17:05 3 սեպտեմբերի, 2026Սեպտեմբերի 24-ին, ժամը՝ 19:30-ին, «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի շրջանակում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կներկայացվի բելգիական «Չայկա» թատերախմբի «Լոկո» խամաճիկային ներկայացումը։
Նիկոլայ Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» ստեղծագործությունից ներշնչված «Լոկոն» մեզ տեղափոխում է 1834 թվականի Սանկտ Պետերբուրգ և պատմում համեստ պաշտոնյա Պոպրիշչինի մասին, որն անտանելի իրականությունից փախչելով՝ աստիճանաբար իր համար նոր ինքնություն է ստեղծում։
Խամաճիկները, դերասանական խաղը, շարժումն ու տեսողական պոեզիան միաձուլվում են՝ ստեղծելով նուրբ և ինքնատիպ բեմական աշխարհ։ Ներկայացումը խոսում է իրականության և երևակայության, բանականության և խելագարության փխրուն սահմանների, միայնության և այլ կյանք երազելու մարդկային ցանկության մասին։
Ժամը 15:00-ի ներկայացումը հիմնականում նախատեսված է խուլ և լսողության սահմանափակումներ ունեցող հանդիսատեսի համար և կազմակերպվում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության հետ համագործակցությամբ՝ «ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի սոցիալական և ներառական ծրագրի շրջանակում։ Այս համագործակցությունը ևս մեկ քայլ է՝ թատրոնն ու մշակութային կյանքն ավելի հասանելի դարձնելու տարբեր հանրույթների համար։
Բեմադրիչները Նատաշա Բելովան և Տիտա Յակոբելին են։ Տևողությունը՝ 1 ժամ։
Փառատոնի գլխավոր հովանավոր՝ Երևանի քաղաքապետարան։ Աջակիցներ` Հայաստանում Բելգիայի դեսպանություն, Wallonie-Bruxelles international, ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության հետ համագործակցությամբ։ Գործընկեր` Սոս Սատգսյանի անվան Համազգային թատրոն: