10:30 6 սեպտեմբերի, 2026Բժշկի մասին մեր պատկերացումները հաճախ սահմանափակվում են սպիտակ խալաթով, մասնագիտական տերմիններով և հիվանդասենյակի լռությամբ։ Բայց սոցիալական ցանցերը փոխել են այդ պատկերը․ բժիշկն այսօր կարող է հայտնվել տեսախցիկի առաջ՝ պատմել իր առօրյայից, կատակել, զայրանալ, խոսել իրեն անհանգստացնող երևույթների մասին և բժշկության մասին խոսել այն լեզվով, որով մարդիկ սովոր են խոսել միմյանց հետ։
«IVF LIFE» կլինիկայի ուրոլոգիական բաժնի վարիչ, ուրոլոգ-անդրոլոգ Դավիթ Տոնոյանը հենց այդ ճանապարհն է ընտրել։ Նրա բլոգը բժշկական թեմաները դուրս է բերում կաբինետի սահմաններից՝ անդրադառնալով նաև այն հարցերին, որոնց մասին մարդիկ դեռ դժվարանում են բարձրաձայնել։ Նրա առցանց գործունեության հիմքում ոչ միայն մասնագիտական գիտելիքն է, այլև մարդը՝ իր հումորով, էմոցիաներով, հոգնածությամբ ու առօրյայով։
Բայց ի՞նչ է մնում տեսախցիկից այն կողմ, և ո՞վ է բժիշկ Տոնոյանը, երբ հանվում է սպիտակ խալաթը։
Ո՞վ է բժիշկ Դավիթ Տոնոյանը սպիտակ խալաթից այն կողմ։
-Գենի՞յ, միլիարդե՞ր, ֆիլանտրո՞պ, փլեյբո՞յ, -կատակում է նա։
Բժիշկը նույնպես մարդ է

Դավիթ Տոնոյանի բլոգում բժշկական թեմաները հաճախ կողք կողքի են հայտնվում առօրյայի, հումորի և երբեմն էլ բավական կտրուկ արձագանքների հետ։ Այդ բացությունը, նրա խոսքով, մեկ կարևոր նպատակ ունի՝ ցույց տալ, որ բժշկի մասնագիտության հետևում սովորական մարդ է։
«Մարդիկ պետք է հասկանան, որ բժիշկներն էլ մարդիկ են, էմոցիաներ ունեն, հոգնում են, տանջվում, սիրում, ուրախանում ու նույն ապրումներն ունեն։ Մենք էլ մարդ ենք, և մենք էլ մարդկանց պես բժիշկների կարիք ունենք»,- ասում է նա։
Բժշկի և հիվանդի միջև վստահություն ստեղծելու համար, ըստ Տոնոյանի, կարևոր է տեսնել ոչ միայն մասնագետին, այլև մարդուն։ Այդ պատճառով էլ նրա բլոգում բժշկական թեմաների կողքին տեղ ունեն նաև նրա բնավորությունն ու առօրյան։
«Իմ կյանքի 5-7 տոկոսն եմ ցույց տալիս»

Թեև սոցիալական ցանցերում նրա ներկայությունը բավական ակտիվ է, Տոնոյանը վստահեցնում է՝ հանրությունը տեսնում է իր կյանքի միայն փոքր մասը։
«Ես սոցիալական ցանցերում ցույց եմ տալիս իմ առօրյայի, իմ կյանքի ընդամենը 5-7 տոկոսը, ոչ ավելին։ Շատ բաներ մնում են ինձ»,- ասում է նա։
Տեսախցիկի առաջ հայտնվում է այն, ինչը հետաքրքիր է, դինամիկ, երբեմն՝ զվարճալի կամ օգտակար։ Իսկ անձնական կյանքի բազմաթիվ մանրամասներ և այն ամենը, ինչը նա չի ցանկանում հանրայնացնել, մնում են կադրից դուրս։
Հենց այդ չերևացող հատվածում էլ նրա մյուս դերերն են՝ ամուսին, ընտանիքի անդամ, ընկեր և պարզապես մարդ։
Եթե պետք է առանձնացնի իր բազմաթիվ դերերից մեկը, Տոնոյանը ամենակարևորը համարում է ամուսին լինելը։
Բժիշկ, բլոգեր, բայց նախևառաջ՝ մարդ
Բժշկությունը Տոնոյանի հիմնական մասնագիտությունն է, իսկ բլոգինգը նրա համար դարձել է ինքնարտահայտման ևս մեկ տարածք։
«Բլոգերությունը տվել է իմ միջի էներգիան ծախսելու ևս մեկ ուղղություն՝ ցույց տալու իմ կրեատիվը, իմ տաղանդը»,- ասում է նա։
Սոցիալական ցանցերը նրան հնարավորություն են տվել ոչ միայն բժշկական տեղեկատվություն փոխանցել, այլև մարդկանց ցույց տալ այն կողմերը, որոնք բժշկի կաբինետում սովորաբար չեն երևում։
Եվ, իհարկե, այստեղ կա նաև հումորի տեղը։ Տոնոյանը կատակով ասում է, որ ուզում է մարդկանց պատմել իր մասին, որպեսզի նրանք իմանան՝ «քաղաքում կա ամենալավ, ամենապուպուշ բժիշկը»։
Ի՞նչն է նրան ամենաշատը նյարդայնացնում
Տոնոյանի համար ամենանյարդայնացնող երևույթներից մեկը պարզապես անտեղյակությունը չէ։ Ավելի շատ նրան անհանգստացնում է այն դեպքը, երբ անգրագիտությունը գալիս է հենց բժշկական մասնագիտության ներսից։
«Ինձ ամենաշատը նյարդայնացնում է անգրագիտությունը, այն անգրագիտությունը, որը կարող է լինել բժշկական մասնագիտությունը կրող մարդու մոտ»,- ասում է նա։
Բժշկության ոլորտում սխալ տեղեկատվությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Այդ պատճառով մասնագիտական գիտելիքը նրա համար ոչ միայն կրթության, այլև պատասխանատվության հարց է։
Երբ բժիշկը նույնպես պետք է նորից սովորի

Բժշկությունը այն մասնագիտություններից է, որտեղ կրթությունը չի ավարտվում դիպլոմով։ Նոր հետազոտություններ, տեխնոլոգիաներ, բուժման մեթոդներ և գիտական մոտեցումներ անընդհատ փոխվում են։
«Այս զարգացող աշխարհին հասցնելու համար ինձ թվում է՝ նույնիսկ մի փոքր ուշացրել եմ»,- ասում է նա։
Նրա համոզմամբ՝ անդադար կրթվելը լավ մասնագետի գլխավոր գրավականներից է։ Եվ այստեղ կրկին վերադառնում ենք այն կերպարին, որը նա փորձում է ցույց տալ նաև իր բլոգում․ մասնագետ, որը գիտի շատ բան, բայց միաժամանակ հասկանում է, որ դեռ սովորելու անսահման հնարավորություն կա։
Ամոթից դեպի անտեղյակություն
Բժշկական բազմաթիվ թեմաներ Հայաստանում երկար ժամանակ մնացել են չասվածի, կիսաձայն խոսակցության կամ ամոթի տիրույթում։ Հատկապես այն հարցերը, որոնք վերաբերում են սեռական և վերարտադրողական առողջությանը։
Տոնոյանի խոսքով՝ ժամանակի ընթացքում այստեղ փոփոխություն է տեղի ունեցել։
«Սկզբում ամոթն էր, իսկ հիմա արդեն՝ անտեղյակությունը»,- ասում է նա։
Եթե նախկինում մարդիկ պարզապես ամաչում էին հարցնել, այսօր ավելի ու ավելի հաճախ փորձում են տեղեկատվություն գտնել։ Սոցիալական ցանցերը դարձել են այդ որոնման առաջին կանգառներից մեկը։
Մարդիկ դիտում են նրա տեսանյութերը՝ պատասխաններ ստանալու այն հարցերին, որոնց մասին ամաչում են խոսել կամ որոնց վերաբերյալ հակասական տեղեկություններ են հանդիպում համացանցում։
Այդ դեպքում բժշկի պատասխանատվությունն ավելի է մեծանում․ նա այլևս միայն հիվանդին ընդունող մասնագետ չէ, այլ նաև տեղեկատվության աղբյուր։ Տոնոյանի համար կարևոր է, որ այդ տեղեկատվությունը լինի հասկանալի, հիմնավորված և վստահելի։
Դավիթ Տոնոյանի դեպքում այդ ճանապարհն անցնում է հումորի, առօրյայի, երբեմն էլ կտրուկ արձագանքների միջով։ Բայց տարբեր ձևերի տակ նույն նպատակն է՝ խոսել այն մասին, ինչի մասին մարդիկ հաճախ լռում են։
Որովհետև բժշկության մեջ լռությունը միշտ չէ, որ ամոթի նշան է։ Երբեմն այն պարզապես չիմանալու հետևանք է։
Իսկ չիմանալու դեմ լավագույն միջոցը՝ խոսելն է։