ԱՄԷ-ում ապրում է 52 միլիարդատեր՝ 201 միլիարդ դոլար ընդհանուր կարողությամբ. Դուբայը դասվել է գերհարուստների համար հիմնական քաղաքների շարքին

15:18   1 սեպտեմբերի, 2026

Դուբայն ամրապնդում է հարստության համաշխարհային մայրաքաղաքի իր դիրքերը. 43 միլիարդատեր էմիրությունն իր տունն է համարում, իսկ ԱՄԷ-ն ամբողջությամբ դասվում է գերհարուստ մարդկանց թվով աշխարհի առաջատար 15 երկրների շարքին։

2025 թվականին Միացյալ Արաբական Էմիրություններում հաշվառվում էր 52 միլիարդատեր, որոնց ընդհանուր կարողությունը հասնում էր 201 միլիարդ դոլարի։ Այս տվյալներն է ներկայացնում Altrata հետազոտական ընկերության Billionaire Census 2026 նոր զեկույցը, որի համաձայն՝ ԱՄԷ-ն ընդգրկվել է միլիարդատերերի կապիտալի կենտրոնացման աշխարհի 15 խոշորագույն կենտրոնների ցանկում։

Ընդ որում, երկրում միլիարդատերերի թիվը մեկ տարում նվազել է 1,9%-ով, սակայն նրանց ընդհանուր կարողությունը կազմել է 201 միլիարդ դոլար։

Միլիարդատերերի թվով ԱՄԷ-ն զբաղեցրել է 15-րդ տեղն աշխարհում՝ զիջելով հարևան Սաուդյան Արաբիային, որտեղ 2025 թվականին հաշվառվում էր 59 միլիարդատեր՝ 175 միլիարդ դոլար ընդհանուր կարողությամբ։

ԱՄԷ-ին է բաժին ընկնում աշխարհի միլիարդատերերի ընդհանուր թվի շուրջ 1,4%-ը (աշխարհում նրանց թիվը հասել է ռեկորդային 3795-ի)։ Երկրի միլիարդատերերի ընդհանուր կարողությունը կազմում էր աշխարհի միլիարդատերերի կապիտալի մոտ 1,3%-ը, որը գնահատվում է 15,1 տրիլիոն դոլար։

Հատկապես տպավորիչ է Դուբայի դիրքը։ Էմիրությունը միլիարդատերերի թվով 8-րդ տեղն է զբաղեցնում աշխարհի քաղաքների շարքում՝ կիսելով այդ հորիզոնականը չինական Շենժենի հետ։

2025 թվականին Դուբայում բնակվում էր 43 միլիարդատեր, իսկ 2024-ին՝ 41։

Համաշխարհային վարկանիշում Դուբայից առաջ են անցել Նյու Յորքը, Հոնկոնգը, Սան Ֆրանցիսկոն, Լոնդոնը, Սինգապուրը, Լոս Անջելեսը և Պեկինը։

Altrata-ի գնահատմամբ՝ միլիարդատերերի կապիտալի աշխարհագրությունն ավելի ու ավելի է պայմանավորվում բիզնեսի գլոբալացմամբ, տեխնոլոգիաների զարգացմամբ և կապիտալի աճող շարժունակությամբ։ Խոշորագույն քաղաքները շարունակում են ձգել գերհարուստներին․ դա տեղի է ունենում ձեռնարկատիրական համայնքների, ֆինանսական ենթակառուցվածքների հասանելիության և կյանքի բարձր որակի շնորհիվ։

Հետազոտողներն առանձնահատուկ նշել են Դուբայն ու Ստամբուլը որպես հարստության կենտրոնացման ակնառու կենտրոններ՝ ընդգծելով ասիական և արագ զարգացող այլ համաշխարհային հանգույցների աճող դերը։

Ամերիկան առաջվա պես անմրցելի է

Համաշխարհային մասշտաբով միլիարդատերերի թիվն էապես ավելացել է։ 2025 թվականին նրանց քանակն աճել է 8,2%-ով՝ հասնելով ռեկորդային 3795-ի։ Սա վերջին հինգ տարիների ընթացքում արձանագրված ամենաարագ տարեկան աճն է։

Էլ ավելի արագ է աճել նրանց կարողությունը. աշխարհի միլիարդատերերի ընդհանուր հարստությունն ավելացել է 12,8%-ով՝ հասնելով 15,1 տրիլիոն դոլարի։

ԱՄՆ-ն պահպանել է միլիարդատերերի համաշխարհային խոշորագույն շուկայի իր կարգավիճակը. այնտեղ ապրում է 1265 գերհարուստ մարդ։ Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 363 միլիարդատերով, իսկ երրորդում՝ Գերմանիան (221)։

Ընդ որում, միլիարդատերերի թվով առաջատար 15 երկրները վերահսկում են աշխարհի միլիարդատերերի ողջ կապիտալի 83%-ը։

Արհեստական բանականությունը նոր կարողություններ է ստեղծում

Միլիարդատերերի կարողության աճի հիմնական շարժիչներից է դառնում արհեստական բանականությունը։

Altrata-ի տվյալներով՝ միլիարդատերերի կարողության ձևավորման գործում մեծագույն ավանդ ունեցող 150 հանրային ընկերությունների շարքում արհեստական բանականության ոլորտում ակտիվ ներդրումներ կատարած ընկերությունները 2024–2025 թվականների ընդհանուր ժամանակահատվածում արձանագրել են շուկայական կապիտալիզացիայի 23%-ով ավելի բարձր աճ, քան այն ընկերությունները, որոնք զգալի ներդրումներ չեն կատարել այդ ոլորտում։

Միևնույն ժամանակ, հարստությունը գնալով ավելի է կենտրոնանում բուրգի ամենագագաթին։

2025 թվականին 29 միլիարդատերը (որոնցից յուրաքանչյուրի կարողությունը գերազանցում էր 50 միլիարդ դոլարը) միասին տիրապետում էին 4,1 տրիլիոն դոլարի։ Սա համարժեք է աշխարհի միլիարդատերերի ողջ կարողության 27%-ին։

Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին այս խիստ սահմանափակ խմբի բաժինը կազմում էր ընդամենը 7,2%։

Ընդ որում, միլիարդատերերի կարողությունը մեծ մասամբ կանխիկ դրամով չէ։ Նրանց հարստությունը հիմնականում կապված է ընկերություններում ունեցած մասնաբաժինների հետ, ուստի բաժնետոմսերի արժեքն ու բիզնեսի գնահատականը կարող են ընդամենը օրերի ընթացքում փոխել անձնական կապիտալի ծավալը։

Altrata-ի գնահատմամբ՝ միլիարդատերերի միջին պորտֆելի մոտ 73%-ը բաժին է ընկնում հանրային կամ մասնավոր ընկերություններում ունեցած մասնաբաժիններին, մինչդեռ իրացվելի ակտիվները կազմում են կարողության մոտ մեկ քառորդը։

Մեկ այլ միտում էլ վկայում է այն մասին, թե որքան շարժունակ է դառնում համաշխարհային կապիտալը. մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդ միլիարդատերը ծնվել է ոչ այն երկրում, որտեղ այսօր ապրում է և որտեղ կենտրոնացված է նրա հիմնական բիզնեսը։

Այլ կերպ ասած՝ հարստության ժամանակակից քարտեզն ավելի ու ավելի քիչ է կախված ծննդավայրից։ Կապիտալը տեղափոխվում է այնտեղ, որտեղ նրան առաջարկում են լավագույն պայմաններ, բիզնես հնարավորություններ և կյանքի որակ։ Իսկ Դուբայը, դատելով թվերից, դարձել է այդ նոր համաշխարհային հարստության հիմնական հանգրվաններից մեկը։



© NEWS.am STYLE