«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին

18:05   6 սեպտեմբերի, 2026

Ի՞նչն է տարբերում ռեժիսորին պարզապես լավ նկարահանողից։ Գուցե այն, որ նա տեսնում է ոչ միայն այն, ինչ կա կադրում, այլև այն, ինչ դեռ պետք է հայտնվի այնտեղ։ Ռեժիսորական «աչքը» սկսվում է ոչ թե տեսախցիկից, այլ պատմությունը հասկանալու կարողությունից՝ դերասանի ընտրությունից մինչև լոկացիա, կադրի ռիթմից մինչև մոնտաժ։

Ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի համար կինոն հենց այդ ամբողջությունն է։ Նա համոզված է՝ գեղեցիկ կադրը դեռ լավ տեսարան չէ, տեխնիկան պետք է ծառայեցվի պատմությանը, ոչ թե հակառակը, իսկ դերասանին երբեմն պետք է այնքան ազատ թողնել, որ նա կարողանա նույնիսկ ռեժիսորին զարմացնել։
Ղազարյանի համար ստեղծագործական գործընթացը չի ավարտվում նկարահանման հրապարակում։ Մոնտաժի փուլում արդեն նկարահանված նյութից պետք է ծնվի այն ֆիլմը, որը մինչ այդ միայն պատկերացրել ես։

Նրա վերջին աշխատանքներից է «Վերջին Գամբիտ» սերիալը, որի նկարահանումներն արդեն ավարտվել են։ Նախագիծը նրան հնարավորություն է տվել աշխատելու նոր դերասանների հետ, բացահայտելու նոր էներգետիկաներ և պատմելու հանցավոր աշխարհի մասին՝ առանց այն ռոմանտիզացնելու։

Իսկ այն պատմությունների մասին խոսելիս, որոնք անձամբ կուզեր պատմել, Ղազարյանը վերադառնում է մի թեմայի, որն իրեն հետաքրքրում է դեռ ուսանողական տարիներից՝ ժամանակին։

«Մեզ թվում է՝ ժամանակը միշտ շատ է։ Բայց այն միշտ չէ, որ հերիքում է»,— ասում է նա։

Ռեժիսորի աչքը սկսվում է կադրից առաջ

1f79893b-dbb0-45a1-a763-b380c1e80c67.jpeg (59 KB)

Հովհաննեսի համոզմամբ՝ ռեժիսորական աչքը միայն ռակուրսը կամ տեսախցիկի շարժումը չէ։ Այն սկսվում է դեռ նախագծի ձևավորման փուլում՝ սցենարը կարդալուց, դերասաններին ընտրելուց և լոկացիաներ փնտրելուց։

«Ռեժիսորական աչքը պետք է սկսվի իր մոտեցումից նախագծին՝ լոկացիաների ընտրությունից սկսած»,- ասում է նա։

Նույն գյուղական տունը տարբեր ռեժիսորների ֆիլմերում կարող է բոլորովին տարբեր նշանակություն ու տեսք ունենալ։ Մեկի համար այն պարզապես իրական տուն կլինի, մյուսի համար՝ իրականության ու էսթետիկայի միջև ստեղծված տարածք։

Հետո գալիս են ռակուրսները, տեսախցիկի շարժումը և մոնտաժը։ Այդ բոլոր որոշումների ամբողջությունն է ձևավորում ռեժիսորի ձեռագիրը։

Նա կարևորում է նաև ֆիլմի ռիթմը։ Մի տեսարան կարող է ստատիկ լինել, մյուսը՝ դինամիկ, բայց դրանց հարաբերությունը պետք է մտածված լինի։

«Չեմ ուզում, որ մարդը նայի ու անընդհատ ստատիկ վիճակից քնի, բայց չեմ էլ ուզում, որ այդ դրայվից գլխապտույտ առաջանա»,- ասում է նա։

Տեխնիկան նույնպես, նրա կարծիքով, պետք է կիրառել միայն անհրաժեշտության դեպքում։ Եթե նկարահանման հրապարակում տեսախցիկի շարժական սայլակ կա, դա դեռ չի նշանակում, որ այն պետք է անպայման օգտագործել։ Տեսարանը պետք է պահանջի այդ շարժումը։
Հակառակ դեպքում գեղեցիկ կադրերի կուտակումից կարող է ստացվել ոչ թե ֆիլմ, այլ, ինչպես ինքն է ձևակերպում, «շատ երկար, գեղեցիկ նկարած ռիլ»։

Երբ գեղեցկությունը խանգարում է պատմությանը

Ղազարյանի համար տեսողական լուծումը միշտ պետք է բխի պատմությունից։ Երկու մարդու անկեղծ, էմոցիոնալ երկխոսությունը, օրինակ, կարող է ընդհանրապես չպահանջել տեսողական բարդ լուծումներ։
«Պետք չէ շատ ընկնել կադրում մանրուքներ փնտրելու, ինչ-որ հնարքներ անելու հետևից։ Եթե դա էմոցիոնալ տեսարան է, պետք է շատ ինտիմ լինի, շատ ուղիղ ու հասարակ»,- ասում է ռեժիսորը։

Արհեստականորեն գեղեցկացված տեսարանը, նրա խոսքով, կարող է կորցնել ամենակարևորը՝ հոգին։

«Երբ արհեստական գեղեցիկ ես նկարում, դա զգացվում է ու զրկում է ընդհանուր ֆիլմը հոգի ասվածից»։

Այդ պատճառով տեխնիկական հնարավորությունների առատությունը կարող է նաև սահմանափակել ստեղծագործականությունը։ Երբ յուրաքանչյուր հնարք օգտագործվում է պարզապես այն պատճառով, որ հնարավոր է օգտագործել, պատմությունն աստիճանաբար նահանջում է երկրորդ պլան։

«Վերջին Գամբիտը». հանցավոր կյանքի մյուս կողմը

a59c1152-1a1e-4191-8adc-d9252b46b781.jpeg (80 KB)

«Վերջին Գամբիտ»-ի նկարահանումներն արդեն ավարտված են։ Նախագծի կարևոր ձեռքբերումներից Հովհաննեսը համարում է նոր դերասանների հետ աշխատանքը։

Նա առանձնացնում է Արթուր Դարբինյանին, որի հետ համագործակցությունը, իր խոսքով, նոր բացահայտումների առիթ է դարձել։ Նույն նախագծում առաջին անգամ աշխատել է նաև դերասանների հետ, որոնց երկար ժամանակ ճանաչել է, բայց երբևէ չի ունեցել համատեղ աշխատանք:

Սակայն սերիալի դեպքում նրան հետաքրքրում է ոչ միայն դերասանական կազմը, այլև պատմության այն կողմը, որը պետք է հասնի հանդիսատեսին։

«Կուզեմ հանդիսատեսը այս նախագծում չտեսնի միայն սպանություններ»,- ասում է նա։

Հանցավոր աշխարհը սերիալում ներկայացվում է ոչ միայն որպես գործողությունների ու սպանությունների շղթա, այլև որպես միջավայր, որի մեջ մտնելը վտանգավոր է ոչ միայն գլխավոր հերոսների, այլև նրանց շրջապատող մարդկանց համար։ Երեխաները, ընկերները, հարազատները՝ բոլորը հայտնվում են այդ վտանգի ազդեցության տակ։

Ռեժիսորը, սակայն, շեշտում է, որ ֆիլմի նպատակը դաստիարակելը չէ։ Կինոն, նախևառաջ, ժամանց է, և յուրաքանչյուր հանդիսատես ինքն է որոշում՝ ինչ վերցնել ֆիլմից։

Դերասանին պետք է թույլ տալ զարմացնել ռեժիսորին

Ռեժիսորի համար դերասանը պարզապես նախապես գծված կերպարը կատարող մարդ չէ։ Երբեմն հենց դերասանն է որոշում, թե վերջնական արդյունքում ով է դառնալու այդ կերպարը։

Հովհաննեսը նախընտրում է առաջին փորձի ժամանակ դերասանին չսահմանափակել։

«Եթե սկզբից նրան տաս այդ շրջանակը, դու քո շանսը կկորցնես ու երբեք էլ չես տեսնի, թե ինքը ինչ կաներ»,- ասում է նա։

Այդ ազատությունը կարող է բերել անսպասելի արդյունքի։ Դերասանի էներգետիկան, ինտոնացիան, ձայնի տեմբրը և միմիկան կարող են ամբողջությամբ փոխել կերպարի ընկալումը՝ նույնիսկ անփոփոխ տեքստի դեպքում։

Նա օրինակ է բերում մի երկխոսության տեսարան, որտեղ հերոսներից մեկը պետք է գերիշխող դիրքում լիներ։ Սակայն մյուս դերասանի էներգետիկան այնքան ուժեղ էր, որ տեսարանը նախատեսված կերպով չէր աշխատել։

«Ինչքան էլ սցենարը գրված լինի, միևնույն է՝ դերասանների էներգետիկան է կերպարի միս ու արյուն տալիս»,- ասում է նա։

Ռեժիսորի դերը, նրա ձևակերպմամբ, ուղղություն տալն է։ Նա պետք է հստակ գիծ ցույց տա և թույլ չտա սխալ ճանապարհով գնալ, բայց այդ ճանապարհով շարժվող դերասանն է կերպարին կյանք տալիս։

Թիմային աշխատանք՝ առանց քաոսի

Ղազարյանը չի ընդունում այն մոտեցումը, երբ ռեժիսորը բոլոր ստեղծագործական որոշումները դիտարկում է որպես միայն իրենը։

Օպերատորը, նկարիչը, դերասանը կարող են առաջարկ անել, և այդ առաջարկը կարող է փոխել նախնական պատկերացումը։

«Եթե միայն ռեժիսորի պատկերացումն իրականացնելով բոլորը զբաղվեն, բոլորը ուղղակի գործիքներ կլինեն»,- ասում է նա։

Ինքը պատրաստ է լսել թիմին։ Ավելին՝ երբեմն առաջարկը կարող է իրեն համոզել։ «Գամբիտում» նույնիսկ եղել է դեպք, երբ դերասանի առաջարկով նույն տեսարանը երկու տարբերակով են նկարել, որպեսզի վերջնական ընտրությունը կատարեն մոնտաժի ժամանակ։

Բայց ազատ ստեղծագործական միջավայրն ու քաոսը, նրա կարծիքով, նույն բանը չեն։ Ռեժիսորը պետք է լսի թիմին, բայց նաև կարողանա վերջնական որոշում կայացնել։ Հակառակ դեպքում քննարկումը երբեք չի ավարտվի, իսկ նկարահանման հրապարակը կվերածվի անվերջ համաձայնեցումների։

Ինտուիցիան՝ այնտեղ, որտեղ կանոնները չեն բավականացնում

76eb4021-ad07-4fa2-9669-1d67294990b2.jpeg (41 KB)

Հովհաննեսի աշխատանքում մեծ տեղ ունի նաև ինտուիցիան։
Նա պատմում է «Վերջին Գամբիտում» ոստիկանի կերպարի մասին, որի արտաքին տեսքի որոշ առանձնահատկություններ մասնագիտական տեսանկյունից կարող էին չհամապատասխանել իրականությանը։

Բայց ֆիլմը, նրա համոզմամբ, պարտավոր չէ բառացիորեն կրկնել իրականությունը։

«Մենք ֆիլմ ենք նկարում։ Ֆիլմում գոնե կարող է լինել այդպիսի կերպար»։
Նրա համար ֆիլմը պետք է իրականության հետ կապ ունենա, բայց միաժամանակ իրավունք ունի դուրս գալ դրա սահմաններից։ Այդտեղ էլ ծնվում է ռեժիսորի ինտուիցիան՝ այն պահը, երբ որոշումը գուցե դեռ հնարավոր չէ ամբողջությամբ բացատրել, բայց ներսից զգում ես, որ հենց այդպես է պետք անել։

Տարբեր ժանրերը՝ տարբեր մտածելու հնարավորություն

Կատակերգություն, ֆանտաստիկա, կրիմինալ․ տարբեր ժանրերի հետ աշխատանքը, Ղազարյանի խոսքով, ոչ այնքան փոխում, որքան ընդլայնում է ռեժիսորի մտածողությունը։

Նույնիսկ սահմանափակ ռեսուրսները կարող են դառնալ ստեղծագործական մարտահրավեր։ Փոքր լոկացիան երբեմն պետք է այնպես օգտագործել, որ հանդիսատեսը դրա սահմանները չզգա։ Սուղ հնարավորությունները ստիպում են աշխատեցնել երևակայությունը և գտնել այն լուծումները, որոնք մեծ բյուջեի պայմաններում գուցե նույնիսկ չփնտրեիր։

Նոր փորձառություններից մեկը նրա համար արհեստական բանականությունն է։ Հանրային առաջին հեռուստաընկերության ամանորյա ֆիլմի աշխատանքից հետո նա սկսել է ավելի մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրել AI-ի հնարավորությունները և այժմ այն փորձում է կիրառել չափավոր ու ճիշտ տեղերում։

Ոչ թե մարդու փոխարեն, այլ ժամանակը խնայելու համար։

Ամենակարևոր թեման՝ ժամանակը

Իսկ այն պատմությունների մասին խոսելիս, որոնք անձամբ է ուզում պատմել, տեխնիկան, ժանրը և նույնիսկ մասնագիտությունը մի կողմ են մնում։

Նա խոսում է ժամանակի մասին՝ թեմա, որը նրան հետաքրքրում է դեռ ուսանողական տարիներից, և որի շուրջ նույնիսկ պատմվածք է գրել։

«Մեզ թվում է՝ ժամանակը միշտ հերիքում է՝ իրար հետ շփվելու, իրար ասելու համար այս կամ այն բանը։ Բայց այն միշտ չի հերիքում ու աննկատ անցնում է»։

Ժամանակը մեր վերահսկողության տակ չէ, բայց այն որոշում է մեր գոյության չափը։ Եթե իմանայինք, թե որքան ժամանակ է մեզ մնացել, գուցե բոլորովին այլ կերպ վարվեինք։

Նրա համար հենց այդ հարցերն են հետաքրքիր։ «Ժամանակը չի բավականացնի՝ խոսելու ժամանակի մասին»։

Երեք նախագիծ՝ առջևում

Առաջիկայում Հովհաննես Ղազարյանը երեք նախագծի պլան ունի։ Դրանցից մեկի մասին նա դեռ մանրամասներ չի բացահայտում, բայց ակնարկում է, որ նախագիծը հանրության համար շատ ծանոթ ու հայտնի է լինելու և կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել։

Մյուսը, նրա խոսքով, շատ խոր հոգեբանական աշխատանք է։

Երրորդը դեռ վաղ փուլում է և սպասում է հաստատմանը, բայց հենց դրա մասին է նա այս պահին ամենամեծ ոգևորությամբ մտածում։

Այս զրույցից մեկ բան կարելի է առանձնացնել․ Հովհաննես Ղազարյանի համար ռեժիսուրան պարզապես գեղեցիկ պատկերներ ստեղծելու արվեստ չէ։ Դա ընտրության արվեստ է՝ ինչ թողնել կադրում, ինչ հեռացնել, ինչ պահել լռության մեջ և ինչ ասել ընդամենը մեկ հայացքով։



© NEWS.am STYLE