Որո՞նք են կնոջ պայուսակի ամենաանհրաժեշտ պարագաները

16:10   8 մարտի, 2014

Նկատե՞լ եք, թե որքան անպետք իր եք ամեն օր տանում եւ բերում ձեզ հետ ձեր պայուսակում: Ձեր սիրելի պայուսակն, անշուշտ, նման ծանրաբեռնվածության երկար չի դիմանա, ուստի պետք է արագ ազատվել ավելորդ իրերից: Եվ այսպես, ի՞նչ պետք է ժամանակակից աղջիկն ունենա իր պայուսակում, կամ որո՞նք են ամենանհրաժեշտ պարագաները՝ առանց որոնց մեկ քայլ անգամ չի կարելի անել:


Բջջային հեռախոսը, թերեւս կարեւոր է, սակայն շատ աղջիկներ նախընտրում են դա պահել ձեռքում կամ բաճկոնի/տաբատի գրպանում: Սակայն ավելի լավ է՝ դրա համար պայուսակի մի անկյունում տեղ պահել:

Կոսմետիկ միջոցները անհրաժեշտություն են յուրաքանչյուր աղջկա համար, բայց ոչ երբեք այն քանակությամբ, որ ամբողջ պայուսակը միայն դրանցով լցված լինի: Վերցրեք ձեզ հետ ամենաանհրաժեշտ միջոցները: Դա կարող է լինել հայելիով դիմափոշին, աչքի մատիտը եւ, ամենակարեւորը, շրթներկը: Հավատացեք, առօրյայում ուրիշ ոչ մի բան ստիպված չեք լինում շտկել դիմահարդարման մեջ այդքան հաճախ, որքան շրթներկը:


Դրամապանակի մասին, կարծում եմ, ավելորդ է նշել, իսկ, ահա, օծանելիքը պետք է խելամտորեն ընտրել: Պետք չէ մեծ տուփով օծանելիքն ամեն օր քարշ տալ պայուսակի մեջ, մանավանդ, որ այն երբեմն թափվելու հատկություն ունի: Եթե չեք կարողանում առանց ձեր սիրելի բույրի, ապա ընտրեք նույն օծանելիքի փոքր չափսը՝ հատուկ պայուսակում պահելու համար:

Շնչառությունը թարմացնելու համար անանուխով մաստակը կամ կոնֆետը նույնպես պետք է ունենալ պայուսակում:


Պայուսակի մի անկյունում փոքրիկ մազակալ կամ ամրակ պահեք, որպեսզի ցանկացած պահի կարողանաք հավաքել վարսերը եւ, իհարկե, փոքրիկ սանր՝ դարձյալ վարսերը հարդարելու համար:

Չմոռանաք հիգիենայի պարագաների մասին. դրանք առանձնահատուկ տեղ պետք է զբաղեցնեն յուրաքանչյուր կնոջ պայուսակում:

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE