«Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը

13:05   3 սեպտեմբերի, 2026

ԱՄՆ-ում բնակվող ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանը սեպտեմբերին հյուրախաղերով հանդես կգա հայրենիքում։ Նա Հ․ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում սեպտեմբերի 16-ին և 17-ին կխաղա  «Գերին և Գրեյսը» տրագիկոմեդիան՝ դերասանուհի Նարինե Չիլինգարյանի հետ։ Ներկայացումը բեմադրել է դերասանի որդին՝ ռեժիսոր Գոռ Բաբախանյանը: Այն առաջին անգամ խաղացվել է Լոս Անջելոսի «El Portal» թատրոնում: 

«Գերին և Գրեյսը» ներկայացումը պատմում է ծերանոցում հայտնված տարեց մարդկանց ճակատագրերի, հույսի և ջերմության մասին: Գերին, ում մարմնավորում է Հովհաննես Բաբախանյանը հայ տարեց տղամարդ է (հայկական իրականության և արմատների կրողը), ով նույնպես հայտնվել է նույն միջավայրում: Նարինե Չիլինգարյանը մարմնավորում է հերոսուհուն՝ Գրեյսին՝ 80 տարեկան ամերիկուհու, ով ապրում է անցյալի հիշողություններով և ակնկալությամբ, որ մի օր իր փեսացուն պատերազմից վերադառնալու է… 

Հակառակ իրենց տարիքին, առողջական խնդիրներին ու կյանքի դժվարություններին՝ հերոսները լեցուն են ապրելու ցանկությամբ, լավատեսությամբ ու հումորով: Նրանց միջև ձևավորվող ջերմ հարաբերությունները օգնում են հաղթահարել մենությունն ու լքվածության զգացումը:

Մենք՝ հասարակությունը պետք է կարողանա առավել զգույշ ու ջերմ վերաբերմունք ցույց տալ մեր ավագներին, հիշենք, որ մի օր գուցե մենք էլ հասնենք այդ տարիքին: Կարողանանք հիմա գնահատել նրանց, այն ժամանակ, երբ նրանք մեր կողքին են… Սա է ներկայացման հիմնական ասելիքը։



© NEWS.am STYLE