ENIGMA-ի «ոսկե ձայնը»՝ Էնդրյու Դոնալդսը, համերգ կտա Երևանում։

13:15   8 սեպտեմբերի, 2026

Նոյեմբերի 21-ին Երևանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, ելույթ կունենա ENIGMA-ի լեգենդար նախագծի ձայնը՝ Էնդրյու Դոնալդսը։ Արտիստը, լարային նվագախմբի և մանկական երգչախմբի ուղեկցությամբ, կներկայացնի ENIGMA-ի պաշտամունքային հիթերն ու իր մենակատարային ստեղծագործությունները։

ENIGMA-ի երաժշտությունն արդեն քանի տասնամյակ է, ինչ յուրահատուկ երևույթ է համաշխարհային բեմում։ Գերմանացի երաժիշտ և պրոդյուսեր Միխայել Կրետուի ստեղծած նախագիծը միավորել է էլեկտրոնային երաժշտությունը, էթնիկ մոտիվները, երգչախմբային հատվածներն ու մթնոլորտային հնչողությունը՝ ձևավորելով սեփական, ճանաչելի երաժշտական լեզուն։

Գոյության տարիներին ENIGMA-ն վաճառել է ավելի քան 70 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհում և արժանացել բազմաթիվ «պլատինե» ու «ոսկե» մրցանակների։ Նրանց Sadeness (Part I), Return to Innocence, Beyond the Invisible և Modern Crusaders երգերը համաշխարհային երաժշտության պատմության մաս են դարձել։

Նախագծի հնչողության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Էնդրյու Դոնալդսի ձայնը։ Ճամայկացի երգիչն իր մենակատարային կարիերան սկսել է 1990-ականներին, իսկ 1998-ին միացել է ENIGMA-ին՝ սկսելով համագործակցել Միխայել Կրետուի հետ։ Նրա վոկալը հնչել է նախագծի մի շարք առանցքային ալբոմներում և դարձել դրանց երաժշտական մթնոլորտի անբաժանելի մասը։

Զուգահեռաբար Դոնալդսը շարունակել է իր մենակատարային ուղին։ Նրան միջազգային ճանաչում են բերել Mishale, All Out of Love, Save Me Now և այլ հայտնի երգեր։ Նրա երաժշտությունը հնչել է նաև ֆիլմերում ու հեռուստանախագծերում։

Երևանում սպասվող համերգը հնարավորություն կտա ENIGMA-ի սիրված ստեղծագործությունները լսել կենդանի՝ նոր ձևաչափով։ Ծանոթ էլեկտրոնային հնչողությանը կմիանան կենդանի լարային նվագախումբն ու մանկական երգչախումբը՝ ստեղծելով տպավորիչ և հուզառատ բեմական ծրագիր։

 



© NEWS.am STYLE