Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը

16:41   10 սեպտեմբերի, 2026

«Անցյալի ապագա» միջազգային մշակութային փառատոնի հյուրերն արդեն ժամանում են Հայաստան։ Սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի Victory Park-ում կհանդիպեն 11 երկրների՝ Հայաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լիտվայի, Սերբիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Քաթարի, Հունգարիայի, Ուրուգվայի և Անգլիայի դիզայներներ, արհեստագործ վարպետներ ու մշակույթի ներկայացուցիչներ։ Միջազգային հյուրերը Հայաստանում կմնան մինչև սեպտեմբերի 14-ը։

Փառատոնի կազմակերպիչը «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունն է։ Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և Victory Park-ի համագործակցությամբ ու համաֆինանսավորմամբ։

356cb0d8-b853-4882-8873-a3a6ef13a688.jpeg (175 KB)

«Անցյալի ապագա» նախագիծը նվիրված է ազգային մշակութային ժառանգության պահպանմանը, վերաիմաստավորմանն ու ժամանակակից աշխարհում նորովի ներկայացմանը։ Փառատոնի առանցքում է էթնիկ նորաձևությունը՝ ազգային տարազների, ավանդական զարդանախշերի և հնագույն արհեստների ժամանակակից մեկնաբանություններով։

Երկու օր շարունակ Victory Park-ը կվերածվի մշակույթների հանդիպման մեծ հարթակի։ Փառատոնի ծրագրում ընդգրկված են էթնո-նորաձևության ցուցադրություններ, տարբեր ժողովուրդների ազգային հագուստի ներկայացումներ, «Վարպետների քաղաք», դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդես-վաճառք, վարպետության դասեր, շնորհանդեսներ, ստեղծագործական հանդիպումներ, երաժշտական և թատերական ծրագրեր։

«Անցյալի ապագա» փառատոնը ցույց է տալիս, որ ազգային ժառանգությունը միայն անցյալի հիշողություն չէ։ Այն կենդանի ստեղծագործական աղբյուր է, որը կարող է դառնալ ժամանակակից արվեստի, դիզայնի և նորաձևության զարգացման հիմք։ Նախագիծը մշակութային նոր կամուրջներ է ստեղծում երկրների և ժողովուրդների միջև՝ միավորելով ավանդույթը, ստեղծագործ միտքն ու ապագայի տեսլականը։

Մուտքն ազատ է։ 



© NEWS.am STYLE