Ջորջ Քլունին թիրախավորել է «վախ տարածող ավտորիտարներին» և խստորեն քննադատել ԱՄՆ վարչակազմը  

11:29   3 սեպտեմբերի, 2026

Վենետիկի կինոփառատոնում ստանալով հեղինակավոր «Կյանքի նվաճումների» մրցանակը (Lifetime Achievement Award)՝ 65-ամյա Ջորջ Քլունին արտասանել է հզոր, սուր ելույթ։ Հոլիվուդյան աստղը ծափահարությունների է արժանացել մարդկայնության կոչ անելու և կինոն որպես միասնության ուժ պաշտպանելու համար։

«Ոչ ոք չի ծիծաղում այլ լեզվով։ Ոչ ոք լաց չի լինում այլ լեզվով։ Ծնողները նույն բաներն են զգում, երեխաները նույն բաներն են երազում», - ընդգծել է դերասանը։ «Սերը զարմանալիորեն նման է... Եվ դա ստիպում է կասկածել, որ մենք այնքան տարբեր ենք, որքան մեզ անընդհատ ներշնչում են»։

Դերասանը բացահայտորեն խոսել է նրանց դեմ, որոնք օգտագործում են սոցիալական պառակտումը իրենց նպատակների համար։ «Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ իշխանության մեջ գտնվող մարդիկ, մեծ փողեր ունեցող մարդիկ մեզ ասում են, որ վախենանք միմյանցից։ Բայց մենք ավելի խելացի ենք, չէ՞։ Պատմությունը մեզ սովորեցնում է։ Առաջին մարդիկ, որոնց ավտորիտարները փորձում են լռեցնել, քաղաքական գործիչները չեն։ Նրանք լրագրողներ են, որոնք հարցեր են տալիս։ Նրանք արվեստագետներ են, որոնք հրաժարվում են հեշտ պատասխաններ տալ՝ կինոգործիչներ, գրողներ, դերասաններ և երաժիշտներ, որոնք պնդում են, որ անծանոթը արժանի է կարեկցանքի»։

Սակայն, կարմիր գորգին հայտնվելուց առաջ էլ Քլունին մամուլի ասուլիսում քաղաքական փոթորիկ է առաջացրել՝ կոշտ քննադատություն սկսելով ԱՄՆ ներկայիս վարչակազմի նկատմամբ։ Դերասանը հայտարարել է, որ երկիրը ներկայումս կառավարվում է «ամենաանորակ մարդկանց» կողմից և ստեղծել է «կակիստոկրատիա» տերմինը (հին հունարեն կակիստոս, որը նշանակում է «ամենավատ», և կրատոս, որը նշանակում է «իշխանություն» բառերից)՝ կառավարման ձև, որտեղ իշխանության գլուխ են ամենավատ, ամենաանորակ, անգործունակ, բարոյապես կոռումպացված կամ եսասեր մարդիկ՝ խմբ.)։

«Մենք անցել ենք նաև այլ դժվար ժամանակների միջով, բայց սա ամենադժվարներից մեկն է», - ասել է Քլունին։ «Կա մի հիանալի բառ՝ կակիստոկրատիա, որը նշանակում է երկիր, որը կառավարվում է ամենաանորակ մարդկանց կողմից։ Կարծում եմ՝ հենց դա է, ինչի միջով մենք հիմա անցնում ենք, բայց մենք կհաղթահարենք դա։ Մենք կունենանք նոյեմբերյան ընտրություններ, որոնք պետք է ծառայեն որպես զսպման և հավասարակշռության մեխանիզմ, իսկ հետո, եթե հաջողության հասնենք, որոշակի վերականգնում 2028 թվականին»։

Օսկարակիր դերասանը նաև բացահայտորեն Դոնալդ Թրամփի վարչակազմն անվանել է «դաժան»՝ արտահայտելով իր վրդովմունքը հասարակական կյանքից պարկեշտության և մարդկայնության տարրական չափանիշների անհետացման կապակցությամբ.

«Այն միտքը, որ դաժանությունը տարածված է, որ դաժան և անսիրտ լինելը զվարճանքի մի մասն է... Նայեք, թե ինչ հրապարակեց պաշտպանության նախարարը սոցիալական ցանցերում՝ կանադացի կին զինվորի լուսանկար՝ ծաղրական մեկնաբանությամբ։ Եվ դուք մտածում եք. «Ի՞նչ է պատահել ձեզ հետ։ Որտե՞ղ է պարկեշտության վերջին կտորը»։ «Ես ամաչում եմ այս ամենի համար, բայց մենք կհաղթահարենք սա և կդուրս գանք այս ամենից այլ կերպ»։

Քլունին նկատի ուներ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի վերջերս արված թվիթը, որը ծաղրել էր երիտասարդական ճամբարում մեդալ հանձնող կանադացի զինվորի հաստլիկ տեսքը։

Կինոն որպես զենք վախի դեմ

Վերադառնալով իր ընդունելության խոսքին՝ Քլունին հիշեցրել է, որ պատմություններն ու արվեստը միշտ վտանգավոր են եղել բռնակալների համար.

«Մարդիկ, որոնք վախենում են գրքերից, երաժշտությունից և պատմություններից, պատմության մեջ երբեք հերոսներ չեն եղել։ Այո, ֆիլմերը չեն դադարեցնում պատերազմները, չեն նվազեցնում գնաճը, չեն կեղծում ընտրությունները, բայց անում են ինչ-որ զարմանալի բան։ Դրանք մեզ հիշեցնում են, որ անծանոթը բոլորովին էլ անծանոթ չէ, և որ նա կարող է հերոս լինել ուրիշի պատմության մեջ»։



© NEWS.am STYLE