամիկա այժմ կարելի է ստանալ զգալիորեն ավելի էժան գնով:

«Այսօր Չինաստանում մոտ 50 000 դոլարով կարելի է գնել ավտոմեքենա, որն ավելի արագ կլինի, քան տասնամյա վաղեմության ցանկացած սպորտային մեքենա», — ասել է նա:

Ուստի ապահովված գնորդներին հարկավոր է առաջարկել ինչ-որ ավելին:

400 կմ/ժ արագությամբ արվեստը

Արհեստական բանականության, անօդաչու ավտոմեքենաների և էլեկտրացման դարաշրջանում Bugatti-ն մտադիր է խաղադրույք կատարել այն բանի վրա, ինչը Ռիմակն անվանում է մարդկային գործոն:

«Արտադրողականությունն իսկապես դառնում է երկրորդական», — կարծում է նա:

Առաջին պլան են մղվում վարպետությունը, ինժեներական հնարամտությունը, արվեստը և գեղեցկությունը:

«Երբ նայում եք այս ավտոմեքենաներին, տեսնում եք այն հնարամտության, արվեստի և գեղեցկության ծավալը, որը ներդրված է դրանցում», — ասել է Ռիմակը:

Նրա խոսքով՝ ավտոմեքենան մնում է ամենաբարդ օբյեկտներից մեկը, որը մարդն ունակ է գնել:

Սա միաժամանակ արվեստի գործ է և բարձր տեխնոլոգիական մեքենա, որը պետք է դիմանա 400 կմ/ժ արագությանը, պահպանի կայունությունը, անվտանգ անցնի կրաշ-թեստերը, աշխատի ձյան մեջ և դիմանա ծայրահեղ շոգին:

«Ես ցանկանում եմ ստեղծել աշխարհի լավագույն ավտոմեքենաները, աշխարհում ամենատպավորիչ ավտոմեքենաները և Bugatti-ն դարձնել աշխարհի ամենաշահութաբեր ավտոմոբիլային ընկերությունը՝ մարժինալության տեսանկյունից»:

Եվ եթե Ռիմակի կանխատեսումն արդարանա, սուպերքարերի ապագան կարող է հակասական տեսք ունենալ. զանգվածային ավտոմեքենան կդառնա էլեկտրական և ավելի ու ավելի թվային, իսկ միլիարդատիրոջ համար ամենացանկալի ավտոմեքենան, ընդհակառակը, կմնա բարձրաձայն, մեխանիկական և գրեթե թատերականորեն անալոգային:



© NEWS.am STYLE