Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը․ «Մեր նպատակն է Հայաստանը ներկայացնել աշխարհի մշակութային քարտեզում»

16:28   8 սեպտեմբերի, 2026

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ազդարարել է նոր՝ 21-րդ համերգաշրջանի մեկնարկը։ Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ներկայացվեցին առաջիկա համերգային ծրագրերը, հրավիրված աշխարհահռչակ մենակատարները, ձայնագրությունները, կրթական նախաձեռնություններն ու միջազգային ծրագրերը։ Միաժամանակ ամփոփվեց նվագախմբի նախորդ՝ հոբելյանական 20-րդ համերգաշրջանը։

Ասուլիսին մասնակցում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

20-րդ համերգաշրջանը՝ մեծ լսարանի և նոր հնարավորությունների ապացույց

Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեությունն առանձնանում է ոչ միայն բարձրարվեստ կատարումներով, այլև ժամանակակից ու բազմաֆունկցիոնալ մոտեցմամբ։

«Ինձ համար մեծ պատիվ է այս նվագախմբի մի մասը լինելը, նրանց հետ աշխատելը և իմ երաժշտական կյանքի ամենակարևոր նախագծերը ստեղծելը։ Արդեն այս կարգավիճակում ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանը»,– նշել է նախարարի տեղակալը։

Անդրադառնալով նախորդ համերգաշրջանին՝ նա առանձնացրել է նվագախմբի 20-ամյակի շրջանակում իրականացված մեծածավալ համերգը Մարզահամերգային համալիրի սպորտային դահլիճում։ Նրա գնահատմամբ՝ այդ նախաձեռնությունը կարևոր էր ոչ միայն նվագախմբի, այլև Հայաստանի մշակութային կյանքի համար։

«Մենք կարողացանք ապացուցել, որ Հայաստանի քաղաքացիները և դասական երաժշտության ունկնդիրներն այնքան էլ սակավաթիվ չեն, որքան երբեմն տպավորություն է ստեղծվում։ Խիզախեցինք և որոշեցինք մեծ համերգ անցկացնել Մարզահամերգային համալիրի սպորտային դահլիճում։ Դա բավական ռիսկային որոշում էր, քանի որ մեզ անընդհատ ասում էին, թե դասական երաժշտությունը մեծ դահլիճների համար չէ, և պետք է բավարարվել 1000 տեղանոց կամ համալիրի փոքր դահլիճով։ Սակայն մենք գնացինք այդ ռիսկին և ապացուցեցինք, որ Հայաստանում կան հազարավոր մարդիկ, որոնք սիրում են դասական երաժշտությունն ու այս նվագախմբի կատարումները»,– ասաց Վիրաբյանը։

Նրա խոսքով՝ նվագախմբի կարևոր առանձնահատկություններից մեկը բազմաֆունկցիոնալությունն է։ Ժամանակակից մշակութային միջավայրում, ըստ նրա, կարևոր է ունենալ երաժշտական կոլեկտիվ, որը կարող է աշխատել տարբեր ժանրերում և համագործակցել ինչպես համաշխարհային դասական երաժշտության աստղերի, այնպես էլ այլ երաժշտական ուղղություններ ներկայացնող արտիստների հետ։

«Այլևս միայն ժանրային խիստ առանձնահատկություններով մի քանի նվագախումբ ունենալը ճոխություն է։ Մենք պետք է կարողանանք ունենալ նվագախումբ, որը պատրաստ է ելույթ ունենալ և՛ աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ, և՛ արագ ժանրային տեղաշարժ կատարել ու, օրինակ, ելույթ ունենալ «Լադանիվա» խմբի Ժակոյի հետ»,– ընդգծեց նա։

Նվագախումբը՝ Հայաստանի սահմաններից դուրս

21-րդ համերգաշրջանի կարևոր ուղղություններից մեկը լինելու է Հայաստանի մշակութային ներկայության ընդլայնումը միջազգային հարթակներում։

Տիգրան Վիրաբյանը նշեց, որ նվագախումբն իր առջև նպատակ է դրել ոչ միայն ակտիվորեն ելույթ ունենալ Հայաստանում, այլև ավելի մեծ ներկայություն ապահովել երկրի սահմաններից դուրս։

Նրա խոսքով՝ այս առումով կարևոր դեր ունի Սերգեյ Սմբատյանի միջազգային գործունեությունը։

«Սերգեյ Սմբատյանն աշխարհում մեծ պահանջարկ ունեցող դիրիժոր է, որին ամիսներով առիթ չենք ունենում Հայաստանում տեսնելու։ Սա շատ կարևոր է, որովհետև մենք ունենք այնպիսի դիրիժոր, որը կարող է ղեկավարել աշխարհի լավագույն նվագախմբերը։ Սա նաև հայկական մշակույթի ձեռքբերումն է»,– նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը։

Նոր համերգաշրջանը՝ աշխարհահռչակ մենակատարներով

21-րդ համերգաշրջանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան միջազգային ճանաչում ունեցող մի շարք երաժիշտներ։

Նվագախմբի բեմական գործընկերների թվում են՝ ջութակահար Նոա Բենդիքսը, դաշնակահարներ Բրյուս Լյուն, Ալիս Սառա Օտտը, Բեհզոդ Աբդուրաիմովը, Եվա Գևորգյանը և Ալեքսանդր Մալոֆեևը, թավջութակահարներ Գայ Ջոնսոնը և Կամիլ Թոման, կիթառահար Պաբլո Սաինս Վիլեգասը, ջութակահարներ Դիանա Ադամյանը, շեփորահար Սերգեյ Նակարյակովը, ալտահարներ Դեյվիդ Աարոն Քարփենթերը և Թիմոթի Ռիդաութը։

Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ նման արտիստների Հայաստան հրավիրելը ոչ միայն երաժշտական կյանքի հարստացման, այլև երկրի մշակութային ճանաչելիության բարձրացման հնարավորություն է։

«21-րդ համերգաշրջանում մենք ունենք աշխարհահռչակ մենակատարներ, որոնց հետևում է ամբողջ աշխարհը։ Նման դասական, ակադեմիական աստղերի բերելով մեր երկիր՝ Հայաստանը դնում ենք մշակութային քարտեզին, որտեղ ես, որպես դասական երաժշտության ներկայացուցիչ, ուզում եմ Հայաստանը տեսնել։ Եվ դա մեր մեծագույն ձեռքբերումն է»,– նշեց Սմբատյանը։

Նա ընդգծեց նաև միջազգային հարթակներում Հայաստանի և հայկական երաժշտական ժառանգության ներկայացման կարևորությունը։

«Մենք ունենք շատ մեծ ու հստակ առաքելություն՝ ներկայացնել Հայաստանը դրսում, որտեղ միշտ նվագում ենք մեր կոմպոզիտորների գործերը։ Այս համերգաշրջանը ևս բացառություն չի լինի»,– ասաց գլխավոր դիրիժորը։

Հայկական երաժշտական ժառանգությունը՝ միջազգային բեմերում

Նոր համերգաշրջանում նվագախումբը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել հայկական կոմպոզիտորական ժառանգությունը։

Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ միջազգային ծրագրերում կհնչեն այն հեղինակների ստեղծագործությունները, որոնք ձևավորել և փոխել են երաժշտական ու մշակութային աշխարհընկալումը։

«Ունենք նպատակ ներկայացնելու մեր ժառանգությունը, այն մեծ հեղինակներին, որոնք փոխել են մեր աշխարհընկալումը՝ Տերտերյան, Խաչատրյան, Աճեմյան, և ժամանակակից հերոսներին, որոնցով մեզ ճանաչում են՝ Մանսուրյան, Ուլիխանյան և այլք»,– նշել է նա։

Նրա խոսքով՝ առաջիկա համերգաշրջանում նախատեսված են նաև բարդ և հավակնոտ ծրագրեր, որոնք նոր ստեղծագործական մարտահրավերներ են լինելու նվագախմբի համար։

Համերգներ՝ Երևանում և մարզերում

Նվագախումբը կարևորում է ոչ միայն մայրաքաղաքում համերգային կյանքի ակտիվացումը, այլև մարզերում մշակութային հասանելիության ընդլայնումը։ Այս ուղղությամբ 2026 թվականին նախատեսվում է մեծ ծրագիր՝ մարզային մշակութային կյանքն ակտիվացնելու նպատակով։

Առաջիկա կարևոր համերգներից մեկը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին Վանաձորի Հայքի հրապարակում՝ Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ծրագրում կհնչի սիմֆոնիկ ռոք և ֆոլկ երաժշտություն։

Իսկ սեպտեմբերի 21-ին, Անկախության տոնի օրը, նվագախումբը ելույթ կունենա Երևանի Հանրապետության հրապարակում՝ տարվա գլխավոր տոնական միջոցառման շրջանակում։

Կրթական ծրագրերը՝ գործունեության կարևոր ուղղություն

Համերգային գործունեությանը զուգահեռ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է կարևորել նաև կրթական ծրագրերը։ Նպատակն է ոչ միայն ձևավորել նոր լսարան, այլև երիտասարդների համար դասական երաժշտությունն ու մասնագիտական միջավայրը դարձնել ավելի հասանելի։

Այս ուղղությունը, ինչպես նաև մարզային ծրագրերը, առաջիկա համերգաշրջանում լինելու են նվագախմբի գործունեության կարևոր բաղադրիչներից։

Մեծ անակնկալը՝ դեռ փակագծերում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս տարի ևս նախատեսում է իրականացնել Լանգ Լանգի համերգի մասշտաբին համադրելի մեծածավալ ծրագիր։ Սակայն նախաձեռնության մանրամասները դեռ չեն հրապարակվում։

Նվագախմբի ներկայացուցիչները նշեցին, որ ծրագրի վերաբերյալ փակագծերը կբացվեն ավելի ուշ։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE