Ի՞նչ է թաքնված «Ճերմակ շապիկի» տակ․ Թելման Խաչատրյանի ու Մերի Քոչարյանի հերոսների պատմությունը՝ մեծ էկրանին․ ֆիլմի պրեմիերան, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (ֆոտո)

00:16   11 սեպտեմբերի, 2026

Ի՞նչ պատմություններ են թաքնված ճերմակ շապիկներ կրող մարդկանց ներաշխարհում, հոգում ու հիշողություններում՝ հե՞րքում, կարո՞տ, ցա՞վ… Այս հարցերն է բարձրաձայնել նաև սցենարիստ Անի Մաղաքյանը Monk3-ի «Ճերմակ շապիկ» առաջին գեղարվեստական ֆիլմում։ Հոգեբանական ժանրի ֆիլմի փակ ցուցադրությունը կայացել էր սեպտեմբերի 9-ին՝ «Կինոմոսկվա»-ում, իսկ այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ֆիլմը պաշտոնապես բարձրացավ մեծ էկրաններ։

Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են Թելման Խաչատրյանն ու Մերի Քոչարյանը։

008A0402.JPG (391 KB)

Շվայտ կյանքի սիրահար Մարկը, իր գործած սխալը կոծկելու համար, հայտնվում է հոգեբուժարանում, որտեղ հանդիպում է Սալիին։ Իսկ ինչո՞ւ է այս հանգիստ ու խաղաղ աղջիկը, որը պարզապես փնտրում է իր մորը, հայտնվել հոգեբուժարանում։ Առաջին անգամ Մարկը, մոռանալով սեփական ապրումների մասին, որոշում է օգնել մեկ այլ մարդու և պատասխանատվություն կրել նրա համար։ Սալիի հետ ծանոթությունը փոխում է Մարկին․ նա սկսում է գիտակցել իր գործած սխալներն ու դրանց հետևանքները։ Բայց արդյո՞ք կկարողանա փրկել նաև Սալիին…

Ֆիլմը պահում է հուզական լարվածության մեջ՝ ստիպելով հանդիսատեսին ոչ միայն հետևել հերոսների պատմությանը, այլև զգալ նրանց անձնական դրամաներն ու ներքին պայքարը։

Սցենարի հեղինակ Անի Մաղաքյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց, որ պատմությունը գրելիս չի ունեցել կոնկրետ հերոսների նախատիպ։ Որպես հիմք՝ նա ընդունել է լրատվամիջոցներում լուսաբանված մի ավտովթարի պատմություն և փորձել պատկերացնել, թե ինչպես կարող էր այդ դեպքից հետո փոխվել մարդու կյանքը։

008A0158.JPG (217 KB)

Սցենարիստն ասում է՝ հերոսների վարքագիծը բացահայտելու համար պարզապես փորձել է ներթափանցել մարդկային զգացմունքների ու հոգեբանության խորքերը։ Այդպես են ծնվել Մարկի ու Սալիի զրույցները, ինչպես նաև Մարկի մենախոսությունը։

Իրենք՝ դերասանները, խոստովանում են՝ հեշտ չի եղել հոգեբանական բարդ գծեր ունեցող հերոսների մարմնավորումը։

«Ճերմակ շապիկը» Մերի Քոչարյանի ու Թելման Խաչատրյանի կյանքում առաջին գեղարվեստական ֆիլմն է։ Մերին ցուցադրության ընթացքում հուզված էր, լարված, բայց միևնույն ժամանակ՝ ոգևորված։

008A0315.JPG (246 KB)

«Ուզում եմ նշել, որ յուրաքանչյուրս մեծ ու բարդագույն աշխատանք ենք կատարել։ Կարծում եմ՝ սցենարը շատ հետաքրքիր էր ու տարբերվող, և նաև կարծում եմ՝ նոր որակ ենք բերել հայկական կինոարտադրության մեջ»,- լրագրողների հետ զրույցում նշեց նա։

Թելման Խաչատրյանը դժվարացավ վերհիշել, թե որոնք էին իր համար ամենաբարդ տեսարանները, քանի որ ֆիլմի ընթացքում իր հերոսն անցնում է դժվար ճանապարհով՝ բազմաթիվ բացահայտումների ու ապրումների միջով։ Այդուհանդերձ, դերասանը, թերևս, առանձնացրեց Մարկի երկխոսությունը հոր հետ։

«Իրականում ցանկացած կերպար ունենում է իր բարդությունները, և ցանկացած կերպար մարմնավորելիս էլ հանդիպում ես դժվարությունների»,- ամփոփեց Թելմանը։

008A0304.JPG (241 KB)

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Կարո Նաղդալյանն է, բեմադրող ռեժիսորը Պետրոս Հովհաննիսյանը, բեմադրող օպերատոր՝ Ֆելիքս Շախտոյան։ Դերերում հանդես են գալիս նաև Բաբկեն Չոբանյանը, Արամ Կարախանյանը, Նարինե Պետրոսյանը, Մարիամ Ալեքսանյանը, Մինաս Ասրյանը, Տաթևիկ Մելքոնյանը,Կարինե Ծատուրյանը և հեռուստադիտողին ծանոթ այլ դեմքեր։ 

«Ճերմակ շապիկը» պարզապես երկու մարդկանց հանդիպման մասին պատմություն չէ։ Այն մարդկային սխալների, պատասխանատվության, կորստի ու փրկության մասին է՝ այն սահմանների, որտեղ երբեմն ուրիշին հասկանալու փորձը դառնում է սեփական անձի հետ առերեսվելու ճանապարհ։ Իսկ գուցե հենց այդ ճերմակ շապիկների տակ են թաքնված ամենածանր պատմությունները՝ այնպիսիք, որոնք առաջին հայացքից չեն երևում, բայց երկար ժամանակ շարունակում են ապրել մարդու ներսում։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE