11:35 6 սեպտեմբերի, 2026«Եվրատեսիլ 2026»-ի հաղթող բուլղարացի փոփ երգչուհի DARA-ն (Դարինա Յոտովա) դարձավ Coca-Cola Fest 2026-ի գլխավոր միջազգային աստղերից մեկը Հայաստանում: Սեպտեմբերի 5-ին Yerevan Park-ում առաջին անգամ տեղի ունեցած փառատոնի բեմում արտիստը, ի թիվս այլ երգերի, կատարել է իր հաղթական հիթը:
Ելույթից առաջ DARA-ն խոստովանել է, որ վաղուց էր ուզում գալ Հայաստան, և այստեղ հայտնվելուց հետո արագ զգացել է իրեն տանը: «Ես հասկացա, որ մենք հարազատներ ենք: Մենք իսկապես հարազատ ենք»,-ասաց նա բեմից՝ դիմելով հայ հանդիսատեսին: Երգչուհու խոսքով՝ Բուլղարիան և Հայաստանը շատ առումներով նման են, և նա հատկապես տպավորված էր հայկական հյուրընկալությամբ և խոհանոցով: Երգչուհին նաև խոստովանեց, որ այնքան տպավորված էր Երևանով, որ մտածում է բնակարան գնելու մասին. «Ես պետք է այստեղ բնակարան գնեմ: Այս քաղաքը, այս երկիրը զարմանալի են»:
«Գիտեմ, որ կյանքը երբեմն կարող է շատ, շատ դժվար լինել։ Հատկապես մեր երկրներում, որտեղ մենք ստիպված ենք դժվարությունների հանդիպել։ Բայց եկեք այս 20 րոպեն միասին անցկացնենք՝ պարզապես պարելով։ Թող ձեր բոլոր խնդիրները դուրս գան պարի միջոցով։ Այս ժամանակը ձեզ համար է, որովհետև դուք սիրում եք ինքներդ ձեզ»,-դիմել է նա հանդիսատեսին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Արսեն Սարգսյանի