11:18 9 սեպտեմբերի, 2026Նախորդ տարի մեծ էկրաններ բարձրացած «ֆուլ Հաուս. վայրէջք» ֆիլմով թիմը չի սահմանափակվի: «ֆուլ Հաուսը» կունենա նաև երկրորդ մաս, այս մասին երեկ՝ «Ֆուլ Հաուս» ներկայացման բեմից հայտնեց պրոդյուսեր և դերասան Արմեն Պետրոսյանը: Նա հավելեց, որ նոր ֆիլմում հանդես կգան նաև ներկայացումից հարգելի պատճառներով բացակայող գործընկերները՝ Քրիստինա Եղոյանն ու Գոռ Հակոբյանը:
Եղոյանը Միացյալ Նահանգներում էր և չի կարողացել մասնակցել ներկայացմանը, իսկ Գոռը բացակայում էր ավագ որդու՝ Ֆելիքսի առողջական խնդիրների պատճառով: Հակոբյանին, սակայն, «Ֆուլ Հաուսի» իր սիրված կերպարով հանդիսատեսը կտեսնի էկրանային տարբերակով:
Դերասանն այժմ ընտանիքով Գերմանիայում է, որտեղ նրա որդին ստանում է բուժումը: Գոռի ընկերները ուրախությամբ նշեցին, որ Ֆելիքսը բարեհաջող վիրահատվել է և շարունակում է իր ապաքինումը:
Ինչ վերաբերում է «Ֆուլ Հաուս» ներկայացմանը, հոկտեմբերի 2-ին այն կկայանա Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում: Թիմն այնուհետև կմեկնի եվրոպական շրջագայության:
Սյունե Առաքելյան